Արեւմուտք-Ռուսաստան կոշտ դիմակայության պայմաններում ղարաբաղյան կարգավորման գործընթացում որոշ փորձագետներ ճգնաժամ էին ակնկալում:
Հայտնի է, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում յուրօրինակ վարքագիծ էր դրսեւորում՝ սահմանափակվելով միջնորդական առաքելությամբ եւ խուսափելով ճնշումներ բանեցնելուց: Այդ վարքագծի յուրօրինակությունն այն էր, որ առնվազն համանախագահ երկրները, չնայած տարատեսակ հակասություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացում ցուցաբերում էին աննախադեպ միասնականություն:
Անցած մեկ տարվա ընթացքում Եվրոպայում հայտնվեց «սառը պատերազմի» ուրվականը, եւ շատերն արդարացիորեն կարծում էին, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի գլոբալ հակասությունները պրոյեկցիա կունենան նաեւ ղարաբաղյան կարգավորման վրա: Այս տեսակետը կիսողները հղում էին անում անցնող տարվա առանցքային իրադարձություններին. հրադադարի 20-ամյակի կապակցությամբ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը «Քարնեգի» հիմնադրամում, որը ներկայացվեց որպես ԱՄՆ (սեպարատ) դիրքորոշում, նախագահների մակարդակով սեպարատ եռակողմ հանդիպումների կազմակերպումը նախ Վլադիմիր Պուտինի, ապա Ջոն Քերիի եւ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ: Այս եւ այլ իրադարձությունները հուշում էին, որ միջնորդները կորցրել են երբեմնի միասնականությունը, եւ նրանցից յուրաքանչյուրն իր սեփական խաղն է տանում:
Այս տեսակետի օգտին էր նաեւ Բրիսբենում կայացած G20-ի անարդյունք գագաթնաժողովը: Անարդյունք՝ առաջին հերթին ղարաբաղյան կարգավորման համատեքստում: Բանն այն է, որ նախորդող 5 տարիների ընթացքում այս կամ G8-ի հարթակն օգտագործվում էր նախագահների մակարդակով եռանախագահության հայտարարություն ընդունելու համար: G8-ի փաստացի չգոյության պայմաններում բրիսբենյան լռությունը հոռետեսների համար լրացուցիչ փաստարկ դարձավ:
Ամեն ինչ փոխվեց անցած շաբաթ: Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակներում ընդունվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի եւ Առլեմ Դեզիրի համատեղ հայտարարությունը: Հայտարարության բովանդակությունը թեպետ չափազանց կարեւոր է, սակայն այն առաջին հերթին առանցքային էր ձեւով. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին միասնականություն են դրսեւորում եւ չնայած տարաձայնություններին՝ պահպանում են ԵԱՀԿ նախարարների կոմիտեի հարթակում հայտարարությամբ հանդես գալու ավանդույթը: Ասել է թե՝ այս առումով Արեւմուտքն ու Ռուսաստանը, կարծես, վեր կանգնեցին այսրոպեական դիմակայությունից:
Սրա փոխարեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում էլ ավելի ընդգծված է դառնում պաշտոնական Բաքվի համառությունը: Նախ՝ ողջ տարվա ընթացքում իրականացրած սադրանքներն ու դրանց աննախադեպ բնույթը, այնուհետեւ՝ անմարդկային, հակահումանիստական կեցվածքը ուղղաթիռի միջադեպին հաջորդած շրջանում, եւ ի վերջո՝ Ալիեւի վարչակարգի վարքագիծն ընթացիկ միջազգային կոնյունկտուրայում: Անցած շաբաթ Իլհամ Ալիեւը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդունեց, որ նավթի շուկայում տեղ գտած զարգացումներն իրենց ստիպելու են վերանայել պետական ծախսերը՝ անձեռնմխելի պահելով միայն «առաջնահերթ ուղղությունները»: Այս հայտարարությունն Իլհամ Ալիեւն արեց այն բանից հետո, երբ այլեւս պարզ էր, որ երկրի ռազմական ծախսերը կրկին մեծացվելու են՝ հասցվելով 4 մլրդ դոլարի: Փաստորեն Ալիեւի համար պատերազմը մնում է ամենաառաջնահերթ ուղղությունը:
Եվ սա՝ համանախագահ երկրների հերթական հայտարարության ֆոնին, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ կողմերը պետք է ձեռնամուխ լինեն փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Ուշագրավ էր, որ ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում ընդունված հայտարարությանն այս անգամ չէին միացել նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Ավելին՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպում չկայացավ: Այս առիթով անգամ Ջեյմս Ուորլիքն ափսոսանք հայտնեց:
Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ մեղավորն ադրբեջանական կողմն է: Բաքուն մերժել ու մերժում է միջնորդների առաջարկները՝ բացատրեց Հայաստանի արտգործնախարարը, նաեւ պարզաբանեց, որ իրենց հայտարարությամբ համանախագահները «դելիկատ» մեղադրանքներ են ուղղում Ադրբեջանին:
Մինչ Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանում էր համանախագահների հայտարարության իմաստը, Իլհամ Ալիեւը նշված հարցազրույցում վստահեցրեց, որ «Հայաստանը խաղաղություն չի ուզում»: Նրա բացատրությունն այն է, որ հակամարտության առարկան «ադրբեջանական հողերն են»: Փոխարենը հայկական կողմը եւ, կարծես թե, նաեւ միջնորդները հակված են կարծելու, որ հակամարտության առարկան լրիվ այլ է եւ ներառում է, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը:
Համենայնդեպս, դեկտեմբերի 4-ին տարածած հայտարարությամբ համանախագահներն ընդգծել են, որ «կողմերը պետք է ընդունեն, որ համապարփակ կարգավորման հիմքերն այն տարրերն ու սկզբունքներն են, որոնք ընդգծվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունների մեջ»:
Ինչպես հայտնի է, այդ սկզբունքների ու տարրերի քվինտէսենցիան առանցքային է դարձնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը՝ արտահայտված խաղաղ պայմաններում: Ալիեւը համառորեն մերժում է այս գաղափարն ու զինվում: Բաքվում, կարծես, դասեր չեն քաղել նախորդ պատերազմից եւ հույս ունեն, որ ոչ խաղաղ պայմաններում արցախցիներն այլ կամք կդրսեւորեն: Հոգ չէ:
Կարեւորն այն է, որ ուժային կենտրոնները խուսափում են ղարաբաղյան կոնտեքստում դիմակայության մեջ մտնելուց, ինչն արտահայտվում է նրանց միասնականությամբ: Իսկ դա նշանակում է, որ կարգավորման առանցքում Արցախի ժողովրդի կամքն է՝ անկախ Ալիեւի համառությունից:
ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Հոդվածն արդեն իսկ պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանը հերթական անգամ անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Սա, հավանաբար, պետք է կապել դեկտեմբերի 4-ի հայտարարության հետ:
«Առավոտ» օրաթերթ
9.12.2014