Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Մեկ րոպե լռությամբ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը հարգելուց հետո խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնում հաստատել է ՀՀ նախագահին առընթեր «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, տ.գ.թ. Յուրի Ջավադյանի թեկնածությունը:
Հովիկ Աբրահամյանը հոգաբարձուների խորհրդի անունից շնորհավորել է Յուրի Ջավադյանին, մաղթել բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նա իր մասնագիտական փորձով և գիտելիքներով նոր թափ կհաղորդի ԱՎԶՀ գործունեությանը:
Յուրի Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանում անտառների վերականգնման և զարգացման գործընթացն առաջ տանելու համար:
Քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը, ինչպես նաև անտառամերձ համայնքներում ապօրինի ծառահատումների կանխարգելմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ խիստ հսկողության միջոցով բացառել ապօրինի անտառահատումները և ներկայացնել անտառամերձ համայնքներին վառելանյութով ապահովելու խնդրի լուծման տարբերակներ:
Նիստում արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր ևս:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ