Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը:
Նիստին մասնակցում էր հայկական պատվիրակությունը հետևյալ կազմով՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական և ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձևաչափի ձևավորմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր: Որոշվել է շարունակել քննարկումները և առաջիկա ամիսների ընթացքում տեսակոնֆերանսների և բանակցությունների միջոցով հստակեցնել այն ուղղություններն ու համագործակցության ապագա իրավական ձևաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար և կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման և զարգացման համար:
Օրակարգում ներառված էին նաև օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր և այլն:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև վիզայի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի, վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ում իրականացվող տրանսպորտային ծրագրերի և այդ ծրագրերին ԵՄ հետագա աջակցության, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի, ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների և, համապատասխանաբար, մի շարք օրենքներում և իրավական ակտերում իրականացվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Մեծամորի ատոմակայանի վերազինման և արդիականացման, ԵՄ աջակցությամբ իրականացվող Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մշակման և դրա հետագա իրականացման հարցերին:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի Տրանսպորտի հարցերով նորանշանակ հանձնակատար Վիոլետա Բալկի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն