Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ անդամ պետությունները բորշչ ուտելով են նման

Դեկտեմբեր 10,2014 13:30

Այս կարծիքին է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կողմնակիցներն այն կարծիքին են, որ միության անդամ երկրներն ընդհանուր շատ բաներ ունեն, այդ թվում՝ պատմություն, ավանդույթներ, ինչն, ըստ նրանց, մեկնաբանությունների եւս մեկ պատճառ է՝ այդ միությունում լինելու համար: Թե այդ ինչ ընդհանրությունների մասին է խոսքը, «Առավոտը» զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:

«ԵՏՄ անդամ երկրներն իսկապես ունեն առնվազն հարյուրամյա ընդհանուր անցյալ, եւ այդ հարյուրամյա ընդհանուր անցյալում ամենացայտունը նրանց բոլորի ընդհանուր հիշողությունն է ստալինյան ժամանակաշրջանի մասին: Նրանց պատմության մաս է Երկրորդ համաշխարհային պատերազմը, բոլշեւիկյան մշակույթի ներդրումը, որը փորձում էր ունիվերսալիզացներ մշակույթները զգալի չափով՝ օրինակ, բոլորս բորշչ էինք ուտում, մակարոն, այն ձեւով, ինչ ձեւով Խորհրդային միությունն էր առաջարկում, նաեւ ձկան պահածոները, եթե այն գտնում էինք եւ այլն, եւ բոլորս պիոներներ ենք դարձել… Եվ, իհարկե, մտածողության թե ընդհանրությամբ եւ թե այդ քաղաքականությանը դիմադրելու ընդհանուր մտածողությամբ՝ իհարկե, ձեւավորվել է հենց այս տարածքում: Բայց դրա հետ միասին՝ այդ նույն ժամանակաշրջանում զուգահեռաբար զարգացել է իրենց լեզվամշակութային միավորների առանձնահատկությունները զարգացնելու ձգտումը, որն ավելի շատ այդ ժողովուրդներին բաժանում է, քան միացնում»,- մեկնաբանեց Հրանուշ Խառատյանը:

Այն, որ հաճախ բարձրաձայնվում է, թե ԵՏՄ-ին միանալու որոշման հետ իբր ժողովրդի շուրջ 80 տոկոսը համաձայն է, ազգագրագետը հետեւյալ կարծիքի է. «Ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է, որ այս մակաբույծ իշխանությունն առանց արյուն թափելու հեռանա, ինչպես նաեւ՝ ապրել իրավունքի երկրում, երկրաշարժի գոտի հասկացությունը վերանա, իշխանությունը ձեւավորվի նորմալ ընտրություններով, ոչ թե ՀՀԿ-ի պարտադրած անհասկանալի ցուցակներով, նաեւ ինքը մասնակցի երկրի տնտեսության ձեւավորմանը, ոչ թե արտամղվել օլիգարխների կողմից, եւ որ երկիրը չմարդաթափվի, որպեսզի պետական կարիքների համար իրենք չունեզրկվեն, ու վերջապես, որ դիվանագետները դիվանագիտությամբ զբաղվեն, գիտնականները՝ գիտությամբ, պատգամավորները՝ օրենսդիր գործունեությամբ ու ոչ թալանով, բժիշկը՝ մարդ բուժի, գյուղացին՝ գյուղատնտեսությամբ զբաղվի ու վերջապես՝ մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է ԵՏՄ, որովհետեւ նրանց թվում է, որ ԵՏՄ-ն է կարգավորելու իր այս ցանկությունները»: Սակայն, ազգագրագետի ձեւակերպմամբ, ցավոք, մեր ժողովրդի մոտ 80 տոկոսի այսքան ցանկություններից «միայն այս մեկն ընտրվեց ի կատարումն»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031