Ես շարքային քաղաքացի եմ, սովորական սպառող, վարձատրվում եմ դրամով, դրսից օգնություն չեմ ստանում, դրամ-դոլար փոխանակումներով չեմ զբաղվում: Բայց երբ մի օր արթնանում եմ ու լսում հայրենի Կենտրոնական բանկի հայտարարությունն ու կոչը, թե պետք չէ խուճապի մատնվել, անմիջապես հասկանում եմ, որ խուճապի մատնվելու ճիշտ ժամանակն է: Այն, որ ԿԲ-ն հետո շարունակում է, թե՝ պետք է «զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից եւ անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ ակնկալվող օգուտի փոխարեն՝ կարող են հանգեցնել զգալի վնասների», ինձ առանձնապես չի վերաբերում՝ վերոնշյալ պատճառներով: Ես օգուտներ էլ չեմ ակնկալում, բայց վստահ եմ՝ ով օգուտ ակնկալել էր դրամի արժեզրկումից, դեռ մինչեւ հայտարարությունը, առանց շտապողականության ու խուճապի «ակնկալվող օգուտներն» արդեն քաղել էր եւ նոր ներդրումների է պատրաստվում, ասենք, Դուբայում: Ինձ եւ ինձ նմաններին մնում են վնասները, որոնցում համոզվելու համար գնում եմ խանութ՝ օրվա գնումները կատարելու: Ահավասիկ՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գները կտրուկ աճել են: Հիշելով հայրենի Կենտրոնական բանկի հորդորը՝ փորձում եմ նյարդերս կառավարել ու հանգիստ կատարել գնումները:
Ի վերջո՝ ի՞նչ մի անսպասելի բան է պատահել, չէ՞ որ դեռ ամռանը բոլոր խելամիտ քաղաքացիները կանխատեսում էին, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները եւ այդ երկրում ապրանքների գների կտրուկ աճը պետք է ազդեն նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Այդ ժամանակ մեր հայրենի կառավարության ներկայացուցիչները կա՛մ տիգրանսարգսյանական մոտեցում էին որդեգրում (հիշո՞ւմ եք՝ ֆինանսական ճգնաժամը մեզ չի հասնի. թե ո՞նց էին դեմն առնելու՝ հայտնի չէր, մուտքի արտոնագի՞ր չէին տալու, ի՞նչ է), կա՛մ, լավագույն դեպքում, լղոզված հիմնավորումներ էին ներկայացնում: Այդուամենայնիվ, ինքս վերջին քսանհինգ տարիների փորձից հո լավ գիտեի, որ ազդեցություն լինելու է: Այսպես մտքերի մեջ ընկած՝ ինքս ինձ հետ վիճելով ու հետո համոզելով, շարունակեցի գնումներ կատարել ու ավելի նյարդայնանալ:
Մտածում եմ՝ ախր, ինչո՞ւ է մեր Կենտրոնական բանկը մեզ միամիտի տեղ դնում, ընդ որում՝ մի քանի անգամ՝ մի քանի տող հայտարարության մեջ: Ինչո՞ւ մեղքը բարդել միայն, իրենց բնորոշմամբ՝ արժութային սպեկուլյացիաների կամ անհարկի փոխարկումների վրա, լավ, ինչո՞ւ դրանք մի քանի ամիս առաջ չէին կատարվում: Ուրեմն՝ հիմա է հարմար հիմք ստեղծվել: Կամ ասում են՝ «այս տատանումները կարճաժամկետ բնույթ են կրում»: Մեզ մոտ կարճաժամկետ միայն դրական երեւույթներն են լինում, բացասականները երկարաժամկետ են: Ամենից ավելի նյարդայնացնում է «իրենց գործիքներով շուկայում իրավիճակը կայունացնելու» պատրաստակամությունը: Եթե ինչ-որ գործիք ունեիք, ինչո՞ւ ժամանակին չէիք կիրառում, որպեսզի ժողովուրդը խուճապի չմատնվեր: Կամ՝ ինչո՞ւ պետությունը չի կիրառում ժողովրդին ժամանակին իրազեկելու գործիքը: Մի՞թե պետք չէ շարքային քաղաքացուս բացատրել փոխարժեքի կտրուկ տատանման պատճառները ու նաեւ, թե ինչո՞ւ դրամի արժեքի ցանկացած փոփոխությունից գները միշտ աճում են, իսկ աշխատավարձը անհուսալիորեն հետ է մնում գնաճից:
Կուզեի հավատալ ԿԲ-ի վստահեցումներին, թե դրամի փոխարժեքի ճշգրտումը կնպաստի արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ինչպես նաեւ բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Թեեւ ըստ տնտեսագիտական օրենքների՝ այս ամենի մեջ որոշակի ճշմարտություն կա, բայց սպառողիս կենսափորձը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում դրամի արժեզրկումները չեն նպաստել ոչ տնտեսական աճին, ոչ արտահանման խթանմանն ու ոչ էլ աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ուրեմն ի՞նչ հիմք կա հավատալու, որ այս անգամ կնպաստեն: Թե՞ մերն ուրիշ է, մեզ մոտ տնտեսագիտության օրենքներն այլ կերպ են գործում:
Կարդացեք նաև
ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
9.12.2014