Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Չլսված մի բան՝ դատախազը պատիժ պահանջեց 14 տարեկանի համար»

Դեկտեմբեր 10,2014 11:46

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր կազմակերպել:

Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն իր ելույթում նշեց, որ բոլոր երեք նախագահների օրոք՝ 94-ից սկսած՝ քաղբանտարկյալներ եղել են. «Վերջերս ֆեյսբուքյան ասուլիսում արդարադատության նախարարն ընդունեց, որ Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ: Մենք տարիներ շարունակ կարդում էինք՝ «քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդիկ» եզրույթը: Բայց սա եզրույթ է ընդամենը: Հիմա այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Կան մարդիկ, որ տարբեր գնահատականներ են տալիս, բայց չափորոշիչները տրված չեն, որ մենք ամբողջության մեջ դիտարկենք եւ ևեթ համապատասխանի դրանց, ասենք, որ այդ մարդը քաղբանտարկյալ է: Մինչեւ Այլընտրանքային զինծառայության մասին օրենքը ընդունելը բազմաթիվ Եհովայի վկաներ կային, որոնք, եթե քաղբանտարկյալ եզրույթը դուրս չի գալիս, ապա խղճի կալանավորներ են եղել: Անկախ նրանից, թե մենք ինչ մոտեցումներ ունենք, մենք հռչակել ենք Հայաստանը՝ որպես մարդու իրավունքները հարգող պետություն: Եթե մարդն ունի համոզմունքներ, եւ գտնում է, որ չի կարող ծառայել բանակում, որքան էլ չհամակերպվենք դրա հետ, մենք պարտավորություններ ունենք»:

Անդրադառնալով ներկայիս քաղբանտարկյալներին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Շանթի գործով տեղի է ունեցել մի բան, որը երբեք չէր եղել մեր պատմության ընթացքում: Նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը վարվել է այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը հպարտ կլիներ, որ իր որդին նման մոտեցում ցուցաբերեր: Խոսքը այն մասին է, որ երբ իր հորը ոստիկանները հարվածում էին, ինքը, որպես լավ դաստիարակված որդի, փորձել է հորը պաշտպանել: Շահենը՝ 14 տարեկան էր այդ ժամանակ, եւ դատախազը պատիժ պահանջեց՝ չլսված մի բան: Սա աղաղակելու թեմա է: Նման բաներ կային Ուզբեկստանում, երբ կանանց, երեխաներին նույնպես խոշտանգում էին, երբ երեխաներին էլ էին բանտ նետում: Մենք իրավունք չունենք ասելու, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, ներող ժողովուրդ ենք եւ տարբերվում ենք նրանցից»:

Ըստ նրա, քաղբանտարկյալների հարցում երկրում փոփոխություններ կան. «Եղել է դեպք, երբ ունեցել ենք 150 բանտարկյալ, հիմա կա 15 քաղբանտարկյալ: Բայց քանի դեռ կա մեկ քաղբանտարկյալ, չենք կարող ասել, թե առաջընթաց ունենք: Եթե հասարակության ինչ-որ շերտի մոտ կա կասկած, որ որեւէ մեկը քաղբանտարկյալ է, ուրեմն քաղբանտարկյալներ կան, պետք է փարատել մարդու կասկածը, որ մարդուն չեն դատապարտել կրոնական կամ քաղաքական հայացքների համար: Մեր դատարանները դեռեւս շարունակում են պատվերներ կատարել:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ մեր երկրում հաճախ խախտվում է նաեւ անմեղության կանխավարկածը, եւ դա արել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ գնահատականներ տալով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ ո՞ր մարմինը պետք է որակում տա՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ երկիրը չի կարող ընդունել, որ ինքը քաղբանտարկյալ ունի: Մարդը ինքը պետք է հայտարարի, որ ինքը քաղբանտարկյալ է, դա բավարար է, որ մենք զբաղվենք այդ գործով:

Կարեւոր է, որ հասարակությունն արձագանքի դրան, պետք է լինեն մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք եթե ասեն, որ անձը քաղբանտարկյալ է, ընդունվի նրանց կարծիքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031