Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոտան» ՓՀԷԿ-ը սպառնում է ոչնչացնել ձկներին

Դեկտեմբեր 09,2014 16:39

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Արարատի մարզի Եղեգնավանի գյուղապետարանում, տեղի կունենան «Որոտան» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները: «Որոտան Սիստեմս» ՍՊԸ-ի պատվերով ՓՀԷԿ-ը ի նախագիծը կազմել է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն:

«Որոտան» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Սյունիքի մարզում` Սեւանա լճի ջրհավաք ավազանի մեջ մտնող Որոտան գետի վրա` օգտագործելով գետի  2247.0-2134.0 մետր նիշերի անկումը:

Ըստ նախագծի՝ կառուցումից և շահագործումից հետո ՓՀԷԿ-ը կունենա 3610 կվտ հաշվարկային հզորություն և կարտադրի տարեկան 15,08 մլն.կ ՎտԺ էլեկտրաէներգիա: Դերիվացիայի երկարությունը լինելու է 5210մ, դերիվացիայի տրամագիծը`  1.40 մ է: Նշենք, որ Որոտանի վրա արդեն իսկ գործում է 5 փոքր ՀԷԿ, որոնք գետը խողովակի մեջ են վերցրել 11226 մետր գումարային տարածքում: Այս ՓՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի 16 կիլոմետրից ավելի գումարային տարածքը կվերցվի խողովակի մեջ:

Նախագծում նշված չէ, թե նախատեսվող ՓՀԷԿ-ի հարեւանությամբ ինչ համայնքներ կան, եւ նշված չէ, թե 4,5 հա հողատարածքը, որի վրա կառուցվելու է ՓՀԷԿ-ը, որ համայնքի վարչական տարածքում է գտնվում: Որոտանի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով:

1991 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ մինիստրների խորհրդի ընդունած «Հայաստանի Հանրապետության որոշ ջրային օբյեկտների ձկնատնտեսական ջրավազանների կարգին դասելու մասին» օրենքով Որոտան գետը համարվել է որպես ձկնատնտեսական ջրային օբյեկտ: Սակայն նախագծում նշված չէ, թե ինչ ձկնատեսակներ են ապրում Որոտան գետում եւ արդյոք դրանց մեջ կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Պարզապես նշվում է, որ ձկների վրա ազդեցությունը նվազեցնելու համար նախատեսվում է ձկնուղու կառուցում, որի ֆունկցիան ապահովելու համար բնապահպանական թողքը կկազմի 0.65մ3/վրկ: Միեւնույն ժամանակ նախագիծը ներկայացնում է ձկների համար ռիսկերը. «…ՀԷԿ-ի կառուցումն անմիջականորեն (ուղղակի ձևով) կազդի գետի կենդանական աշխարհի, մասնավորապես ձկների վրա՝ առաջին հերթին գետը պատվարի միջոցով կտրելու և դեպի վերին հвսանքներ ձկների տեղափոխման ճանապարհը փակելու պատճառով:

Զգալի վնաս կարող է հասցվել ձկներին՝ գետահունում պատվարի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, ինչը կարող է բերել ջրի պղտորության և կախյալ մասնիկների պարունակության բարձրացմանը, որի պատճառով հնարավոր է ձկների խռիկների խցանումը և, որպես հետևանք, դրանց ոչնչացումը»:

Նախագծում կենսաբազմազանության ուսումնասիրություն չի արվել, նախագծողներն օգտվել են գրականությունից եւ դրա վրա հիմնվելով վստահեցնում են, որ ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան:  Սակայն մյուս տեսակների վրա բացասական ազդեցություն կլինի: «ՀԷԿ-ի կառուցման ժամանակ՝ հողի և գրունտների մշակման ընթացքում հնարավոր է չնչին քանակի ցամաքային կենդանիների կամ դրանց բների անմիջական ոչնչացում: Պայթեցման աշխատանքների կամ ծանր մեքենաների և մեխանիզմների օգտագործման հետևանքով առաջացած աղմուկը կենդանիների մոտ կառաջացնի վախի գործոն, որի ազդեցության ներքո, ինչպես ցույց է տալիս փորձը, կենդանիները կտեղափոխվեն կից, անհամեմատ մեծ մակերեսներ ունեցող տարածքներ», – գրված է նախագծում:

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031