Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունը թերֆինանսավորված է եւ պատշաճ չգնահատված

Դեկտեմբեր 10,2014 12:30

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, կրկնօրինակները՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Մեծարգո պարոն նախագահ, մենք մեր պարտքն ենք համարում բարձրաձայնել հայաստանյան գիտության առկա վիճակի մասին, որը շարունակում է մնալ թերֆինանսավորված եւ պատշաճ չգնահատված: Հայաստանի եւ այլ երկրների գիտության ֆինանսավորման մակարդակների միջեւ եղած ահռելի տարբերության հետեւանքով բազմաթիվ գիտնականներ արտագաղթել են Հայաստանից: Այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս՝ վտանգի տակ դնելով Հայաստանի գիտության ներկան եւ ապագան, այսպիսով, վտանգելով նաեւ մեր ազգային անվտանգությունը: ԽՍՀՄ փլուզման նախաշեմին` 1990թ., Խորհրդային Հայաստանում գիտության ֆինանսավորման մակարդակը կազմում էր ՀՆԱ-ի շուրջ 2.5%-ը, իսկ 2014-ին՝ 0.27%-ը: Այժմյան ցուցանիշը բազմաթիվ անգամներ հեռու է զարգացած երկրների գիտության ֆինանսավորման մակարդակից: Օրինակ, Իսրայելում այն կազմում է ՀՆԱ-ի 4.2%-ը, Ֆինլանդիայում՝ 3.1%-ը, Ավստրիայում՝ 2.5%-ը եւ այլն: Այս ցուցանիշով մենք նույնիսկ զիջում ենք հետխորհրդային շատ հանրապետությունների (օր., Էստոնիա՝ 1.1%, ՌԴ՝ 1.0%, Բելառուս՝ 0.9%, Ուկրաինա՝ 0.88%, Լիտվա՝ 0.82%, Լատվիա՝ 0.59%): Պատահական չէ, որ նման պայմաններում կտրուկ նվազել է գիտահետազոտական աշխատանքով զբաղվողների կամ գիտնականների քանակը՝ 21771-ից (1988թ.) դառնալով 5598 (2012թ.): Ընդ որում, միայն 2010-2012թթ. ժամանակահատվածում գիտնականների թվաքանակը մեր հանրապետությունում նվազել է շուրջ 1000-ով: Ոմանք լքել են գիտությունը՝ փոխելով իրենց գործունեության ոլորտը, իսկ ոմանք էլ շարունակում են իրենց գիտական հետազոտություններն այլ երկրներում:

Ընդհանրացնելով գիտության ոլորտի առկա խնդիրները՝ կարելի է առանձնացնել Հայաստանում գիտության զարգացման երկու հիմնական խոչընդոտ՝ գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացման համալիր հայեցակարգի՝ պետական քաղաքականության բացակայություն, գործող գիտնականների ոչ ադեկվատ ֆինանսավորում: Նշված խնդիրների պատճառով մեր գիտությունն էականորեն հետ է մնում միջազգային գիտությունից, իսկ գիտնականների, մասնավորապես, երիտասարդների արտահոսքը վաղ թե ուշ հանգեցնելու է գիտության վերջնական վերացմանը Հայաստանում: Հետեւաբար, այս խնդիրները պահանջում են անհապաղ լուծում՝ պետական ամենաբարձր օղակների մասնակցությամբ:

Մենք ակնկալում ենք, որ Ձեր կամ կառավարության ղեկավարի անմիջական մասնակցությամբ կմշակվի գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացման համալիր հայեցակարգ/քաղաքականություն, որը կարճ ժամանակում կվերականգնի Հայաստանի գիտության նախկին պոտենցիալը եւ կապահովի դրա կայուն զարգացումը: Պետական քաղաքականության մշակման գործընթացին պետք է մասնակցեն եւ՛ տեղացի, եւ՛ արտասահմանյան գիտնականներ, տարբեր նախարարությունների, արդյունաբերության եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Միայն բարձր պրոֆեսիոնալներից կազմված խումբն ի վիճակի կլինի ստեղծել այնպիսի հայեցակարգ, որն ուղղված կլինի դեպի ապագան եւ կնպաստի մեր գիտության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը: Գիտության զարգացման հետ կապված ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն գիտության նկատմամբ տարվող պետական քաղաքականության հիմքում.
Էականորեն ավելացնել գիտության պետական ֆինանսավորումը` կարճ ժամանակահատվածում այն հասցնելով ՀՆԱ-ի առնվազն 1%-ին, որը գիտության զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման նվազագույն շեմն է, որոշել գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացման կարեւորագույն ուղղությունները եւ մշակել համապատասխան պետական ծրագրեր, որոնք կհանդիսանան կատալիզատոր այդ ուղղությունների իրականացման համար:

Մեր համոզմամբ՝ այդ ուղղությունները պետք է սերտ առնչություն ունենան կառավարության կողմից արդյունաբերության գերակա ճյուղեր ճանաչված ոլորտների (ինչպես, օրինակ, դեղագործության եւ մեքենաշինության) հետ՝ նպաստելով այդ ճյուղերի մրցունակության բարձրացմանը, ընդունել գիտնականի աշխատանքի գնահատման հստակ չափանիշներ, որի շնորհիվ հնարավոր կլինի մաքսիմալ թափանցիկ կերպով ֆինանսավորել ժամանակակից եւ որակյալ արդյունքներ ապահովող գիտնականներին եւ գիտական խմբերին, միաժամանակ առավել լավ վերահսկել ֆինանսական հատկացումների արդյունավետությունը, ընդունել գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման եւ խրախուսման պետական ծրագիր, որը հնարավորություն կտա երիտասարդացնել ծերացող գիտությունը եւ լրացնել այն բացը, որ առաջացել է գիտնականների արտագաղթի պատճառով: Շատ կարեւոր է նման ծրագրի միջոցով ապահովել սահուն եւ անընդհատ սերնդափոխություն թե՛ ակադեմիական, թե՛ համալսարանական գիտության մեջ, խստացնել եւ միջազգային ընդունված չափանիշներով իրականացնել գիտական աստիճանաշնորհման եւ կոչումների բաշխման գործընթացները, ինչը թույլ կտա գիտությունը զերծ պահել շինծու գիտնականներից եւ վարկաբեկումից:

Օրինակ, գիտական աստիճանաշնորհման գործընթացում պետք է հաշվի առնել ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում տվյալ անձի տպագրությունների առկայությունն ու քանակը, ինչը գիտական գործունեության կարեւորագույն չափանիշներից մեկն է, աջակցել գիտության ոլորտում կազմակերպչական գործընթացի պատշաճ իրականացմանը: Մեր երկրում մաքսային համակարգի անճկունության հետեւանքով արտասահմանից գիտական սարքավորումներ կամ նյութեր ստանալը դարձել է բյուրոկրատական անտեղի քաշքշուկների պատճառ, որը հաճախ ավարտվում է ժամանակի եւ պատվիրված նյութերի հսկայական կորուստով: Պետք է գիտահետազոտական կառույցներին տալ հեշտացված մաքսային կարգով գործելու հնարավորություն՝ ազատելով գիտնականներին նման խնդիրներից եւ նպաստելով գիտության համար անհրաժեշտ նյութերի արագ հասանելիությանը,
ստեղծել արտասահմանում աշխատող հայազգի գիտնականներին Հայաստանի գիտության մեջ ներգրավելու ծրագիր: Նմանատիպ ծրագրերի շնորհիվ Իսրայելը, Սինգապուրը, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը օգտագործեցին իրենց գիտական սփյուռքի ներուժը՝ սեփական գիտության զարգացման համար: Հսկայական է նաեւ հայկական սփյուռքի գիտական ներուժը:

Օրինակ, շուրջ 100 հայազգի գիտնականներ ղեկավարում են կենսաբանական, կենսատեխնոլոգիական եւ դեղագործական լաբորատորիաներ աշխարհի լավագույն համալսարաններում եւ ինստիտուտներում, ստեղծել գիտություն-արդյունաբերություն/արտադրող կապի հստակ մեխանիզմ, որի միջոցով գիտնականների կողմից ստացված արդյունքները կարող են կիրառվել տնտեսության մեջ: Նման մեխանիզմի օրինակ կարող է լինել գիտահետազոտական ինստիտուտներին եւ համալսարաններին կից տեխնոլոգիաների տրանսֆերային կենտրոնների ստեղծումը, որոնք կզբաղվեն պատենտների ձեւակերպմամբ, շուկայի առկա պահանջների ուսումնասիրմամբ, համատեղ գիտատեխնոլոգիական արտադրանքների նախագծմամբ եւ այլն, կատարել օրենսդրական դաշտի այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն գիտության մեջ ոչ պետական/մասնավոր ներդրումների ծավալի մեծացմանը: Պետք է նկատի ունենալ, որ գիտության մեջ կատարվող ցանկացած ներդրում դա երկարաժամկետ եւ ռիսկային բազմաթիվ գործոններ պարունակող գործընթաց է, հետեւաբար պահանջում է հստակ պետական աջակցություն թե օրենսդրական, թե կազմակերպչական մակարդակներում: Օրենսդրական փոփոխության օրինակ կարող է լինել այնպիսի հարկային դաշտի ստեղծումը, որն առավելություններ կտա գիտատեխնոլոգիական արտադրանք ստեղծող գործարարներին:

Մենք գտնում ենք, որ գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացման պետական քաղաքականության մշակումը բխում է մեր պետության անվտանգության շահերից. այն հրատապ է եւ պետք է դառնա մոտ ապագայի կարեւորագույն նպատակներից մեկը: Մենք՝ ներքոստորագրյալներս, չհետապնդելով որեւէ քաղաքական, կուսակցական կամ անձնական շահ եւ առաջնորդվելով բացառապես այն խորը տագնապով, որն այսօր առկա է մեր գիտության եւ հայրենիքի ապագայի հանդեպ՝ կոչ ենք անում Ձեզ իրականացնել հստակ քայլեր մեր գիտության առկա վիճակի մեջ բեկում մտցնելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ Ձեր եւ մեր պատկերացումներում ապագա հզոր Հայաստանը չի կարող գոյություն ունենալ առանց գիտության, քանի որ՝ «այն պետությունը, որը չի զարգացնում գիտությունը, անխուսափելիորեն դառնում է գաղութ» (Ֆրեդերիկ Կյուրի):

Նամակը ստորագրել են Հայաստանում եւ արտասահմանում աշխատող 32 երիտասարդ գիտաշխատողներ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “…շուրջ 100 հայազգի գիտնականներ ղեկավարում են կենսաբանական, կենսատեխնոլոգիական եւ դեղագործական լաբորատորիաներ աշխարհի լավագույն համալսարաններում եւ ինստիտուտներում…”- եթե կարելի է, գոնե սրանցից 10-ի անունը թող հայտնեն: Չգիտեմ, թե որտեղից են 100 մարդ գտել:
    “…Մենք՝ ներքոստորագրյալներս, չհետապնդելով որեւէ քաղաքական, կուսակցական կամ անձնական շահ եւ առաջնորդվելով բացառապես այն խորը տագնապով…”-ցավում եմ, որ երիտասարդ գիտաշխատողները առանց որևէ շահ հետապնդելու դիմում են: Եթե միայն տագնապում են`թող հանգստանան:
    Եղած նույնիսկ փոքր գումարները Հայաստանում ծախսվում են աննպատակ: Այս պարագայում ոչ ոք չի ավելացնի գումարները`իմաստ չկա:
    Չէր խանգարի այս 32 երիտասարդ գիտնականի անունները մենք էլ իմանայինք`մանավանդ որ համապատասխան օրգանները արդեն վաղուց գիտեն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031