Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախքցիներին սկսել են «վտարել» Ջավախքից. armenian-community.ge

Դեկտեմբեր 10,2014 11:37

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ջավախքցիների նկատմամբ սկսել են տույժեր կիրառել միգրացիոն նոր կանոնները խախտելու համար և արգելել նրանց մուտքը Վրաստանի տարածք:

Դեկտեմբերի 1-ից վրացական կողմը սկսել է կիրառել միգրացիոն նոր կանոնները, որոնք բխում են ԵՄ-ի հետ Վրաստանի ստորագրած Ասոցացման համաձայնագրից: Հայ-վրացական սահմանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ջավախքցի վարորդներին վրացի սահմանապահներն այսօր «վտարել են»: Նրանց նկատմամբ կիրառվել է տույժ՝ 180 լարի և առաջիկա երեք ամսում նրանք այլևս չեն կարողանա մուտք գործել Վրաստանի տարածք, այն է՝ հայրենի Ջավախք:

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանը ստորագրել է այս տարվա հունիսի 27-ին Բրյուսելում: Դրա հիման վրա՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնել «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը: Վրաստանում առանց վիզայի գտնվելու ժամկետը կրճատվել է: Նախկին 390 օրվա փոխարեն այժմ օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում երկրում գտնվել 90 օր:

Սակայն Վրաստանի արդարադատության նախարարը Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, որ օտարերկրացիներին կտրվի լրացուցիչ ժամանակ վիզայի և կացության հարցերը կարգավորելու համար մինչև 2015թ. մարտի 1-ը: Ավելին, նախարարը հավաստիացրել էր, որ ներքին գործերի նախարարությունը որևէ միջոցառում չի ձեռնարկի երկրում գտնվող ոչ լեգալ միգրանտների նկատմամբ:

«Մենք գնացինք Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, Ախալքալաքի անձնագրային սեղանի ղեկավարի մոտ, մտանք, ասացին՝ մինչև մարտի 1-ը ազատ է, ոչ մի խնդիր չկա: Երեկ անցա սահմանը, ինձ չզգուշացրին, որ քո օրերը լրացել են: Այսօր երբ դուրս էի գալիս Ջավախքից, սահմանապահներն ասացին՝ գիշերը ժամը 12-ին քո ժամկետը լրացել է, 180 լարի (շուրջ 40 հազար դրամ-հեղ.) պիտի մուծես, որ անցնես Հայաստան ու 3 ամիս այլևս մուտք գործելու իրավունք չունես»,-պատմեց Երևան-Ջավախք մարդատար միկրոավտոբուսի վարորդներից մեկը, ով խնդրեց անունը չհրապարակել:

Վարորդին ասել են՝ եթե ուզում է շարունակել երթևեկել, պետք է գնա դեսպանատուն և վիզա ստանա: Իսկ մարտի 1-ի մասին հրաման սահմանապահները չեն ստացել, հետևաբար, կիրառել են ուժի մեջ մտած օրենքի դրույթները:

Վարորդը պատմեց, որ այսօր արդեն 20 հոգի 180-ական լարի տուգանք է մուծել: 180 լարին կիրառվում է մինչև մեկ ամիս ժամկետը խախտողներին, իսկ եթե երկրում գտնվել են մեկ ամսից ավելի, վճարում են 360 լարի (շուրջ 80 հազար դրամ): «Մեր ժողովրդին քնացրին՝ ասելով, որ օրենքը մարտի 1-ից է, բայց օրենքը փաստորեն գործում է սեպտեմբերի 1-ից»,-նեղսրտեց մեր զրուցակից վարորդը:

Անտոնը (անունը փոխված է) նույնպես ՀՀ քաղաքացիություն ունի: Նա և ընտանիքը Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկում հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում: Միաժամանակ որպես վարորդ աշխատում է Երևան-Ախալքալաք և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրման երթուղում: Այսօր ուղևորներով լի միկրոավտոբուսով երբ ուղևորվում էր Ախալքալաք, սահմանից նրան էլ են հետ ուղարկել: Ասել են, որ արդեն մի քանի օր է՝ լրացել է նաև նրա՝ 90-օրյա ժամկետը, հետևաբար մուտք գործել Վրաստան առաջիկա երեք ամսում այլևս չի կարողանա:

Խնդիրը, սակայն, միայն վարորդներին չի վերաբերում, այլ ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ջավախքցիներին: Նրանք հիմնականում ՀՀ քաղաքացիություն են ստացել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով: Նույնիսկ ազգությամբ վրացիներ են ՀՀ քաղաքացիություն ստանում այդ նպատակով: Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեզ տրամադրած տվյալների՝ 2008-2012թթ. 41 վրացի է ՀՀ քաղաքացիություն ստացել, ընդ որում՝ 24-ը միայն 2012թ.:

Այժմ, երբ ջավախքցիները դիմում են մշտական կացության կարգավիճակի համար, մեծ մասին մերժում են՝ տարբեր պատճառաբանություններով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ ջավախքցիների գտնվելը հայրենի տներում սահմանափակվում է:

Վրաստանում ՀՀ դեսպանատան հեռախոսահամարներն այսօր կեսօրից հետո չէին պատասխանում, օրենքի՝ մարտից չկիրառելու և կացության կարգավիճակների մերժման պատճառների մասին պարզաբանում ստանալ այնտեղից չհաջողվեց:

Քրիստինե Աղալարյան

Բաց նամակ ուղղված Հայաստանի Հանրապետության Վարչապետ պ-ն. Հովիկ Աբրահամյանին

Մեծարգո պարոն վարչապետ Իրազեկ լինելով, որ առաջիկայում նախատեսվում է Ձեր գլխավորած պատվիրակության այցը Վրաստան, կարևոր համարեցինք Ձեզ ուղղել սույն բաց նամակը: Մեծարգո պարոն վարչապետ Ջավախքի հայությանը հուզող հարցերը բազմաթիվ են (ջավախքահայություն –ՀՀ մշակութային շփումների՝ Վրաստանի իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներ, ՀՀ-ից Ջավախք գիրք-գրականության, անգամ եթե այդպիսիք գեղարվեստական բնույթի մի քանի գրքեր են, անցկացման խստիվ արգելք, Վրաստանի համապատասխան օղակների կողմից հայոց մշակութային կյանքին անհարկի և բացասական միջամտություններ, թուրք-ադրբեջանական բազմաոլորտ ներկայությամբ պայմանավորված հայատյաց միջավայրի առկայություն և այլն):

Այդուհանդերձ, կա մի լրջագույն հիմնահարց, որի չկարգավորումը նշանակում է ջավախքահայության մի ստվար հատվածի զանգվածային տեղահանություն իր հարազատ բնօրրանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է ս/թ սեպտեմբերի մեկից կիրառվող Վրաստանի միգրացիոն նոր օրենսդրությամբ և «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենքին, ըստ որի՝ օտարերկրացիները, այդ թվում նաև հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու պատրվակով տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված և ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող ջավախահայերի մի մեծ հատված (անուղղակի հաշվումներով վերջիններիս թիվը հասնում է տասնյակ հազարների) վեցամսյա ժամկետում 90 օրից ավելի իրավունք չունի գտնվելու Վրաստանի տարածքում:

Մեծարգո պարոն վարչապետ Ցավալին այն է, որ Վրաստանի իշխանությունները Ձեր կառավարությանը և միջազգային հանրությանը հավատացնում են, թե այդ ամենի մեջ արտառոց ոչինչ չկա, և այդ կարգավիճակով բազմահազար մարդիկ կարող են հեշտությամբ ստանալ կացության իրավունքի վկայական և մնալ իրենց ընտանիքների մոտ: Իրականությունը բոլորովին այլ է. բազմահազար ջավախահայեր ամեն օր ստանում են կացության իրավունքի թույլտվության մասին դիմումների մերժումներ, որոնք, նորից կրկնելով այդ քայլը, արդեն ծախսել են միլիոնավոր լարիներ: Ավելին, Վրաստանի Արդարադատության նախարարությունը մերժել է անգամ Երևան – Ջավախքի մի շարք շրջաններ ուղևորափոխադրումներ կատարող ՀՀ քաղաքացի վարորդներին, և օրեր առաջ վերջիններս ստիպված էին հետ վերադառնալ Երևան, շատերն էլ օրենքը խախտելու և մի քանի ժամ Վրաստանի տարածքում ավել մնալու համար տուգանվել են 180 լարի չափով:

Մեծարգո պարոն վարչապետ

ՀՀ Պառլամենտի նախագահ Գ. Սահակյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում բարձրացվեցին այս և մի շարք այլ հարցեր։ Ցավոք, այցի ընթացքում խորհրդավոր և գաղտնի պայմաններում միայն վերացվեցին որոշ պատգամավորների՝ Վրաստան մուտքի արգելքները. ոչ մի այլ շոշափելի դրական շարժ տեղի չունեցավ: Հատկապես այն հույժ կարևոր հարցը, որը վերաբերում է ջավախքահայության մի ստվար հատվածի՝ հայրենիքում մնալ-չմնալուն, այդպես էլ մնաց օդում կախված: Մեզ համար, իհարկե, ուրախալի է, որ մեր հայրենակից-պատգամավորներն այժմ կարող են մտնել իրենց պապենական շեներ,ցավալի է սակայն այն, որ երկուստեք առաջնահերթ համարվեց և նեղ անձնական (ոչ համակարգային) կերպով կարգավորվեց հենց այդ հարցը, իսկ իրական հիմնահարցը մնաց իր նույն տեսքով:

Մեծարգո պարոն վարչապետ

Օրեցօր աճում է այն ջավախքահայերի թվաքանակը, որոնք գործի բերումով գալով ՀՀ, հետ վերադարձին պարզել են, որ իրենց եռամսյա ժամկետն արդեն լրացել է և իրենք Ջավախք մուտքի իրավունք չունեն: Վերջիններիցս շատերն անգամ կեցության վայր ու միջոցներ չունեն, այնինչ պարտավոր են առնվազն երեք ամիս մնալ ՀՀ-ում: ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունն այցելուներին տեղեկացնում է ինչ-որ կայքի հասցե, որտեղ լրացնելով կարող են վիզա ստանալ և մտնել Վրաստան: Սա ևս հարցի լուծում չէ, քանի որ այնտեղ պահանջվող դրույթները անհաղթահարելի են (5.000 լարի հաշվեհամարային տեղեկանք,Ջավախքում հաշվառման վայրի սեփականության վկայական, որը Ջավախքի գյուղական վայրերում պարզապես գոյություն չունի, և մեծ բարդություններ են ստեղծված այն ձեռք բերելու համար, տան անդամների համաձայնագրեր, որոնք լինում են արտերկրում և այլն):

Միաժամանակ՝ վիզան պարզապեսապահովում է այս քաղաքացիների մուտքը Վրաստան, այն էլ առավելագույնը երեք ամսով, սակայն դրան պետք է հետևի կրկին կացության վկայականի ստացումը, որտեղ էլ կրկին երևում են Վրաստանի անվտանգության մարմինների գայլի ականջները և քաղաքացիները կրկին բախվում են մերժման պատին: Լայն իմաստով այդ վիզան ավելորդ գլխացավանք է, եթե քաղաքացին չի ստանալու կացության իրավունք:

Ավելին, եթե Վրաստանը վիզայի միջոցով թույլատրելու է այդ քաղաքացիների մուտքը երկիր և դրա հենքի վրա տալու է կացության իրավունք, ապա ինչու՞ է ամիսներ շարունակ, երբ վերջիններս դեռ դերասաներումՎրաստանում գտնվելու իրավունք ունեին, մերժել այդ մարդկանց տալու կացության իրավունքի վկայականներ: Ահա հարցերի մի շարան, որտեղ բացակայում է տարրական տրամաբանությունը:

Մեծարգո պարոն վարչապետ

Գ. Սահակյանի այցի ընթացքում Վրաստանի քաղաքացիություն չունեցող ջավախահայերին կացության իրավունքի տրամադրման չկարգավորված հարցը գնալով խորացավ, հասավ այնտեղ, որ արդեն մարդիկ զանգվածորեն լքելու են իրենց հարազատ ընտանիքները: Եթե Ձեր առաջիկա այցի ընթացքում ևս չկարգավորվի այն և այդ մարդիկ չստանան կացության իրավունքի վկայականներ, ապա հետագան անկանխատեսելի կդառնա բոլորիս, այդ թվում ՀՀ պետության համար: Այս վիճակը ուղղակիորեն հարվածում է բոլորի ընտանիքներին, և արդեն մարդիկ գյուղերով մեկնում են Ջավախքի շրջկենտրոններ՝ ի նշան բողոքի:

Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքի հայության առաջացրած վակուումը արագորեն լցվելու է թուրք-ադրբեջանցիներով, որի հետևանքները բոլորիս համար պարզ են:

Ջավախքի մի խումբ մտավորականներ

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031