Չգիտեմ ինչու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը կարևորվում այսպես…և արդյո՞ք իսկապես կարևորվում է, թե պարզապես թիվն է հնչեղ՝ ինչ որ փուլ եզրափակող, ինչ որ անհրաժեշտ գիտակցության մակարդակի հրավիրող…Անցնող տարիների քանա՞կն է մեծ, ցա՞վն է ավելի խորը, թե սա պարզապես ներքին մղում է հաշվի նստելու մեր արածի ու չարածի հետ…Կամ գուցե շատերը պարտականությո՞ւն են համարում ինչ որ բան անելը, որպեսզի հանկարծ՝ հարցին, թե «դո՞ւք ինչպես եք նշելու հարյուր ամյակը», չասեն՝ ոչնչով:
Գրում եմ ինքս ինձ հետ զրուցելով, անկեղծ, բաց, առանց ավելորդ ձևականության, առանց որևէ անհատի, կազմակերպության կամ կուսակցության հաշիվ տալու պարտավորվածության: Գրում եմ որպես մարդ, հայ՝ ով չի նախընտրում ցավակցել, ով չի նախընտրում հազար անգամ տրորված մտքեր ու աֆորիզմներ ասել, ով չի՛ ցանկանում ընդունվածն ընդունել, չընդունվածն անտեսել, ծափահարել ու գովասանքի խոսքեր ասել նախատեսվող այս կամ այն համերգ-միջոցառում-դրամահավաքի առիթով, ով հոգնել է իր հարյուրամյա ցավի ճակատը պսակելով խեղճուկրակությամբ, ով ատում է պարտությունը և ով հաղթանակ է համարում միայն այն հաղթանակը, որը գիտակցված է ու անքննարկելի:
Գրում եմ, ասելու համար այն ինչ մտածում եմ, երբ օրինակ սփյուռքահայ մի ընկեր ինձ պատմում է, թե հենց այս օրերին, ինչպիսի՜ դժվար միջոցներով են այս կամ այն մեծահարուստ հայից դրամ հավաքում Ամերիկայում, նշելու համար ցեղասպանության հարյուրամյակն իրենց համայնքում՝ փողոցներում քայլերթ կազմակերպելու, եկեղեցու սրահում՝ համերգ, դպրոցում՝ ջարդի տեսարաններ, ինչ որ հուշակոթողի մոտ՝ աղոթք և նման խեղճուկ, ամոթալի ու կրկնվող միջոցառումների շարք ապահովելու համար, որոնց համար կարծես թե հերիք չէ, որ հազար խնդրանքով ու գրեթե զոռով են դրամ հայթայթում, այլև ամբողջ հոգով հավատում են, որ դա ինքնին մի ահռելի աշխատանք է, և որ տարված աշխատանքն այնքան կարևոր է, որ կարելի է համարել լուրջ զոհողություն՝ հանուն հարյուրամյակի, որովհետև մարդիկ սեփական բիզնեսն ու գրասենյակային ժամերը խախտած, «գործ են անում» ու վկա տվյալ համայնքի կամ կուսակցության անդամները՝ նվիրյալներ են ու մեծատառով հայեր: Ասելու համար այն ինչ մտածում եմ, պիտի ասեմ ամոթ մեզ, որ մինչ օրս չենք կարողանում եկեղեցու բակից, սրահից, հուշակոթողի պատվանդանից ու մոմավառությունից այն կողմ անցնել…Չենք կարողանում աշխարհի բոլոր հայերով հավաքվել և օրինակ, թեկուզ մեկ համաշխարհային տարողության ֆիլմ ստեղծել, որն ասելիք կունենա, որը կստիպի դիտողին ոչ թե ցավակցել ու ողբալ, այլ հարգել մեր ժողովրդին, հարգել մեզ ու մեր մշակույթը և յուրաքանչյուր հայ մարդու՝ որն այդ պատմության կրողն է…
Գրում եմ, ասելու համար, այն ինչ մտածում եմ, ապրելով մեր երկրում, որը ներսից բաժանված է անհաշվելի մասերի…Որի բնակիչների մեծ մասը երազում է “Green card” ստանալու կամ շահելու մասին, համարելով, որ կարտն այդ տիեզերքի բնակիչներին տրված ամենամեծ առավելությունն է, և որ առանց այդ կարտի, հազիվ թե մարդն ապահովություն բառի իմաստը կարողանա հասկանալ…«Ծերությո՜ւն կա, բա՜ն կա…» իսկ հետաքրքիր է՝ բացի ապահով ապրելու մասին երազելուց, այլ բան երազո՞ւմ ենք մենք՝ հայերս…Ասենք թե՝ ապահով չենք ապրում…հետո՞…իսկ ո՞վ ասաց, որ կյանքի միակ նպատակը ապահով ապրելը պետք է լինի, իսկ ո՞վ ասաց, որ միայն նյութական ապահովություն ունեցող մարդն է երջանիկ…Ո՞վ ասաց…Ո՞վ մտցրեց մեր ուղեղներում այդ նյութապաշտությունը, ո՞վ մտցրեց մեր հայացքի մեջ հարուստներին քծնանքով նայելու սովորությունը, ո՞վ ասաց, որ բարեգործներն ու նվիրատուները պետք է նստեն դահլիճների լավագույն շարքերում, իրենց ետևում թողնելով ուսուցիչներին, բանաստեղծներին ու գիտնականներին…Ո՞վ ասաց, որ նվիրատվություն անողների անունները պետք է մեր դրոշից բարձր ծածանվեն ամենուր և ո՞վ ասաց, որ ոչ թե պատվով ապրելն է երջանիկ ու ապահով ապրելու գրավականը, այլ փո՜ղը…լավ մեքենա՜ն, թանկ շորն ու կոշի՜կը, Դուբայում նշված Արմենչիկյան նոր տարի՜ն կամ Լոս Անջելեսյան հարսանիքը, որտեղ հայկական սեղաններին նախուտեստների ափսեները ոչ թե հորիզոնական են դրվում իրար կողք կողքի, այլ ուղղահայաց՝ աշտարակի նման՝ շարված իրար վրա, և ում «աշտարակն է բարձր», այդ հարսանեկան արարողությունն է ավելի «երջանկաբեր ու պատվական»…
Կարդացեք նաև
Ո՞վ ասաց, որ մեր երկրում, երբ արդարության, կրթության, մշակույթի ու բարոյականության ահռելի անկում է գրանցվում, մենք դրանից պետք է փախչենք ինչպես առնետներն են փախչում թույնից…Ո՞վ մեզ իրավունք տվեց այդքան անողորմ լինել սեփական հայրենիքի հանդեպ, այդքան անտաղանդ խոսել մեր լեզվով, Այբ-ը՝ ա-ի վերածած շարունակել մոռացության տալ մեր իսկ այբուբենի անունները, հետո պահանջել օտարից հարգել մեզ…Ո՞վ ասաց, որ Հայոց մայրաքաղաք Երևանը՝ գլոբալիզացիայի մայրաքաղաք դարձնելու մեջ է մեր փրկությունը և որ ինչքան օտարալեզու լինեն մեր գովազդավահանակները, այնքան աշխարհին երևելի կլինենք մենք՝ մեր «ցիա», «ցիոն», «շըն», «օուն» և այլ վերջավորություններով ավարտվող ընկերությունների անուններով, կամ, մեր երեխաներին անպայմանորեն իտալական, ամերիկյան, ֆրանսիական և չգիտեմինչյան անուններ տալով, որպեսզի նրանք հանկարծ չամաչե՜ն իրենց հայկական անունից, որպեսզի հպարտորեն կարողանան քայլել եվրոպաներում, ամերիկաներում կամ ռուսաստաններում, ուր հայը բանի պետք չէ, ուր Ստեֆանին, Միրելը, Սոֆին, Անդրեան ու Ալֆրեդն են անցնում Վահագնի, Արեգի, Հայկի ու Անահիտի փոխարեն, ցավոք սրտի ո՛չ մեր և առավել ևս ո՛չ էլ օտար մայթերի վրա որևէ լուրջ հետք չթողնելով…
Ո՞վ ասաց, որ իրավունք ունենք հարյուրամյակներով սպասել աներևույթ մեկին, ով մեր փոխարեն պետք է երկիր ու պետություն կառուցի, ձմեռ պապիկի շորերով գա, լիքը տոպրակը ձեռքին, մեզ՝ մեր երազները նվիրելո՛ւ համար, որն իրականում վաստակե՛լ է պետք, որը պատվով ապրող ժողովուրդները ձե՛ռք են բերում, և երբե՛ք չեն կախում իրենց գլուխները դժգոհության ծանր բեռի տակ, այլ մտածում են ու լո՜ւրջ են մտածում ոչ միայն սեփակա՛ն բիզնեսի, սեփակա՛ն եկամտի, սեփակա՛ն հաջողության ու սեփակա՛ն փառքի մասին, այլ յուրաքանչյուրի՛, ով մեծ ազգի ու մեծ ժողովրդի անդամն է, ով ի՛մն է, քո՛նն է և մեզնից յուրաքանչյուրինը :
Մինչև չդադարենք կյանքը՝ էժանագին քեֆի կամ էժանագին ողբի վերածել, մինչև չքարկոծենք բոլոր նրանց, ովքեր հազարներ են ծախսում իրենց թուրքական ականջը կլկլոցով լցնելու համար, մինչև չարգելենք լուրջ դահլիճներ տրամադրել ռեստորանային քստմնելի «երաժշտությանը», մինչև չսկսենք ընթերցել ինքներս մեզ՝ մեր գրողներին ու փիլիսոփաներին, մեր գիտնականներին ու մտավորականներին, մինչև մեր երաժշտությունը չլսենք, և մինչև թեթև շոուի ու էժանագին կատակերգության մակարդակից վեր չհանենք մեր թատրոնը, մինչև չանջատենք այն հեռուստակայանը որն ամեն օր զբաղված է մեր իսկ մշակույթը մորթելով, մինչև չթարգմանենք մեր մեծերին, մինչև չհովանավորենք մեր երիտասարդ տաղանդներին, մինչև մեր հոգու ու մտքի մեջ չհարգենք ինքներս մեզ ու ամեն ինչից առաջ մեր Մշակույթը, հազարամյակներ էլ որ անցնեն, նույն խեղճուկրակ պահանջատերն ենք մնալու, նույն քմծիծաղ առաջացնող մշակութային քաղաքականությամբ և ընդհանրապես՝ նույն անլուծելի խնդիրներով ու ցավերով, որոնց համար ցավակցող անգամ չենք գտնելու:
Հաջորդ հարյուրամյակը նշելու համար, մենք և մեր երեխաներն այլևս չենք լինի…Չենք լինի, որովհետև հավերժ չի տրվում մեզ ապրելու իրավունքը…Սակայն շատ եմ ցանկանում, որ հաջորդ՝ հարյուրամյակին ընդառաջ, մենք այսօր այնպե՛ս ապրենք, որ (երկար կյանք բոլորիս) տարիներ անց, մենք՝ մեր սրբազան հայրենիքի հողի տակից, մեր հետնորդներն էլ հողի վրայից, վերևից ու ներքևից այնպե՛ս պահենք մեր հողը, որ այլևս ոչ ոքից պահանջելու բան չունենանք ՄԵԶՆԻՑ ԲԱՑԻ:
Նուշիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խոսքեր չկան Սիրելի Նուշիկ Միքայելյան: Ձեր յուրաքանչյուր գրածը մեծ անակնկալի առաջ է կանգնեցնում ինձ, որովհետև վաղուց կարոտ ենք մատը վերքի վրա դնող խոսք լսել, այն էլ այսպիսի մակարդակով գրված: Շնորհակալություն Ձեզ:
Հրաշալի է ներկայացված Հայաստան աշխարհը՝ իր բոլոր վերքերով ու ցավերով, թերություններով ու բացերով, նաև տրված է ուղեցույց՝ ավելի լավ Հայաստան ունենալու 🙂 Կեցցե՜ հեղինակը: