Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահը զգուշացրեց՝ չի բացառվում, որ որոշ բանկերի ղեկավարներ զրկվեն արտոնագրից, աշխատակիցներ ազատվեն գործից

Դեկտեմբեր 09,2014 19:30

Կենտրոնական բանկում այսօր կայացած ասուլիսը, որի հիմնական բանախոսը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էր, սակայն ներկա էին նաեւ նրա տեղակալը, ԿԲ խորհրդի անդամներ, մի նպատակ ուներ՝ հանրությանն իրազեկել, որ «Կենտրոնական բանկը իրավիճակը միշտ պահում է վերահսկելի»:

Թվարկելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրամի կտրուկ արժեզրկման պատճառները՝ պարոն Ջավադյանը նշեց ԱՄՆ տնտեսության վերականգնումը, որին, բնականաբար, հետեւեց դոլարի արժեվորումը, ապա՝ ՌԴ-ի հանդեպ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներն ու նավթի գների անկումը, ինչին հետեւեց ռուբլու արժեզրկումը, եւ վերջապես ներքին գործոնը՝ ՀՀ քաղաքացիների խուճապային տրամադրությանը, եւ դրանով պայմանավորված՝ դրամական եւ վարկային միջոցները արտարժույթի վերածելու ցանկության հանկարծակի բռնկումը:

Այս ամենը հանգեցրեց դրամի որոշակի արժեզրկման, սակայն, ըստ ԿԲ նախագահի, դա ժամանակավոր խնդիր է, քանի որ Հայաստանում վարվում է «խելամիտ մակրոտնտեսական քաղաքանություն», ունենք կայացած բանկային համակարգ, եւ բոլոր կարեւոր ֆինանսատնտեսական ցուցանիշները՝ արտաքին պարտքի, արտաքին պահուստների, գնաճի, բյուջեի պակասուրդի եւ բանկային համակարգի, վերահսկելի մակարդակում են գտնվում:

Այդուհանդերձ, ԿԲ-ն, իրականացնելով իր անմիջական նպատակը՝ գների կայունությունը ապահովելու համար, ինչպես նաեւ՝ արժույթի շուկայում շոկային տատանումները թույլ չտալու նպատակով, որոշակի քայլեր է իրականացրել՝ դրամի արժեզրկումը կասեցնելու, դոլարի դիֆիցիտը փակելու համար:

Այսպես, բոլոր առեւտրային բանկերին Կենտրոնական բանկը տրամադրել է կանխիկ արտարժույթ՝ առանց սահմանափակումների, շուկայում չարաշահումները բացահայտելու եւ կանխելու համար տարվում են լուրջ աշխատանքներ, եւ, ըստ Արթուր Ջավադյանի, արդեն իսկ ավելի քան տասնյակ վարույթներ են հարուցվել՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով սպեկուլյատիվ գործողությունների դիմած սուբյեկտների հանդեպ: «Կլինեն խիստ պատիժներ, չի բացառվում անգամ խարդախության դիմած բանկի կառավարչին արտոնագրից զրկելու որոշում կայացվի, ապօրինություն թույլ տված աշխատակիցներին աշխատանքից ազատեն եւ այլն: Բանկերի հանդեպ մոտեցումը, օրենքի համաձայն, այլ է, քան՝ փոխանակման կետերի: Բանկերի հանդեպ վարույթներ ենք սկսում, ուղարկել ենք իրենց վարույթի մասին գրությունները, ասել ենք, թե ինչ խախտումներ ենք գտել: Նրանք  մի շաբաթում պետք է պատասխանեն, բացատրություն տան, ունենան պաշտպանվելու հնարավորություն, որից հետո նոր կլինեն պատժիչ գործողություններ: Իսկ փոխանակման կետերը տուգանվում են միանգամից.  ես տեղյակ եմ, որ 4 մլն դրամի տուգանք է եղել՝ մեկ փոխանակման կետում, եւ այդպիսի կետերը 7-8-ն են», -ասաց ԿԲ նախագահը:
Այդուհանդերձ, նա առայժմ զերծ մնաց անուններ տալուց, խոստանալով դրանք տրամադրել՝ վարույթները ավարտին հասցնելուց հետո:

Ըստ պարոն Ջավադյանի, խուճապային տրամադրությունները, որոնք բնակչության մեջ սրվում էին՝ սպեկուլյատիվ գործողություններ կատարող օբյեկտների՝ փոխանակման կետերի եւ առեւտրային բանկերի որոշ քայլերի պատճառով, հանգեցնում են արտարժույթի գնման եւ վաճառքի արժեքների միջեւ լուրջ տարբերության, սկսում են տարածվել ապրանքների գնաճի մասին անհիմն խոսակցություններ, որոնք էլ առաջացնում են համապատասխան սպասումներ, եւ արդյունքում՝ արհեստական գնաճ է տեղի ունենում: Ի դեպ, Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ փոխարժեքը գնաճի վրա ազդող թեեւ կարեւոր, բայց ոչ որոշիչ գործոն է, քանի որ ներմուծված ապրանքները, որոնց վրա ազդում է փոխարժեքի տատանումը, կազմում են մեր սպառողական զամբյուղի 37%-ը միայն: ԿԲ-ի կատարած հաշվարկներով՝ փոխարժեքի փոփոխությունը կարող է հանգեցնել 1,5-2% լրացուցիչ գնաճի առաջիկա վեց ամիսների ընթացքում, սակայն մեկ տարվա ընթացքում այդ ազդեցությունը կչեզոքանա:

Իսկ խուսափելու համար արհեստական գնաճից, որն առաջանում է սպասումների արդյունքում եւ տակում չունի իրական հիմք, Կենտրոնական բանկը հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սպեկուլյատիվ նպատակներից՝ շահույթ ստանալու նպատակով արտարժույթի առքուվաճառքից: Բացի այդ, ԿԲ-ն մինչեւ տարեվերջ ամեն օր առեւտրային բաներին վաճառելու է արտարժույթ՝ սկզբից օրը 6 մլն դոլարի չափով, ապա քիչ-քիչ նվազեցնելով քանակը՝ տարեվերջին հասցնելով 0-ի: Այս քայլը ԿԲ նախագահը չի համարում ԿԲ որդեգրած «լողացող փոխարժեքի» կուրսից շեղում, քանի որ կարճաժամկետ քայլ է եւ փոխարժեք հաստատելու նպատակ չի հետապնդում, այլ կբերի շուկայի հավասարակշռման:
Արթուր Ջավադյանն ասաց, որ Կենտրոնական բանկը պարբերաբար իրականացնում է տարատեսակ սթրես-սցենարներ, որոնք նպատակ ունեն գնահատելու մակրո եւ միկրո մակարդակի շոկերի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի, եւ անգամ առանձին բանկերի վրա: Այդ բոլոր թեստերը ցույց են տալիս, որ մեր բանկերը բավականաչափ կայացած են՝ ռիսկերը կլանելու համար: «Այսօր Հայաստանի բանկային համակարգը բավականաչափ կապիտալացված է եւ ունակ է դիմակայել շատ ավելի խիստ ցնցումներին: Մեր բանկերը բավականաչափ բարձր իրացվելի ակտիվներ ունեն, անհրաժեշտության դեպքում շատ արագ կարող են կանխիկացվել՝ ավանդատուների պահանջները բավարարելու համար»,- բանկերի կրախից եւ ավանդների փոշիացումից մինչեւ հիմա հոգեբանական վախ ունեցող ՀՀ քաղաքացիներին հանգստացրեց Արթուր Ջավադյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Այս մարդը մկան ականջում քնած է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031