Այս կարծիքին են երգչուհիներ Ալին Գոյանն ու Էլիզ Դարյանը
«Առավոտը» դեռեւս ամռանից հետեւում էր Մոսկվայում անցկացվող «Ծովից ծով» առաջին միջազգային մրցույթ-փառատոնին, որը, կազմակերպիչների խոսքերով՝ ստեղծված էր հայկական երաժշտության վերածննդի համար: Համադրված լինելով համաշխարհային երաժշտարվեստի միտումների հետ, միջոցառումն առիթ էր տաղանդավոր հայ կատարողներին ու խմբերին առցանց եղանակով ներկայանալ մեծ լսարանին: 42 երկրից ներկայացած երաժշտարվեստի տարբեր ոլորտներում (ջազ, ռոք, փոփ եւ այլն) հայ կատարողների (հիմնականում՝ խմբեր) ծրագրում ներառված չէր կոմիտասյան եւ ոչ մի գործ, չնայած տարին կոմիտասյան էր: Միայն Ալին Գոյանն էր, որ ընտրել էր Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը: Մրցույթի վերջին փուլում Ալին Գոյանը (սոպրանո) նախընտրել էր նույն երգը կատարել մեցո սոպրանո Էլիզ Դարյանի հետ՝ դուետով:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ մեր զրուցակիցները հայտնեցին, որ իր տեսակի մեջ հիշյալ միջոցառումը իսկապես եզակի էր: Առաջին եւ երկրորդ փուլերին ժյուրին, որի կազմում էին անվանի արվեստագետներ Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Հախվերդյանը, Արթո Թունչբոյաջյանը, Լենա Չամամյանը (Ֆրանսիա) եւ ուրիշ մեր հայրենակիցներ, նույնպես հետեւում էր online եղանակով: Ժյուրին միայն մրցույթի՝ Կրեմլի պալատում կայացած երրորդ փուլին է ներկա գտնվել:
Իսկ ինչո՞ւ էր Ալինը որոշել «Գարուն ա»-ն ներկայացնել դուետով: Երգչուհին հայտնեց, որ փառատոնին ներկայացված ստեղծագործությունները հիմնականում ժամանակակից գործիքավորմամբ էին եւ իր կարծիքով՝ այդ երգը շահեկան կլիներ մատուցել հենց դուետով, հետեւաբար խնդրել է գործիքավորել Դավիթ Սուքիասյանին եւ հրավիրել մեցո սոպրանո Էլիզ Դարյանին: Ալինն ունի մրցույթ-փառատոների փորձ. նա մասնակցել է նաեւ 2012թ. Բեռլինում անցկացված կոմիտասյան մրցույթ-փառատոնին, որպես հյուր էլ՝ Ռուսաստանում՝ «Armenian music awards»-ին:
Ալինն ու Էլիզը կարեւորում են մասնակցությունը մրցույթներին: Նրանք հայտնեցին, որ «Ծովից ծով» մրցույթ-փառատոնից հետո ժյուրիի կազմում ընդգրկված երգչուհի Լենա Չամամյանի պրոդյուսերի կողմից առայժմ «բանավոր» հրավիրվել են համերգների Ֆրանսիա:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցները նշեցին, որ հենց մենք՝ հայերս ենք քիչ հնչեցնում Կոմիտաս: Եթե դա տեղի է ունենում, ապա դա միայն առիթից առիթ: Էլիզը հիշեց Տիգրան Մանսուրյանի վերջերս հայտնած միտքը՝ Կոմիտասն ու Մաշտոցը թերեւս մեր այն երկու գերհսկաներն են, որոնք շրջանցելով ժամանակային հեռավորությունը, գալիս ու մի տեղ միաձուլվում են, եղբայրանում՝ ասելու համար, որ հայ խոսքը, հայ գիրը, հայ ոգու գրավոր արտահայտությունը, հայ հոգու մեղեդին նույնն են: Ալինն էլ շարունակելով գործընկերուհու խոսքը՝ դարձյալ փաստեց Մանսուրյանին. «Երբ մի երեխա մոտեցել է Կոմիտասին ու ասել, որ ինքը երգել չգիտի, ձայն չունի, Կոմիտասն ասել է՝ դու խոսում ես հայերեն, ուրեմն ձայն ունես: Հայոց լեզվի ու հայ երաժշտության գրկախառնումը կոմիտասյան երաժշտության մեջ է ապրում»: Ալինը հիշեց նաեւ, որ երբ Դեբյուսին Գերմանիայում Կոմիտասի երգն է լսել, վեր է թռել տեղից ու բացականչել՝ նման հանճար դեռ չեմ հանդիպել:
Անդրադառնալով «Ծովից ծով» մրցույթ-փառատոնին, հետաքրքրվեցինք, թե «Գարուն ա»-ն արդյոք նոր գործիքավորման դեպքում չի՞ հեռացել Կոմիտասից: «Կարող եմ վստահեցնել, որ վոկալ պարտիայում մեղեդին խեղաթյուրված չէ»,- վստահեցրեց Ալինը: Հետո էլ հավելեց. «Անվանի երգիչներից շատերը քանիցս անդրադարձել են Կոմիտասին, բայց թող նրանք ներող լինեն, որ կոնկրետ ինձ համար սեփական ու ժողովրդական երգերի մշակումների իդեալական կատարումը հենց Կոմիտասինն է ու նրա սան, մեծանուն երգիչ Արմենակ Շահմուրադյանինը»:
Երգչուհիները կոչ արեցին աշխարհում սփռված իրենց կոլեգաներին մրցութային ծրագրերում՝ դասական երգարվեստից մինչեւ ջազ ու ռոք, ընդգրկել Կոմիտաս, պայմանով, որ անկախ ժանրից՝ մաքուր ներկայացվի կոմիտասյան երգի մեղեդին: Ալին Գոյանն ու Էլիզ Դարյանն, ի դեպ, որոշել են 2015-ին առաջին անգամ դուետով հանդես գալ Երեւանում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Ալին Գոյանն ու Էլիզ Դարյանը (ձախից):
«Առավոտ» օրաթերթ
9.12.2014