Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ տագնապի զանգեր` չեղած հոբելյանի շուրջ

Դեկտեմբեր 09,2014 22:08

Ռուսալեզու   թերթերից մեկում  լույս տեսած «Լռած  զանգակատուն: Ստեփան Պողոսյանի հոբելյանը ձեզ համար Պարույր  Սևակի հոբելյան չէ» վերտառությամբ  հոդվածը գրավեց ուշադրությունս՝ որպես  Սևակի պոեզիայի սիրահարի և  համերկրացու: Իրոք,  մտահոգվելու բան կար,    բայց  դա ոչ թե  «լռած Զանգակատունն» էր, այլ բուն հոդվածը:

Եվ այսպես, ինչի՞ մասին է ահազանգը:   Հեղինակն իրավացիորեն գտնում է, որ  տարին սևակյան է, քանի որ լրացավ  մեծ բանաստեղծ և քաղաքացի Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակը: Նշելով նախագահ  Սերժ  Սարգսյանի կողմից արված նվերի՝ մասին՝ Զանգակատուն գյուղում գարնանը կավարտվի   թանգարանի նոր մասնաշենքի շինարարությունը, այնուհետև նախատինքով գրում է, թե մշակույթի նախարարությունը գործնականում անմասն է մնացել հոբելյանից:  Նկարագրելով   Սևակի տուն-թանգարանի վիճակը՝ ցուրտ, հաճախորդների Սպակաս և այլն, ընդգծում է թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի դժհոգությունը , որ մեծ բանաստեղծի հոբելյանը  պատշաճ ուշադրության չի արժանացել՝  տնօրենը չի զգացել հոբելյանական մթնոլորտ:  «Համակրելի տնօրենը ցույց է տալիս Պարույրի հայրական կիսավեր տունը, որը լավ կլիներ նորոգել… »:

Հոդվածագիրը  ներկայացրել է նաև Սարդարապատի  թանգարանի տնօրեն, Սևակի ազգական Կարեն Արիստակեսյանի  կարծիքը, իբր, նա ակնարկել է, թե  լավ հասկանում է, թե ինչպես են կազմակերպվում հոբելյանները: Իհարկե, նկատում է, քանի տարի մշակույթի փոխնախարար է եղել: Ըստ նրա, հոբելյանն արժանիորեն կազմակերպելու համար հարկավոր է շարժիչ ուժ :  Ապա նա հիշել է, որ երկու տարի առաջ ԶԼՄ-ները տարփողում էին Ստեփան  Պողոսյանի 80-ամյակը, և եթերն ու մամուլը  հեղեղված էին նրա մասին դիֆերամբներով:

«Ինչ խոսք, -ամփոփելով նկատում է հոդվածագիրը, – նախարար-աղջիկ ունենալը շատ լավ բան է: Այսինքն՝ եթե Պարույր Սևակը նման զավակներ չունի, ուրեմն՝ հոբելյան չի լինի: Մշակույթի նախարարությանը դա հետաքրքիր չէ»:  Իսկ  վերջում , պատշաճ միջոցառումներ չկազմակերպելու մեղադրանքն ավարտում է  «գոնե  Սևակի հայրական տունը վերականգնելու և թանգարանի ջեռուցման հարցը» լուծելու հորդորով:

Եվ քանի  որ  և թանգարանի խնդիրներին   եմ  տեղյակ ,  և անձամբ տնօրենին  եմ ճանաչում, և մասնագիտությամբ պատմաբան եմ    ու Սևակի պոեզիայի երկրպագու՝ պարտքս համարեցի արձագանքել:

Նախ՝ ամենևին պարկեշտ չէ Ստեփան Պողոսյանի հոբելյանը կազմակերպելը  նախարարին երեսով տալու առիթ համարել, եթե նման բան եղած լիներ:  Շատ պարզ և անքննարկելի պատճառով՝  Ստեփան Պողոսյանը մեծավաստակ պատմաբան է՝ բարձր պաշտոնները մի կողմ թողած, չխոսելով այլևս այն մասին, որ նրա  աշխատությունները   Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ ուղղակի անփոխարինելի են:  Եվ ուրեմն՝   արժեր նշել՝ ով էլ լիներ մշակույթի նախարարը:    Մի խոսքով, ուղղակի ասենք՝ տգեղ և ոչնչով չարդարացված մեղադրանք էր:

Երկրորդը՝ Սևակի տուն- թանգարանի ջեռուցման հարցը, ինչպես հավաստեց Ավետիք Գրիգորյանը,  նախարարի հանձնարարականով որոշվել էր մինչև այդ հոդվածի լույսընծայումը.  արդեն հատկացվել է անհրաժեշտ գումարը:

Երրորդը՝ Սևակի հայրական տան հարցը հիմա բարձրացնելը մատնում է ոչ այնքան մտահոգությունը, այլ մի բան գտած լինելու ցանկությունը: Ի վերջո, գաղտնիք չէ,  հայրական տունը ամրացնելուն դեմ չլինելով՝  իրական և  լավագույն լուծումը  Սևակի ձեռքով կառուցված, նրա երազած տունը տուն-թանգարանի վերածելն է՝ նրա ժառանգների համար առանձնատներ կառուցելով փոխհատուցելու պայմանով: Դեռևս խորհրդային տարիներից քննարկվող այդ հարցը, սակայն, լուծում չունի տարբեր, այս  հոդվածի  շրջանակներից դուրս, պատճառներով:

Չորրորդը՝ Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի զարմանքը.  «Բայց ես ընդամենը նկատել եմ, որ կարելի էր ավելի մեծ մասշտաբներով նշել, թե չէ՝ իհարկե, նշել ենք, իհարկե, նախարարի ուշադրության պակաս չկա…. Ապշած եմ: Կամ ի՞նչ կապ ունի Ստեփան Պողոսյանի հոբելյանը:  Միթե միայն այն պատճառով, որ նախարարի հայրն է,    նրան պետք է անտեսեի՞ն:  Բայց  նրա գործը , որպես պատմաբանի, արժանի է խոնարհումի…  Բառեր չեմ գտնում: Անկեղծորեն կրկնեմ՝ այո, կուզեի, որ ավելի շուքով նշվեր Սևակի հոբելյանը, բայց  մարդկայնորեն չեմ հասկանում կես-բերան դժգոհությունը այսքան ուռճացնելը և այդքան անմաքուր միտումով օգտագործելը: Նաև նստահ եմ, որ հնարավորության դեպքում նախարարությունն ավելին կաներ:

Եվ, վերջապես, ամեն ինչ առջևում է, ու Սևակի  նման մեծության հիշատակը նշելու, նրան մեծարելու, նորից ու նորից ներկայացնելու հազար եղանակ կա, այդ թվում՝ գրքերը վերահրատակելը, ինչը արվում է.  որպես թանգարանի տնօրեն ես էլ էի առաջարկներ ներկայացրել և վստահ եմ, որ  նախարարի ուշադրությունից չի վրիպել»:

Կարծում եմ՝ մեկնաբանության կարիք էլ չկա: Մանավանդ որ…. իրականում     Ստեփան Պողոսյանի հոբելյանը որևէ կերպ չի նշվել:

Արա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031