«Ես իրավունք չունեմ և էթիկայի առումով իրավասու չեմ դատապարտելու ԱԺ նախագահի խոսքերը կամ մեկնաբանելու»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք չի՞ դատապարտում ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի՝ լրագրողների հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերը կոռուպցիայի թեմայով, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսի վերջում անակնկալի բերելով լրագրողներին նշել էր. «Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա, նաեւ պայքար կա, բայց դա համաժողովրդական պայքար չէ, որովհետեւ ցանկացած կառույց ՀՀ-ում, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է: Դա վերաբերում է ե՛ւ հասարակական կազմակերպություններին, ե՛ւ լրատվությանը, ե՛ւ լրագրողներին: Լրագրողները ձեռքերը վեր են պարզում՝ չմտածելով, որ ամեն օր գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում»:
Սուրեն Քրմոյանը չժխտեց, որ այդուհանդերձ բոլոր ոլորտներում կոռուպցիա կա, և հաճախ այդ երևույթները մամուլից հնչում են դեպի պետական մարմիններ և հակառակը: Պարոն Քրմոյանը կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարում ԶԼՄ-ների հետ համագործակցությունը ու շեշտեց. «Առանց ԶԼՄ գործիքի հնարավորություն չունենք այդ երևույթի դեմ պայքարել. փոխադարձ հարգանքն ու փոխգործակցությունը լուրջ արդյունքների կհանգեցնեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պ-ն Քրմոյան ,դու անկախ չես եւ վախենում էս աթոռտ կորցնես,այստեղ այլ խնդիր չիք…