Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյարին շնորհավորել էին պաշտպանության նախարարն ու Քերոլայն Քոքսը

Դեկտեմբեր 10,2014 14:30

Կայացավ Երեւանի Ավետարանական եկեղեցու (նախկինում՝ Հայաստանյաց ավետարանական եկեղեցի) հիմնադրման 20-ամյակը եւ նրա հիմնադիր դոկտոր Լեւոն Պարտագճյանի 60-ամյակին նվիրված տոնական երեկոն: Հոբելյանական կրկնակի տոնի առթիվ ընթերցվեցին տարբեր աշխարհամասերից Հայ ավետարանական եկեղեցիների հովվապետերի եւ առանձին մարդկանց հղած շնորհավորանքներն ու ուղերձները: Հոբելյարին չէր մոռացել նաեւ շնորհավորել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ում թիմի հետ համագործակցելով՝ երկար ժամանակ է, ինչ Լեւոն Պարտագճյանը բազմաթիվ բարեգործական ու հայրենանվեր ծրագրեր է իրականացնում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Ընթերցվեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ տարբեր նախարարությունների պաշտոնատար անձինք, Հայ առաքելական եկեղեցու, Սիրիայի, Լիբանանի, Քեսաբի, Կրետե կղզու եւ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայկական համայնքների, ինչպես նաեւ ՌԴ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներ: Օրվա առթիվ սրտի խոսք ասաց Հալեպի Հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցու, ուր ժամանակին մկրտվել է Լեւոն Պարտագճյանը, ավագ քահանա Արսեն Սարգսյանը՝ կարեւորելով Լ. Պարտագճյանի հայրենանվեր ու աստվածահաճո գործերը: Հոբելյարին շնորհավորեց նաեւ Անգլիայից ժամանած նախկին զինվորական Արթուր Գրինը, ով արդեն 20 տարի է, ինչ նրա կողքին է եւ մեծ ներդրում ունի Ստեփանակերտի Օրթոպեդիկ վերականգնողական կենտրոնի ստեղծման գործում: Խոսք ասաց տիկին Սիլվա Պարտագճյանը, նշելով, որ Աստծո կամքով ստանձնել է մշտապես լինել Լեւոնի կողքին եւ նրա հետ կիսել թե՛ ընտանեկան ու թե՛ հայրենիքում բաժին հասած դժվարությունները: Նա հիշեց, թե ինչպես թողնելով իրենց փափուկ կյանքը Կալիֆոռնիայում, մանկահասակ 3 դստեր՝ 6-ամյա Նաիրիի, 4-ամյա Թամարայի եւ 1 տարեկան Գարունի հետ, որոնք արդեն ընտանիքներ են կազմել տեղացի երիտասարդների հետ եւ արմատներ են ձգել հայրենիքում, 1991թ. հոկտեմբերին եկան Հայաստան՝ մյուսների հետ կիսելու երկրին պատուհասած բոլոր դժվարությունները՝ անջուր, մութ ու ցուրտ տարիները:

Հանդիսության ավարտին ցուցադրվեց Լ. Պարտագճյանի հեղինակած «Վասն հավատի, վասն հայրենյաց, ի փառս Աստծո» գրքի հիման վրա «Ավետիս» հեռուստաընկերության նկարահանած համանուն ֆիլմը: Այն պատմում էր Հայաստանում եւ Արցախում հեղինակի եւ գործընկերների հետ ծավալած հայրենանվեր գործերի մասին:

Երեկոն զարդարեցին Ավետիս Պարտագճյանի սաղմոսի ընթերցումն՝ ուղեկցված նրա երաժիշտ քույրերի՝ Նաիրիի, Թամարայի եւ Գարունի (դաշնամուր, ջութակ, ֆլեյտա) գործիքային կատարմամբ, ինչպես նաեւ «Ավետիս» երգչախմբի ու նրան միացած տարբեր մասնաճյուղերի երգչախմբերի համատեղ ելույթները:

Ի դեպ, «Ավետիս» երգչախումբը (խմբավարներ՝ Կառլեն Ալեքսանյան եւ Նաիրի Պարտագճյան) Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ տարիներ առաջ Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած 5-րդ միջազգային՝ «Աշխարհի երգչախմբերի մրցախաղեր» փառատոնում ներկայացված 28 անվանակարգերից հանդես է եկել երեք՝ հոգեւոր, խառը եւ ժամանակակից երգերի անվանակարգում ու նվաճել 3 ոսկե մեդալ:

«Ավետիսն» ավելի վաղ՝ 2008թ. մայիսի 23-25-ը Լեհաստանում կայացած Ուղղափառ եկեղեցիների 17-րդ միջազգային փառատոն-մրցույթում 18 երկրի 24 երգչախմբի մեջ նվաճել էր 2-րդ պատվավոր տեղը:

Լեւոն Պարտագճյանը 1999 թ. ստացել է ԼՂՀ պատվավոր քաղաքացու կոչում, 2007թ.-ին՝ պարգեւատրվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալով:

Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031