ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկու և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հրավերներով` 2014 թ. դեկտեմբերի 7-9-ը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մարդը, մշակույթը և աշխարհը» խորագրով միջազգային մշակութային համաժողովին, Պետական Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի, ինչպես նաև Միխայիլ Պիոտրովսկու ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին:
«Մարդը, մշակույթը և աշխարհը» խորագրով միջազգային համաժողովի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին, Ալեքսանդրյան պալատում, որին մասնակցել է 40 երկրի՝ 6800 պատվիրակ, այդ թվում՝ տարբեր երկրների մշակույթի նախարարներ, քաղաքապետեր, մշակութային հիմնադրամների և կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ և փորձագետներ: Համաժողովին ներկա էին ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, ՌԴ-ում «Մշակույթի տարվա» կազմկոմիտեի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ վարչապետի տեղակալ Օլգա Գոլոդեցը, ՌԴ Նախագահի խորհրդական Վրադիմիր Տոլստոյը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
Համաժողովն անցկացվում էր 14 սեկցիայով, այդ թվում՝ «Մշակութային քաղաքականություն», «Թատրոն», «Թանգարանները և երկրագիտությունը», «Լեզուն և գրականությունը», «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը»: Վերջինիս մասնակցում էր ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Դեկտեմբերի 7-ին, Պետական Էրմիտաժի Հորդանանյան սրահում՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է նաև Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակի հոբելյանական հանդիսությանը, որի ժամանակ հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները:
Համաժողովի շրջանակում՝ դեկտեմբերի 8-ին, Սանկտ-Պետերբուրգի Ֆաբերժե թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը և ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին ստորագրել են «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2015 թ. մշակութային համագործակցության մասին» աշխատանային ծրագիրը, որը ներառում է 2015 թ. Ռուսաստանում և Հայաստանում իրականացվող թանգարանային հիմնական նախագծերը, ինչպես նաև երաժշտարվեստի, թատերարվեստի և կինոյի ոլորտներում իրականացվելիք համատեղ ծրագրերը:
Նույն օրը, Էրմիտաժում՝ նախարար Հ. Պողոսյանին և համաժողովի մասնակից մյուս երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՌԴ Նախագահ Վ. Պուտինը:
Համաժողովի փակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, Մարիինյան թատրոնում, որն ավարտվել է «Ապոլլոն» բալետի ցուցադրությունով:
Սանկտ-Պետերբուրգ գործուղման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է Էրմիտաժի հարակից հրապարակում կազմակերպված՝ Էրմիտաժի պատմությանը նվիրված 3D բեմականացված ցուցադրությանը, այցելել Ֆաբերժեի թանգարան, Մարիինյան թատրոնում ունկնդրել է՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Կ. Դուրգարյանի ղեկավարած «Բելա» օպերային ներկայացման համերգային կատարումը:
ՀՀ մշակույթի նախարարություն