Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ վաղ է գրաբարը դպրոցներում պարտադիր առարկա դարձնելու մասին խոսելը». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 09,2014 20:15

Արարատյան հայրապետական թեմն (ԱՀԹ) այս տարի առաջին անգամ իրականացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը՝ նպատակ ունենալով մատաղ սերնդին վերադարձնելու հայրենի ժառանգության բանալին, ցույց տալու, որ այն սովորելու համար լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ չկան:

Ծրագրի շրջանակներում Երևանի ավագ դպրոցներում կազմակերպվել են միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, գրաբարի տեսադասընթացների ցուցադրություններ՝ ուսուցիչների ու աշակերտների ջանքերով:

Ծրագրի ընթացքում ուսուցիչներն աշակերտներին նախապատրաստել են գրաբարի առաջին օլիմպիադային, որն անցկացվել է գրավոր և բանավոր փուլերով:

Ահա այսօր ԱՀԹ առաջնորդարանում ամփոփվեցին «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքները, և լավագույն երեք աշակերտներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվեցին: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ն էլ ստացան խրախուսական մրցանակներ: Դպրոցներից ներկայացված հայտերով, ընդհանուր առմամբ, շուրջ 90 աշակերտ է մասնակցել օլիմպիադային:

Օլիմպիադայում առաջին տեղն զբաղեցրած Լիանա Պողոսյանը, որը սովորում է Երևանի թիվ 97 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրաբարի հանդեպ սերն իր մեջ դեռևս հիմնական դպրոցում սովորելու տարիներին է ձևավորվել, իսկ օլիմպիադային որոշել է մասնակցել հետաքրքրությունից դրդված. «Կարծում եմ, որ շատ կարևոր ծրագիր է երիտասարդներին համախմբելու, դեպի հայկական արմատները տանելու առումով: Ինձ նաև ոգևորում է այն, որ արդեն կարողանում եմ առավել հեշտությամբ կարդալ ու հասկանալ Աստվածաշունչը, կարողանում եմ պատարագները ոչ միայն լսել, այլև ընկալել, որովհետև մի բան է այդ գեղեցիկ ելևէջները լսելը, մեկ այլ բան՝ դրանք հասկանալը»,- ասաց Լ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է գրաբարը դպրոցներում պարտադիր առարկա դարձնելուն, ՀՀ կրթության և գիտության (ՀՀ ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը, որը նույնպես մասնակցում էր միջոցառմանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը. «Այս նախաձեռնության իմաստն ու կարևորությունը նրանում է, որ այն պարտադրված չէ: Գուցե նաև այդ պատճառով է, որ այն վարակում է, պարուրում ու «տանում»: Մինչև բյուրոկրատական որոշումը, այս նախաձեռնությունը պիտի շարժում դառնա, պիտի համապատասխան պահանջարկ ձևավորվի, որովհետև դուք գիտե՞ք՝ ինչքան խիտ, ինչքան ծանր են դպրոցական ծրագրերը: Ես կարծում եմ, որ գրաբարը պարտադիր կերպով պետք է դասավանդվի ավագ դպրոցների այն հոսքերում, որոնք նախապատրաստում են երեխաներին հումանիտար մասնագիտություններով սովորելու: Բայց դա մոտ ապագայում, ո´չ հիմա: Հիմա գրաբարը տոն է, բերկրանք, հպարտություն, սեփական ես-ը շոյելու տարբերակ, ինքնազարգացման փուլ»,- ասաց ԿԳ նախարարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031