Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի 80 տոկոսի տեսանկյունից շատ ավելի լավ է, որ «Ժառանգությունը» դուրս գա եռյակից. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 10,2014 11:50

«Ժառանգության» դեկտեմբերի 5-ի ձախողված (մասնակիցների քանակը նկատի ունենք) հանրահավաքից հետո այդ կուսակցության ներկայացուցիչները տեսակետներ են հնչեցնում, թե ցավոք՝ եռյակը միասնական օրակարգ չունի, եւ իրենք, իբր, աշխատում են այդ ուղղությամբ։ Սա փոքր-ինչ տարօրինակ է, որովհետեւ «եռյակը միասնական օրակարգ չունի» թեզն իշխանությունների քարոզչության առանցքն է, եւ ամիսներ շարունակ հենց իշխանական քարոզչամիջոցներն են փորձում հասարակական գիտակցության մեջ արմատավորել այո թեզը։ Ընդ որում՝ դա նրանց առանձնապես չի հաջողվում։ Այն պարզ պատճառով, որ գոնե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «միասնական օրակարգ» հաստատ ունեն եւ հրապարակել են դա։

Վերջին հաշվով ի՞նչ է նշանակում «միասնական օրակարգ»։ Դա համատեղ գործողությունների վերջնական նպատակի հստակեցումն է եւ դրան հասնելու քայլերի համակարգումը։ Եռյակի վերջին հանրահավաքում պարզ ասվեց եւ դրանից հետո էլ մի քանի անգամ վերահաստատվեց՝ նպատակը համաժողովրդական շարժման ալիքի հզորացման միջոցով արտահերթ ընտրություններ անցկացնելն ու իշխանափոխության հասնելն է, այդ նպատակով մարզային կառույցներ են ստեղծվում, իսկ կոնկրետ քայլերի (մարտավարության) վերաբերյալ փակագծեր բացելը նպատակահարմար չէ՝ այն պարզ պատճառով, որ իշխանությունները կարող են օգտվել դրանից եւ հակաքայլեր մշակել։

Միասնական օրակարգը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Չէ, կարելի է, իհարկե, դրա փոխարեն որպես միասնական օրակարգ հաստատել, ասենք, միասին սարեր շարժելը կամ կասեցնելն «իշխումն խավարի», բայց այդ «օրակարգը», համաձայնվեք, ոչնչով ավելի լավը չի լինի։ Եվ ընդհանրապես՝ ցանկացած դեպքում «միասնական օրակարգը» բացառված է, եթե մասնակիցներից մեկն իբ առջեւ խնդիր է դրել բացառել դա։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են, որ Հայաստանում փոփոխություններ լինեն , այսինքն` ժողովրդի առնվազն 80 տոկոսը), միասնական օրակարգը լավ բան է, իսկ դրա բացակայությունը՝ վատ բան։ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարծես թե ունեն այդ միասնական օրակարգը եւ լավ-վատ՝ աշխատում են դրա իրականացման ուղղությամբ։

Բայց փաստորեն ստացվում է, որ եթե «Ժառանգությունը» եռյակում է՝ միասնական օրակարգ չկա, եթե «Ժառանգությունը» դուրս է գալիս եռյակից՝ միասնական օրակարգ կա։ Այսինքն` ժողովրդի 80 տոկոսի տեսանկյունից շատ ավելի լավ է, որ այդ ուժը դուրս գա եռյակից: Թե չէ մի տեսակ սիրուն բան չի ստացվում՝ 150 հոգանոց հանրահավաքներ են անում, որտեղ հիմնական ասելիքը եռյակի ուժերից մեկի առաջնորդին հակաճառելն է ու մյուս ուժին հանրահավաքների ժամանակ մարդկանց «բերման ենթարկելու» մեջ մեղադրելը։ Խոսք չկա, շատ արժեքավոր դաշնակից է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031