Իրենց վատառողջ են համարում ավելի շատ ոչ աղքատները,
քան աղքատներն ու ծայրահեղ աղքատները
«Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը-2013» վերջերս հրապարակված զեկույցի ոչ նյութական աղքատություն հավելվածի «Առողջապահությունը եւ աղքատությունը» գլխում նկարագրված է, թե որքանով են մատչելի առողջապահական ծառայությունները Հայաստանի բնակչության համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ կատարված ազգային վիճակագրական ծառայության այս զեկույցի հիմքում անցյալ տարի իրականացված 5184 տնային տնտեսությունների հետազոտությունից հավաքագրված տվյալներն են:
Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքների, ըստ մարդկանց սուբյեկտիվ գնահատականների՝ իրենց առողջական վիճակը նորմալ, լավ, շատ լավ գնահատել է հարցվածների 89.3%-ը՝ իսկ վատ եւ շատ վատ է գնահատել իր առողջությունը հարցվածների 10.7%-ը: Հետաքրքիր է, որ իրենց ավելի քիչ վատառողջ են համարել ծայրահեղ աղքատները. հարցված ոչ աղքատների 11.0%-ն է իրեն վատառողջ գնահատել, իսկ աղքատների՝ 10.0%-ը եւ ծայրահեղ աղքատների՝ 10.2%-ը:
Զեկույցից կարելի է ենթադրել, որ անցյալ տարի մարդիկ ավելի քիչ են դիմել բժշկի, քան 2012-ին: Ընդ որում, ինչպես նշված է զեկուցում, բուժման դիմածների տեսակարար կշիռը, ըստ աղքատության մակարդակի, տարբերվում է՝ հիվանդության դեպքում ոչ աղքատների 32.5%-ն է դիմել բժշկական խորհրդատվության կամ բուժման, իսկ աղքատների՝ 22.1%-ը, ծայրահեղ աղքատների՝ 15.8%-ը:
Կարդացեք նաև
Բժշկի դիմելու մշակույթը Հայաստանում, ինչպես շատ մասնագետներ են նշում, ցածր է, հայերն, այսպես ասած՝ չեն սիրում գնալ բժշկի եւ միայն «դանակը ոսկորին հասնելուց» հետո են դիմում բժշկի: Կարծիք կա, որ ֆինանսական խնդիրների ու բժշկական ծառայությունների թանկ լինելն է պատճառը, որ մարդիկ խուսափում են գնալ բժշկի: Սակայն պոլիկլինիկաների՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններն անվճար են՝ բացառությամբ գաստրոէնտերոլոգի, ալերգոլոգի եւ ատամնաբույժի, եւ ենթադրվում է, որ գոնե պոլիկլինիկաներ ավելի հաճախ կդիմեն: Բայց ըստ զեկույցի՝ ֆինանսական պատճառներով պոլիկլինիկաներին չդիմելը 2-րդ տեղում է, իսկ չդիմելու առաջին պատճառն ինքնաբուժումն է: Ընդ որում, հարցվածներից ամենաշատն ինքնաբուժման են դիմել երեւանաբնակները՝ 65.1%, այլ քաղաքների հարցվածների 48.9%-ը, գյուղերի բնակիչների 35.5%-ն է դիմել ինքնաբուժման: Ֆինանսական վատ վիճակի պատճառով պոլիկլինիկա չի դիմել հարցված երեւանցիների 11.9%-ը, այլ քաղաքների՝ 24.7%-ը, գյուղերի՝ 26.2%-ը: Նշենք նաեւ, որ որոշ մասնագետների կարծիքով՝ մարդիկ ինքնաբուժման են դիմում հատկապես բավարար եկամուտներ չունենալու պատճառով:
Զեկույցում նաեւ նշված է, թե պոլիկլինիկաներին դիմողների մոտ ինչ հիվանդություն է ախտորոշվել. 47%-ի մոտ ախտորոշվել է հիպերտոնիա, վերջին այցի ժամանակ էլեկտրակարդիոգրամա անցել է դիմած հիվանդների 30%-ը, իսկ խոլեստերինը ստուգվել է դիմած հիվանդների 38%-ի մոտ:
Ուշագրավ է, որ հարցված ծայրահեղ աղքատները չեն դիմել մանկաբարձ-գինեկոլոգի, ատամնաբույժի, շտապ օգնության ու դիագնոստիկ կենտրոնների օգնությանը, իսկ ահա ընտանեկան բժիշկներին եւ թերապեւտներին դիմել են, թեեւ, ի տարբերություն այլ խմբերի, ծայրահեղ աղքատների դիմելիությունն ավելի ցածր է:
«Հայաստանում անվիճելի է աղքատ տնային տնտեսությունների համար անվճար բժշկական փաթեթի կարեւորությունը»,- նշված է զեկույցում, ըստ որի՝ պետական պատվերի իրավունք ունեցել է բնակչության միայն 7.1%-ը:
Ծայրահեղ աղքատների 3.6%-ն է իրավունք ունեցել օգտվել պետպատվերից, աղքատների՝ 6.2%-ը եւ ոչ աղքատների՝ 7.6%-ը:
Ուշագրավ է, որ հարցվածների 1.3%-ը անտեղյակ է եղել՝ ունե՞ն իրավունք պետպատվերով բուժվելու, թե՞ ոչ: Ըստ զեկույցի՝ առողջապահության ծառայությունների վրա ծախսերի տեսակարար կշիռը հարցված բնակչության ամենաբարձր եկամուտ ունեցողների համար ավելի բարձր է, քան ամենաաղքատների:
Զեկույցից պարզվում է, որ մարդիկ դեղորայքի վրա ամսական քիչ գումար են ծախսել. սրա պատճառը ֆինանսակա՞ն խնդիրն է, թե՞ առողջ են, հետազոտության մեջ նշված է: Տնային տնտեսությունների ծախսերի մեջ, ըստ զեկույցի, դեղորայքի ձեռք բերման համար կատարված ծախսերը կազմել են 4.0%: Դեղորայքի համար կատարված ամսական ծախսերը մեկ շնչի հաշվով կազմել են ընդամենը 1457 դրամ, ընդ որում, ոչ աղքատներինը՝ 1895 դրամ, աղքատներինը՝ 559 դրամ, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 181 դրամ:
«Առողջ բնակչությունը ոչ միայն որոշիչ նախապայման է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, այլեւ կարեւոր նախադրյալ թե տնային տնտեսությունների, թե հենց անհատների բարգավաճման համար»,- գրված է «Առողջապահությունն ու աղքատությունը» գլխի նախաբանում, եւ եթե հաշվի առնենք, որ ըստ «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը- 2013» զեկույցի՝ բնակչության 32%-ն աղքատ է, որոնք ավելի քիչ են դիմում բժշկի նաեւ ֆինանսական պատճառներով, ապա երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը բնակչության այս հատվածը դժվար թե նպաստի:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
9.12.2014