«Ազատամարտիկների դաշինք»-ի հայտարարությունը հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Այսօր որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ երեկ երեկոյան ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ:
Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:
Ազատամարտիկները նաև հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման և կոչ արել մարտական ընկերներին վաղը՝ դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով: