Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակի բենեֆիսը (պատմվածք)

Դեկտեմբեր 09,2014 17:00

Մեր շենքի երկրորդ մուտքի երրորդ հարկում ապրող Փայլակը մանկուց վազել շատ էր սիրում: Առավոտյան հենց որ արթնանում էր, հագնում էր սպորտային հանդերձանքը, անմիջապես բակ իջնում ու վազ տալիս թաղամասի մայթերով: Ճանապարհին հանդիպող որոշ մարդիկ հաճախ էին նրան հարցնում, թե ինչու՞ է ամեն օր նա վազում:

-Առողջության համար,-կարճ ու կտրուկ պատասխանում էր Փայլակը ու շարունակում վազել:

-Երիտասարդ տղա ես, քեզ ի՞նչ է եղել, որ առողջ չես,-փնթփնթում էին տարեցները:

Վախենալով, որ առավոտյան վազելուց կմրսի, կհիվանդանա, հաճախ մայրն էլ էր հանդիմանում, երբ Փայլակը վազքից հետո տուն էր վերադառնում ու սառը ջրով շփում մարմինը:

Իհարկե, Փայլակը ամաչում էր այն բոլոր երեխաների փոխարեն, ովքեր ծուլության պատճառով չէին զբաղվում առավոտյան վազքով կամ գոնե մարմնամարզությամբ:

Դե, նրանք այնքան էլ համաձայն չէին Փայլակի հետ, թե առավոտյան վազքը կամ մարզանքը առողջարար է, նույնիսկ ուշադրություն էլ չէին դարձնում նրան՝ մտածելով, թե իր գործն է, ինչքան ուզում է թող վազի:

Անցան տարիներ: Փայլակը դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով, մեդալ ստացավ, ընդունվեց համալսարան, բայց վազելը չթողեց և էլի շատերը երբեմն հարցնում էին, թե ինչու՞ է առավոտյան շուտ այդքան վազում:

Տո, ձեր ի՞նչ գործն է, թե ինչու՞ է Փայլակը վազում: Թողեք, որ մարդը հանգիստ իրեն համար վազի, էլի:

Փայլակը համալսարանը հաջողությամբ ավարտեց, ընդունվեց մագիստրատուրա, բայց առավոտյան վազելը չթողեց: Գնում էր ուսումնական գործնականի, էլի առավոտյան վազում էր: Ասպիրանտուրա ընդունվեց, բայց վազելը չթողեց: Մարդը վազել շատ էր սիրում հո չես կարող արգելել: Թեկնածուականը պաշտպանեց, բայց վազելը չթողեց:

Հետո աշխատանքի անցավ տեղեկատվական տեխնոլոգիաներով (ՏՏ) զբաղվող մի հիմնարկությունում, բայց վազելը մնում էր նրա առաջնահերթության ծրագրերում: Հիմա էլի, երբ անծանոթ քաղաքացիների էր հանդիպում վազելիս, էլի հարցնում էին, թե ինչու՞ է առավոտյան անուշ քունը թողած մայթերն ու այգու վազքուղիները չափչփում:

Այդպես խաղաղ, իրեն համար առավոտյան շարունակում էր վազել Փայլակը, ուշադրություն չդարձնելով ոչ մեկի ասածին, երբ մի օր էլ, աշխատանքի ժամին իրենց բաժին մտավ ՏՏ ընկերության “առողջ ապրելակերպ” հասարակական շարժման ներկայացուցիչը:

-Ձեր բաժինը նույնպես պետք է մասնակցի ՏՏ «հասարակական շարժման» կողմից կազմակերպած սպորտային միջոցառումներին, խնդրում եմ, յուրաքանչյուր ոք իր համար ընտրի իրեն հոգեհարազատ մի սպորտաձև՝ առաջիկա մրցումներին պարտադիր պայմանով մասնակցելու համար:

Որոշ քննարկումներից հետո, բաժնի աշխատակիցներից ամեն մեկը ընտրեց իր նախասիրած սպորտաձևը և երբ հերթը հասավ Փայլակին, նա, բնականաբար, հայտարարեց, որ կմասնակցի 1500 մ վազքի մարաթոնին, որպես համբավ ունեցող վազքասեր:

-Երկու օրից միջոցառումը սկսվելու է, քիչ ժամանակ ունեք, պետք է պատրաստվեք,-ասաց ներկայացուցիչը,-ապա ավելացրեց,- հարցեր կա՞ն:

-Գոնե մի շաբաթ էլ չմարզվե՞նք,-հարցրեց մասնակիցներից մեկը:

-Կարևորը միջոցառմանը մասնակցելն է, արդյունքները այնքան էլ առաջնային չեն-շեշտեց ներկայացուցիչը,- ժամանակ չունենք, ուրիշ հարցեր կա՞ն, չկա՛ն, դե ես գնացի,-ասաց նա և դուրս եկավ սենյակից, հաջողություն մաղթելով ապագա մասնակիցներին:

Իհարկե, Փայլակի համար խնդիր չկար, նա ամեն օր էլ վազում էր և արդյունքում՝ մարզվում ու համոզված էր, որ հաղթող է լինելու իր ընտրած մարզաձևում, անպայման:

Երկու օրը շատ արագ անցավ և եկավ միջոցառման օրը: ՏՏ կազմակերպությանը պատկանող մարզադաշտը տոնականորեն զարդարված էր և նստատեղերը այնքան զբաղված, որ ասեղ գցելու տեղ չկար: Հավաքվել էին բազմաթիվ մարզասերներ ու մարզիկներ, ՏՏ ընկերության ղեկավարներ, քաղաքապետարանից հրավիրված հյուրեր:

Մի քանի մարզաձևերից մրցումները արդեն ընթացքի մեջ էին, երբ մարզադաշտի բարձրախոսով հնչեց հաղորդավարի խրոխտ ձայնը.

-Վազքուղի են հրավիրվում 1500 մ մարզաձևի մասնակիցները, որոնք յոթն են,- և մարզադաշտով մեկիկ-մեկիկ հնչեցրեց մասնակիցների անուն-ազգանունները՝ այբբենական կարգով, որոնց մեջ ամենավերջում, բնականաբար, նաև Փայլակ Փայասլյանի հնչեղ անուն-ազգանունը:

Իսկ քանի որ հաղորդավարը Փայլակի անունն էր արդեն հնչեցրել, հետևաբար, նա արագորեն հանեց վերնաշապիկը, տաբատը, դրանք ծալեց, դրեց նստարանի վրա, հետո հանեց կոշիկները, հագավ սպորտային “բոթասները” և հիմա ճեպ-ճերմակ մայկայով և վառ-կարմիր տրուսիկով դանդաղորեն մոտեցավ վազքուղու մեկնարկային գծին, որտեղ արդեն շարվել էին մնացած վեց մասնակիցները: Փայլակը իր անունին հարիր փայլում էր շարված մասնակիցների մեջ, որի վառ, շքեղ հեռապատկերի վրա նրանք անշուք, դալկացած ու գորշ տեսք ունեին:

Լսվում է սպորտային օդամուղ ատրճանակի կրակոցի ձայնը, որով ազդարարվում է 1500 մ վազքատարածության մասնակիցների մեկնարկը:

Փայլակը արագությամբ պոկվում է տեղից ու սլանում առաջ, որով ցանկանում է հոգեբանական ճնշում գործադրել մյուս մասնակիցների վրա, հենց մեկնարկից խլել նախաձեռնությունը, իսկ մնացածը արդեն տեխնիկայի գործ է՝ առաջին հորիզոնականում հայտնվելու համար:

Սակայն քիչ անց զգացվում է, որ նա իր հաշիվների մեջ սխալվել է, քանի որ մարզադաշտի վազքուղու առաջին պտույտի ավարտից հետո նրա մրցակիցներից երեքը առաջ էին անցել իրենից և սկսում են երկրորդ պտույտը: Տեսանելի էր, որ այս երեքի վրա Փայլակի հոգեբանական ճնշումը գրեթե չէր ազդել:

Իսկ ահա երկրորդ շրջանի ավարտին հոգեբանական արգելքը հաղթահարում են մնացած երեք վազողները ևս և Փայլակից առաջ անցնում:

Երրորդ շրջանի վերջում Փայլակը նորից վազում էր բոլորի առջևից՝ ետևում թողնելով մնացած վեց մրցակիցներին, միայն այն տարբերությամբ, որ գրեթե մեկ շրջան պակաս էր վազել նրանցից:

Վերջին, չորրորդ շրջանի կեսից ավելին Փայլակը վազքուղում մնացել էր մենակ, քանի որ նրա վեց մրցակիցները արդեն ավարտել էին վազքատարածությունը:

Փայլակը հազիվ էր շարժում ոտքերը, կարծես նրանցից ծանր մետաղյա կշռաքարեր էին կախված և մի պահ արդեն որոշեց թողնել վազքուղին, սակայն այդ նրան չհաջողվեց, քանի որ կողքից վազող և քաջալերող ընկերները նրան հրեցին վազքուղի և հարայ-հրոցով հորդորեցին անպայման ավարտել վազքը, քանի որ այդ դեպքում իրենց թիմը ստանալու էր լրացուցիչ ևս երեք միավոր, որը գուցե ապահովեր ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղ դուրս գալու համար:

-Ընդամենը մի քանի վայրկյան է մնացել, արդեն հասնում ես, մի քիչ էլ դիմացիր, Փայլակ ջան,-կողքից վազելով հորդորում էին ընկերները:

Հակառակ ընկերների քաջալերանքին, Փայլակը ցավալիորեն զգում էր, որ ուժերն արդեն վերջնականապես սպառվում են և ուր որ է գետին կտապալվի: Քրտինքը պատել էր ամբողջ մարմինը, ոտքերը չէին ենթարկվում իրեն, երազի պես հիշում էր առավոտյան առաջին վազքը, ճախրանքի հաճույքը, թվում էր, թե սլանում է ամպերի միջով և շուտով դուրս կգա բաց տիեզերք: Սակայն դրան խանգարում էին ընկերների հարայ-հրոցը և մարզադաշտի նստատեղերից հնչող վայ-սպորտասերների սուլոց-աղաղակները…

Փայլակը աչքերը բացեց սառը ջրի շմփոցից, որ նրա երեսին էր ցայտեցնում ընկերներից մեկը: Շուրջը անսովոր աղմուկ էր, ինքը պառկած կանաչ գազոնին և հանկարծ իրականից նա հայտնվեց օդում ճախրելիս, քանի որ ընկերները նրան բարձրացրին ձեռքերի վրա և ուրախությունից մի քանի անգամ օդ նետեցին:

-Ապրե՛ս, Փայլա՛կ, քո վաստակած երեք միավորը մեզ թիմային հաշվարկում առաջին տեղը ապահովեց,-գրկելով նրան, ասաց թիմի ղեկավարը, երբ ընկերները նրան զգուշորեն վայր իջեցրին ձեռքերի վրայից:

Փայլակը շունչը հազիվ տեղը բերելով մելամաղձոտ ձայնով արտաբերեց.

-Մյուս անգամ անունս 5000 մ վազողների ցուցակում եմ գրելու, որ մեր թիմին վեց միավոր բերեմ:

Վերջին բառերը արտասանելուց հետո, երբ աչքերը կրկին բացեց իրեն տեսավ շտապ օգնության հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքի հատուկ կահավորված սենյակում և լսեց իր գլխավերևում կանգնած մոր լացակումած ձայնը.

-Ախր, ասում էի, չէ, Փայլա՛կ ջան, էդ վազելդ մի օր քո գլխին փորձանք է բերելու, հիմա գոնե հասկացա՞ր…

 

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031