«Ժուլետա Ամարիկյանը եղբոր ընտանիքի անդամների հետ անհաշտ կյանքով է ապրել եւ ցանկացել է, որպեսզի առանձնանա եւ իր ծնողներից որպես ժառանգություն ստացած գույքը օգտագործի»,- այսօր` դեկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ժուլետա Ամարիկյանի գործը ներկայացրեց նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքերով` մեկ օր ոստիկանության աշխատակիցները հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների հետ ներխուժել են նրա բնակարան, վերջինս էլ ոստիկանություն է դիմել, սակայն այդ ոստիկաններն էլ են միացել բժիշկներին եւ Ժուլետա Ամարիկյանին բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց. «Ըստ Ժուլետա Ամարիկյանի` նա հոգեբուժական հիվանդանոցում ոչ մի զննության չի ենթարկվել: 5 օր հետո դատարանը որոշում է կայացրել Ժուլետա Ամարիկյանին հոգեբուժարանում հարկադրաբար տեղավորելու մասին: Վճռի համար հիմք են հանդիսացել նրա եղբոր տված բացատրությունները` որպես Ժուլետա Ամարիկյանի ներկայացուցիչ: Նա հաստատել է, որ իրականում վեճ կա, եւ քույրը ստիպում է բնակարանը վաճառել, սակայն ինքը չի կարող վաճառել, քանի որ փոքր երեխաներ ունի: Դատարանն էլ որոշել է` Ժուլետա Ամարիկյանը կարիք ունի հոգեբուժական հիվանդանոցում բուժման, այդտեղ եղել է 4 տողանոց եզրակացություն հետեւյալ բովանդակությամբ, որ Ժուլետա Ամարիկյանը տառապում է զառանցական խանգարումներ հիվանդությամբ, նրա վիճակը անկայուն է եւ ենթակա է հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժման»:
15 օր հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի աշխատակիցները այց են կատարել հոգեբուժական հաստատություններ, որոնցից մեկում էլ հանդիպել են Ժուլետա Ամարիկյանին, հասկացել են իրավիճակը եւ դիմել փաստաբանի: Մի քանի օր հետո Ժուլետա Ամարիկյանին հոգեբուժական հաստատությունից` որպես առողջացած ազատել են. «Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ հոգեբուժական հաստատությունում շատ կոպիտ գործողություններ են կատարվել, մենք խոշտանգման փաստով անգամ Եվրոպական դատարան բողոք ենք ներկայացրել, շատ անմարդկային վերաբերմունք է եղել նրա նկատմամբ: Այդ մեկ ամիսը նա շատ ծանր պայմաններում է գտնվել` առաջին 1 շաբաթը ընդհանրապես ոչ մի բան չի կերել, չի ունեցել սեփական մահճակալ, նրան թույլ չեն տվել զբոսնել, չի լողացել, չի ունեցել օճառ, զուգարանի թուղթ»:
Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ դրանից հետո իրենք դատարանի այդ վճիռը բողոքարկել են, Վերաքննիչ դատարանը բեկանել է, հետ է ուղարկել առաջին ատյանի դատարան, իսկ առաջին ատյանի դատարանը մերժել է հոգեբանական հաստատության դիմումը եւ հաստատել է, որ Ժուլետա Ամարիկյանը առողջ է: Որից հետո էլ կողմը դիմել է Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քրեական գործ հարուցվի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ