Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Ռուբեն աբեղա Զարգարյան. «Առաքելական եկեղեցու անդամ համարում է իրեն մեր հասարակության մեծագույն մասը, բայց նրանցից ոչ քչերն ընդամենը եկեղեցի եկող, մոմ վառող են». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 10,2014 12:46

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ արդարադատության նախարարության միջեւ վերջերս պայմանագիր է կնքվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հոգեւոր ծառայության վերաբերյալ: Այս մասին է  հարցազրույցը հիշյալ ծառայության առաջնորդ տեր ՌՈՒԲԵՆ աբեղա ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

   -Ո՞րն է ձեր ամենամեծ խնդիրը:

-Մենք այնտեղ ի՞նչ ենք անում. փորձում ենք մարդուն բերել այնպիսի վիճակի, որ ինքը հասկանա իր արարքի ահավորությունը եւ փորձի նաեւ իր արժանապատվությունը վերականգնել, որպես մարդ ոտքի կանգնել: Միշտ այս օրինակն եմ բերում` մարդը երբ քայլում է փողոցում, կարող է սայթաքել, բայց դրանից հետո ինչ է անում. փորձում է վեր կենալ, եթե չի էլ կարողանում վեր կենալ, մեկի օգնությանն է դիմում, գալիս են, ձեռքը պարզում ու բարձրացնում:

Սակայն դատապարտյալների մոտ մի խնդիր կա, ինչի հետեւանքով նրանք փողոցում սայթաքած մարդու նման չեն վարվում: Երբ պատժի անխուսափելիությունը չի գործում երկրում, նույն արարքի համար մեկը կարող է պատժվել, մյուսը` չպատժվել կամ պատժվել համեմատաբար սակավ չափով, սա արդեն խնդիր, դժգոհություն, բողոք, ըմբոստություն է առաջացնում շատ դատապարտյալների մոտ:

Հաջորդ խնդիրը հավատքի հետ է կապված: Ինչպես հասարակության, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների հավատքի առումով շատ աշխատելու տեղ ունենք, որ հոգեւոր հասունության հասնեն: Դրա համար ենք ասում, որ Սուրբ Գիրք կարդալը շատ կարեւոր է իրենց համար, իսկ իրենք այդ ժամանակն ունեն, ով այն կարդաց եւ փորձեց ապրել նրանով, երբեք չի կարող վերադառնալ, չի վերադառնա այնտեղ:

Մյուս հարցն էլ այն է, որ մենք պետք է աշխատանքի, ստեղծագործելու հնարավորություն տանք իրենց: Ստեղծագործող մարդը շատ հարցեր իր մեջ լուծում է` իրեն վերականգնելու իմաստով, ստեղծագործող մարդն ազատության ընկալման սրբագրում է անում իր կյանքում, որովհետեւ ազատության սխալ ընկալմամբ ինքը հայտնվել է այնտեղ, սրբագրմամբ ձգտում է այդ հոգեւոր կապանքներից իր հոգում ազատվել: Եթե մարդն իր հոգեւոր կապանքներից ազատվեց, դրսում նա խնդիր չի ունենա:

Մի առիթով տեղեկացրի, որ մեզ հետ կապ ունեցող 100 դատապարտյալներից երկուսն են վերադարձել քրեակատարողական հիմնարկ: Աշխատելու դեպքում շատ մեծ օգտակարություն կունենանք, բայց խոսքս միայն հոգեւորականներին չի վերաբերում: Մեր հասարակության այսօրվա սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը մեծապես պայմանավորում է քրեակատարողական հիմնարկների չափերը եւ հանցագործությունների բնույթը:

   -Դատապարտյալների եւ կալանավորների մի մասն իրեն համարում է Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք ճաղերի հետեւում նրանց հայտնվելու փաստը:

-Առաքելական եկեղեցու անդամ համարում է իրեն մեր հասարակության մեծագույն մասը, բայց նրանցից ոչ քչերն ընդամենը եկեղեցի եկող, մոմ վառող են, այդ ժառանգության լիարժեք կրողը չեն, քրիստոնեական ժառանգությունը կրելու դեպքում հավանականությունը շատ փոքր է, որ մարդիկ կհայտնվեն անազատության պայմաններում: Հանուն ճշմարտության, պետք է ասենք, որ մենք հիվանդ հասարակություն ունենք, եւ քրեակատարողական հիմնարկներում այդ հիվանդության խտացված պատկերն է:

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    Իսկ Դուք մտածեք, թե ինչու է այդպես:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031