Սուրբ ծննդյան օրերն են գալիս
Սեր, ուրախություն ու բերկրանք, զանգակների կարկաչուն ղողանջ ու լույսերի ոսկեծաղիկ հրավառություն։ Երջանկություն անհասցե, ամենուր, առանց սրտիդ իրավունքը հարցնելու… Պրահայի Ստարոմեստսկա հրապարակում զբոսաշրջիկների հեղեղ է, գեղեցկություն ու պերճանք, Սուրբ ծննդյան հրաշք երգեր՝ հոգիդ բուժող, սփոփող ու հույսի Մեծ սպասումը բյուրեղացնող երաժշտություն։ Վանոցնե կոլեդի-այսպես է կոչվում չեխական այդ հրաշալի երգարվեստը։ Դպրոցում սովորեցնում են այդ երգերը ու բոլորն են երգում։ Չեխերն իրոք, ի սրտե ուրախանալու առիթ ունեն, քանի որ հայերիս նման բդահառաչ տառապանքով չեն դիմավորում Սուրբ ծնունդն ու Նոր տարին։ Նրանք թեթեւ են նայում այդ ամենին ու սեղանների մրցույթում հաղթող ու պարտվող չի լինում։ Ունեն պարտադիր մի երկու ճաշատեսակ, քաղցրեղեն ու գինի։ Ոչ մի բան ավելի։ Եվ ուրախություն։ Անպայման ընտանիքով։ Բոլորը հավասար են։ Իսկ պետությունն էլ իր հերթին կազմակերպում է, որ Սուրբ ծննդյան օրերը՝ դեկտեմբերի 24-25-ը, իսկական տոնի վերածվեն ժողովրդի բոլոր խավերի համար։ Այդ օրերին չեխերն անպայման նվերներ են փոխանակում, ու քաղաքի խանութներում մեծ մասում էժանանում են ապրանքները, խաղալիքն ու սնունդը, որն ամենակարեւորն է այդ տոնին։ 30-50 տոկոս էժանացում։ Իսկ Սուրբ ծնունդի անմիջապես հաջորդ օրվանից՝ զեղչերը հասնում են 70-90 տոկոսի։ Այ հենց այդ ժամանակ էլ մենք՝ հայերս, գնում ենք խանութ՝ նվերներ գնելու։ Իսկ մինչ այդ՝ վայելենք Պրահայի սեթեւեթ պերճանքն ու չքնաղ, զմայլելի գեղեցկությունը։
ՎԵՍԵԼԵ ՎԱՆՈՑԵ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
Կարդացեք նաև

Չեխերն էլ հայերի պես «գիշատիչ» են եւ շատ են սիրում խոզի միս, բայց խորովածից բան չեն հասկանում, գինը՝ 79.90 կրոն, զեղչը՝ 30 տոկոս։

Նույնիսկ Salamander էլիտար խանութն է զեղչով առեւտուր անում, հիմա 20 տոկոս, դեկտեմբերի 24-ից հետո՝ մինչեւ 70։

Սրանք էլ «մեծիկների» խաղալիքներն են։ Ալկոհոլի զեղչերը՝ 30-50 տոկոս։ Աննախադեպ akce լուսանկարիչ Բագրատի, նրա ընկեր՝ իմ ամուսին Արմենի եւ նրանց ամբողջ «բանդայի» համար։

Bordeaux եւ Cotes Du Rhone ֆրանսիական գինիներ, 0.75 լիտրը 84.90 կրոն (3.77 ԱՄՆ դոլար), դա հավասար է 1690 դրամի։ Monopoly խաղի զեղչը՝ 50 տոկոս, 449 կրոն, խոզի միս (veprova krkovice s kosti)՝ 79.90 կրոն, երշիկեղեն՝ զեղչը 30 տոկոս։
«Առավոտ» օրաթերթ
9.12.2014