Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը քննարկում է դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ հաջորդ նստաշրջանի ավարտը երկարացնելու մասին հարցը։ Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը։ «Հնարավոր է, չի բացառվում, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացնենք»,- ասաց նա։
Ձեւավորված 4 ենթահանձնաժողովներից 3-ը, որոնք զբաղվում են գազի պարտքի ձեւավորման, ստուգաչափերի, ջերմատվության, գազի որակի ուսումնասիրություններով, ավարտին են հասցրել իրենց աշխատանքները, իսկ զազի սակագնի ձեւավորման, «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասերի վաճառքի եւ այլընտրանքային էներգիա ներկրելու հարցերով զբաղվող խմբերը աշխատանքները չեն ավարտել։
«Մեր աշխատանքի արդյունքում ստացել ենք 5-ից 6000 էջ նյութ։ Դե պատկերացրեք՝ ինչքան ենք ուսումնասիրել։ Հարցեր կան, որոնք պատրաստ են, կարող ենք զեկուցել, բայց կան նաեւ հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է աշխատանքներ տարվեն։ Այո, կա 4 հարց, որոնց հետ կապված ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ՝ դա բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքն է, գազի այլընտրանքային ներկրումը Հայաստան եւ գազի սակագնի ձեւավորման հարցը։ Այո, ամենաբարդ հարցերն են, որի հետ կապված աշխատանքներ կան»,- ասաց Վարդան Այվազյանը։
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում