Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե այսօր քաղբանտարկյալների վիճակը, այդ գործերն ինչպես է գնահատում. «Այն, որ քաղբանտարկյալ են, հայտարարել են Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը եւ այլք, Դուք ուսումնասիրություն արել եք, թե՞ ոչ»:
Արման Թաթոյանը պատասխանեց, որ չի կարող գնահատական տալ, քանի որ Հայաստանում քաղբանտարկյալ լինելու հետ կապված չկա իրավական որոշում:
Զարուհի Փոստանջյանը նաեւ հարցրեց՝ «մեր նախկին գործընկերներին, ովքեր պատգամավոր էին, գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրանց անձեռնմխելիությունից զրկելու, հետագայում նրանց կալանավորեցին: Կարո՞ղ եք գնահատական տալ՝ դրա վերաբերյալ:
Արման Թաթոյանն ասաց, որ խնդրին ծանոթ չէ, դրան չի տիրապետում:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը հստակեցեց հարցը՝ դուք ի՞նչ եք անում, երբ մարդիկ կան, որ հայտարարում են, որ իրենք քաղբանտարկյալ են: Ի՞նչ եք անում՝ որպես արդարադատության նախարարության ներկայացուցիչ:
Արման Թաթոյանն ասաց, որ չունի համապատասխան փաստաթղթեր, որտեղ որակավորում կա, թե քաղբանտարկյալ կան. «Ճիշտ չի լինի,որ հիմա ես գնահատական տամ: Երբ գնահատականներ լինեն, Եվրոպական դատարանի կողմից դա կլինի թե այլ մարմնի, այդ ժամանակ կոնկրետ անձի դեպքում հնարավոր է փոփոխություններ լինեն: Ինչ վերաբերում է ընդհանրապես մտահոգիչ խնդիրներին, եթե կան առաջարկներ օրենսդրությունը փոխելու, որ անձի իրավունքները չոտնահարվեն, մենք պատրաստ ենք նստել քննարկել եւ հասկանանք, թե ինչպես անենք, որ անձի իրավունքները երաշխավորող դրույթները կատարելագործենք»:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ հարցրեց՝ եվրոդատարաններ վճիռների կատարման առումով ՀՀ-ն առաջին տեղերում է գտնվում, Գրիշա Վիրաբյանի եւ այլ գործերով ՄԻԵԴ-ն արձանագրել է մարդու իրավունքների խախտում: Գրիշա Վիրաբյանի գործով կոնկրետ մարդկանց անուններ են նշված, որոնց քաղաքական հայացքների համար նրանց նկատմամբ բռնություններ են կիրառել: Այդ մարդիկ մինչեւ հիմա պաշտոնավարում են, ի՞նչ է արվում, որ կանխարգելվի այդ մարդկանց կողմից հերթական խախտումը»:
Արման Թաթոյանն ասաց, որ եվրոպական դատարանը միայն դատավարական բաղադրիչով է խախտումը ճանաչել եւ նշել, որ փոխհատուցում պետք է տա պետությունը:
Արտակ Զեյնալյանը չհամաձայնեց՝ ասելով, որ Եվրոդատարանի որոշումներում թափանցիկ ակնարկ արվում է այդ մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ