Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 «Այլեւս կարիք չկա, որ տղամարդը գնա անտառ, մամոնտ սպանի»

Դեկտեմբեր 10,2014 12:37

Վերջին երեք տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ բռնության ենթարկված միայն մեկ տղամարդ է դիմել, մինչդեռ ամեն օր, երեխան գրկին, Մարդու իրավունքների գրասենյակ են դիմում ամուսնու, սկեսուր-սկեսրայրի կողմից հոգեբանական ու ֆիզիկական բռնության ենթարկված կանայք: Այսօր այս մասին «Էրեբունի պլազա» հյուրանոցում կազմակերպված «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը: Միջոցառումը կազմակերպել էր Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը՝

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

Աննա Սաֆարյանի տվյալներով, 2014 թվականին մեր երկրում տեղի է ունեցել 1501 բռնության դեպք, որից 570-ը ընտանեկան բռնության դեպքեր են: Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում 11 կին մահացել է:
Աննա Սաֆարյանը համոզված է, որ ընտանեկան բռնության բարձր ցուցանիշը մեր երկրում պայմանավորված է հասարակությունում առկա կարծրատիպերով եւ ընտանեկան բռնության մասին համապարփակ օրենքի բացակայությամբ:

Շատ հաճախ, երբ բռնության ենթարկված կինը դիմում է ոստիկանություն, նրան հենց իրավապահներն են համոզում, որ դիմումը հետ վերցնել, «լեզու գտնել» ապրել, ինչը, սակայն հանգեցնում են ավելի դժբախտ դեպքերի:
Աննա Սաֆարյանի խոսքերով, պատճառներից մեկն էլ այն է, որ հասարակությունը հանդուրժողականություն է ցուցաբերում բռնության նկատմամբ, աշխատում է չխառնվել ուրիշի ընտանիքի ներքին հարցերին եւ այդ մտածելակերպը, նույնպես, բերում է ողբերգական դեպքերի ավելացմանը: Ըստ նրա, որոշ դեպքերում էլ կանայք են թույլ տալիս, որ իրենց նկատմամբ բռնություն կատարվի. «Կինը պետք է հասկանա, որ առաջին ապտակից հետո պետք է դիմի սոցիալական ծառայություններին: Բռնության զոհ կանայք հիմնականում ֆինանսապես կախված են իրենց ամուսիններից եւ խուսափում են ոստիկանություն դիմել»: Իսկ այն կանայք էլ, որոնք ռիսկի են գնում եւ դիմում իրավապահներին, ապա նրանցից շատերը ստիպված են լինում դիմումը հետ վերցնել, քանի որ գնալու տեղ չեն ունենում:

Տիկին Սաֆարյանն այս առումով խնդիր է համարում պետական մակարդակով ապաստարան չունենալը. «Այդ կանայք չգիտեն ուր գնան, որ պաշտպանված լինեն, այդ բեռն իրենց վրա հասարակական կազմակերպություններն են վերցրել: Այդ կանայք շատ ճնշված վիճակում են լինում, նրանց հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ, սակայն այսօր, չենք կարող ասել, որ այդ ծառայությունները գործում են»:

Քննարկմանը ներկա Հայաստանում Լիտվայի դեսպանի խորհրդական Դովիլե Սուրվիլայտեի խոսքերով, այս կամ այն երկրում մարդու իրավունքների իրավիճակի, գենդերային հավասարության համար լավագույն ինդիկատոր է հանդիսանում, թե խորհրդարանում քանի կին պատգամավոր կա. «Պառլամենտն այն վայրն է, որտեղ ընդունվում են երկրի համար կարեւոր որոշումները»:

Դովիլե Սուրվիլայտեի ներկայացմամբ, շատ երկրներում կարեւոր պաշտոններում միայն տղամարդիկ են եւ միայն կրթության նախարարի պորտֆելում է, սովորաբար, կին լինում, մինչդեռ, ըստ նրա, Լիտվայում, կանայք «կոշտ» նախարարություններում են պաշտոններ զբաղեցնում: Դեսպանի խորհրդականի տվյալներով, Լիտվայի խորհրդարանում կանայք 24,7 տոկոս են կազմում, սակայն տեղական ընտրություններում 60 պաշտոններից միայն
6-ն ընտրվել: Տիկին Սուրվիլայտեն կարծում է, որ երբ հասարակությունը զարգանում է եւ դառնում է ավելի հարուստ, կանայք եւ տղամարդիկ դադարում են մտածել գոյատեւման մասին, եւ այլեւս կարիք չկա, որ տղամարդը գնա անտառ մամոնտ սպանի, այլ ամբողջ աշխատանքները լինելու են թվային տեխնոլոգիաներով եւ հնարավորինս հեշտ եւ այդ պարագայում պետք է լինի գենդերային հավասարություն. «Կառավարության, հասարակության առջեւ բոլորս հավասար ենք, շատ մարդիկ կարծում են, որ ավանդույթները չպետք է անտեսվեն, այո, համամիտ եմ, բայց ավանդույթները չպետք է կանգնեցնեն առաջընթացը դրանք պետք է զուգակցվեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031