Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան նաեւ օգնում է աղքատ երկրներին զարգանալ

Դեկտեմբեր 09,2014 20:45

«Կոռուպցիան ավելի վատն է, քան մարմնավաճառությունը, որովհետեւ, եթե մարմնավաճառությունը մեկ անձի է վնասում, ապա կոռուպցիան վնասում է բոլորին»,- ավստրիացի գրող եւ լրագրողի այս խոսքերով այսօր ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակում իր շնորհանդեսը սկսեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Խաչիկ Հարությունյանը: Նա հետազոտության որոշ տվյալներ ներկայացնելով, նշեց, որ Հայաստանում հարցվածների 63%-ը համաձայն չէ, որ ինքը կարող է որպես օրինական քաղաքացի փոփոխություն մտցնել հակակոռուպցիոն գործունեության մեջ:

Սա, ըստ պարոն Հարությունյանի, բարձր ցուցանիշ է, իսկ ահա Բանգլադեշում հարցվածների ընդամենը 8%-ն է կարծում, որ չի կարող փոփոխություն մտցնել հակակոռուպցիոն գործունեության մեջ, իսկ Զիմբաբվեում այդպես է կարծում հարցվածների 44%-ը:

Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր այն հարցին` թե որեւէ կապ կա՞ երկրի աղքատության մակարդակի եւ կոռուպցիայի բարձր ցուցանիշների միջեւ, պարոն Հարությունյանն ասաց. «Ամենալավ վիճակում Սկանդինավյան պետություններն են, սրանք բարեկեցիկ երկրներ են: Բայց դուք շատ նուրբ հարց եք տալիս, որին միանշանակ պատասխան չկա գիտության մեջ, բայց կա տեսություն, ըստ որի, կոռուպցիան աղքատ պետություններին օգնում է, որպեսզի զարգանան: Օրինակ են բերում Հարավային Կորեան, որը մինչեւ դարձավ զարգացած երկիր, ինքը անցավ շատ լուրջ փորձությունների միջով: Կոռուպցիան այնտեղ շատ էր, մի քանի` 8-9 ընտանիք կարողացան կոնսոլիդացնել ռեսուրսները, որից հետո սկսեցին զարգանալ: Մեկ այլ տեսություն էլ կա, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը բերում է երկրի զարգացմանը, ասենք մենաշնորհներ չեն լինում, օրենքը գործում է բոլորի համար, դատարաններն անկախ են, ներդրողները շատանում են եւ այլն»:

Aravot.am-ի հարցին` կոռուպցիայի դեմ պայքարի ո՞ր երկրի օրինակն է մեզ համար ընդունելի, կամ կա՞ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն փորձ, պարոն Հարությունյանը նշեց Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ ընկած Բութանի Թագավորության օրինակը: Այս երկրի Սահմանադրության մեջ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պայքարել կոռուպցիայի դեմ, ըստ պարոն Հարությունյանի, այս մեթոդը բավականին լավ արդյունք է տվել. ասենք Բութանի քաղաքացին նկատել է, որ պետավտոտեսուչը կաշառք է վերցրել, քաղաքացին պարտավոր է դիմել իրավապահ մարմիններին: Մեր այն դիտակմանը` արդյոք սա կաշխատի՞ մեր հասարակության մեջ, քանի որ այս դեպքում նման մարդկանց կորակեն «գործ տվողներ», ինչը մեղմ ասած` պատվաբեր չէ, փորձագետն այսպես պատասխանեց. «Ազդարարների խնդիր կա, այսինքն` տվյալ մարդն իրականում համարվում է ազդարար, ոչ թե գործ տվող, եւ ազդարարների նկատմամբ հասարակության դրական կարծիք ձեւավորելու խնդիր էլ կա: «Գործ տվողները» խնդիր է նաեւ զարգացած երկրներում, բայց դրա լուծման տարբերակներ կան Հարավային Կորեայում` ազդարարներին խրախուսելն է: Օրինակ` եթե ազդարարի ահազանգի հետեւանքով քրեական գործ է հարուցվում, եւ եթե  դրա շրջանակներում պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնվում է, ապա այդ գումարի որոշակի տոկոսը ազդարարին են տալիս: Սա խթանում է ազդարարի ինստիտուտի կայացմանը: Ամերիկայում այլ ընթացակարգ է` քաղաքացին իրավունք ունի դատարան դիմել հայցով այն մարմինների դեմ, որոնց պետական իրավապահ մարմինը մերժում է հետաքննել, կամ հայց ներկայացնել: Հայաստանի նման երկրում արդյունավետ չի աշխատի ազդարարի մեթոդը, որովհետեւ մի կողմից դրանով մենք պայքարն արդյունավետ ենք դարձնում, բայց մյուս կողմից ժողովրդի բարոյական վիճակին ենք շատ ուժեղ հարվածում: Այդ դեպքում տեսականորեն հնարավոր է լինեն դեպքեր, երբ քաղաքացին կարող է կրկին մտնել գործարքի մեջ պաշտոնյայի հետ ու ասի` գիտես, ես կդիմեմ քո դեմ այսինչ մարմնին, ինձ տոկոս է հասնելու, ասենք` 100 հազար դրամ, արի համաձայնության գանք.  այսինքն` կոռուպցիոն ռիսկ կա: Ուստի նախ պետք է աշխատել, որ արժեքային համակարգը փոխվի, մարդկանց իրավագիտակցությունը բարձրանա»:

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշներ է  հրապարակել: Ըստ այդմ, եթե անցյալ տարի Հայաստանը 117 երկրների շարքում կոռուպցիայի մակարդակով 94-101-րդ տեղում էր, ապա այս տարի 175 երկրների շարքում կիսում է 94-99-րդ տեղերը։ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013 թվականի հուլիսին հրապարակած տվյալներով, Հայաստանում առավել կոռումպացված ոլորտներն են` պետական ծառայությունը, դատական համակարգը եւ առողջապահությունը, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 1-ից 5 բալանի սանդղակի վրա կազմում է 4, ոստիկանությունը՝ 3,9 իսկ կրթությունը՝ 3,7:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031