Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր տոնեց հիմնադրման 80 և վերաբացման 30-ամյակները:
1934 թվականից տնտեսագետներ պատրաստող ֆակուլտետի աշխատանքը 1974-ին ընդմիջվել էր, տասը տարի անց՝ վերսկսվել:
Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի համար այս տարիների ամենամեծ ձեռքբերումն այն կադրերն են, որոնք աշխատաշուկայում տեղ են գտնում և ֆակուլտետին պատիվ բերում: Սակայն նրան վրդովեցնում է տարածված կարծիքը, թե տնտեսագետներն ու նրանց աստիճանաշնորհումները շատ են. «Նման բարձրաձայնումներն արդարացի չեն,- ասում է դեկանը,- արդյո՞ք մեր առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները կարիք չունեն ու չեն ունենալու բարձրորակ տնտեսագետների: Իհարկե, ունեն: Խնդիրը չկայացած աշխատաշուկայի մեջ է, որ նորմալ կադրերը միշտ չէ, որ պահանջված են: Մտահոգիչ է, որ պետական կառավարման համակարգը և մասնավոր ընկերությունները դեռևս անտարբեր են գիտականորեն հիմնավորված լուծումների նկատմամբ: Ամենատարբեր մակարդակներում որոշումների կայացումը, ցավոք, հետամուտ է ընդամենը կարճաժամկետ էֆեկտի, որը, ինչպես հայտնի է, երկարաժամկետ առումով կարող է խիստ կորստաբեր լինել»,- ասում է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը նույնպես մասնակցում էր միջոցառմանը, արձագանքելով Հ. Սարգսյանի խոսքերին, ընդգծեց, որ որակյալ մասնագետները շատ չեն լինում, բայց եթե մենք ունենք շատ ուսանողներ, որոնք պատրաստ են իրենց գիտական կարողություններով պաշտպանել թեկնածուական թեզեր, ապա դա միայն ու միայն պատիվ է բերում ոչ միայն տվյալ բուհին, այլև, առհասարակ, մեր հասարակությանն ու պետությանը. «Եվ, ի վերջո, անհրաժեշտություն է 21-րդ դարում ունենալ կիրթ, գրագետ քաղաքացի: Մենք չունենք նավթ, գազ, չի էլ սպասվում, որ կունենանք, և մեր հիմնական պոտենցիալը մեր միտքն է, որովհետև մենք հազարամյակներ շարունակ ապրել, ստեղծագործել ու զարգացել ենք մեր մտքի շնորհիվ: 21-րդ դարի մարդը պետք է լինի կիրթ, իսկ կրթվածությունն սկսվում է նախակրթարանից, շարունակվում դպրոցում և իր զարգացումն ստանում համալսարանում: Այսօր մեր պետության, մեր հասարակության չարիքներից մեկը կիսագրագետ, տգետ, բովանդակությունից զուրկ, բայց ձև ունեցող անձնավորություններն են (գործիչ էլ չեմ կարող անվանել): Եվ մեր պրոբլեմը գալիս է նրանից, որ մենք, շատ դեպքերում, ուզում ենք ամեն ինչ իմանալ՝ առանց որոշակի մասնագիտության տիրապետելու»,- համոզված է ԱԺ փոխնախագահը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ