Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի օրից ՏՄՊՊՀ-ն կասի գնաճի մեջ գերիշխողներն ունե՞ն իրենց մեղքի բաժինը թե` ոչ

Դեկտեմբեր 09,2014 16:26

Վերջին երկու շաբաթում մեր երկրում տեղի ունեցող գնաճն այն հայտնի անեկդոտի պես է: Հարցնում են` հացն ի՞նչ արժե , վաճառողը պատասխանում է` 180 դրամ: Ի՞նչ, ճշտող հարցին, վաճառողն ասում է` արդեն 190:

Կարելի է ասել, ժամերի տարբերությամբ, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում են: Aravot.am-ի ուսումնասիրությունները միջին մեծության խանութներում, սուպերմարքեթներում ցույց են տվել, որ վերջին օրերին թանկացել են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները` կաթնամթերքը, ձուն, բրինձը, ալյուրը, հացամթերքը, հրուշակեղենը, ձեթը, հնդկաձավարը (гречка), շաքարավազը, ալկոհոլային որոշ խմիչքներ, կարագը, երշիկեղենը, պանիրը եւ այլ մթերքներ:

Ձուն թանկացել է 4-5 դրամով, ալյուրը` 8 տոկոսով, ձեթը, բրինձը թանկացել են 8-9 տոկոսով, հնդկաձավարը` 15 տոկոսով, շաքարավազը` 6-7 տոկոսով, հացամթերքը թանկացել է 10 դրամով, թե’ ներկրված եւ թե’ տեղական արտադրության հրուշակեղենի գինը բարձրացել է մոտ 50-100 դրամով:

Նշենք, որ թանկացել են մասնավորապես ներկրվող ապրանքները` դոլարի փոխարժեքի բարձրացմամբ պայմանավորված: Տնտեսագետները, սակայն չեն բացառում, որ այս օրերին, որոշ տնտեսվարողներ, գերշահույթներ ստանալու նպատակով առիթից կօգտվեն եւ չհիմնավորված թանկացումներ կանեն, հակամրցակցային համաձայնության կգան, իսկ որոշներն էլ`կօգտվեն իրենց գերիշխող դիրքից:

Aravot.am-ի հարցին, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արդյոք հետեւում է գնաճի զարգացումներին եւ ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրել, հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն ասաց, որ այս պահին ՏՄՊՊՀ-ն դիտանցումներ է անում շուկայում եւ ցանկում ընդգրկված են առավելապես սոցիալական նշանակության լայն սպառման ապրանքատեսակները. «Որոշ շուկաներում գնային բարձրացումներ արդեն իսկ արձանագրվել են, սակայն ամբողջական պատկերը պարզ կլինի 1-2 օրից` ուսումնասիրությունների ավարտին»:

Ըստ նույն աղբյուրի, այս պահին ՏՄՊՊՀ-ն լայնածավալ ուսումնասիրություն է կատարում կաթնամթերքի շուկայում. «Գերիշխող տնտեսվարողներից պահանջել ենք ներկայացնել տեղեկատվություն` գնային բարձրացումների վերաբերյալ հիմնավորումներով: Ընթացիկ շաբաթվա մեջ կստանանք այդ տվյալները , որոնց հիման վրա կկատարվեն ուսումնասիրություններ` պարզելու, թե որքանով է գնաճը համահունչ տարադրամի փոխարժեքի փոփոխությունների եւ այլ գործոնների հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031