Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները խստորեն քննադատել են Ադրբեջանին՝ լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելու համար:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին և մտահոգություն է հայտնել 2 ամսով նրան կալանավորելու դատարանի որոշման առնչությամբ, փոխանցում է «Կոնտակտ»-ը:
«Կալանավորման ոչ մի անհրաժեշտություն չկար: Սա բացասական ուղերձ է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը և միջազգային հանրությանը», – ասել է Յագլանդը դեկտեմբերի 9-ին տարածած հայտարարության մեջ, – «Սա ցույց է տալիս, թե ինչ ծանր վիճակում են գտնվում անկախ ԶԼՄ-ները և երկրի քաղաքացիական հասարակությունը, և հակասում են Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ես կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայլովային և Ադրբեջանում Եվրախորհրդի մյուս գործընկերներին»:
Իսմայլովայի նկատմամբ հետապնդումների առիթով Ադրբեջանի իշխանություններին դատապարտել է նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ նշելով, որ լրագրողի հետ վերջին անգամ հանդիպել է հոկտեմբերին Բաքվում ու նրա մեջ նկատել «վճռականությունն ու դրական տրամադրվածությունը պաշտպանելու նրանց, ովքեր արդեն ձերբակալված են կամ ենթարկվում են հետապնդումների»:
Կարդացեք նաև
«Ես շատ խիստ դատապարտում եմ կալանավորումը ու դիտարկում եմ այն որպես քրեական օրենսգրքի հերթական ընտրովի կիրառումը այն մարդկանց դեմ, որոնք քննադատում են իշխանություններին», – հայտնել է Մուժնիեկսը՝ ավելացնելով, որ կալանավորումից մի քանի ժամ առաջ Իսմայլովան կապվել էր իր գրասենյակի հետ՝ կապված մի լրագրողի գործի հետ:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովան ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Նա մեղադրվում է իր նախկին գործընկերոջը ինքնասպանության դրդելու մեջ: Դեկտեմբերի 8-ին լրագրողներից, իրավապաշտպաններից և նրա ընկերներից կազմված մի խումբ մարդիկ Ադրբեջանի ԱՄՆ դեսպանատան առջև ցույց են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել Իսմայլովային:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ