«Ինչու են թաղում ՌԴ-ն, ՌԴ-ում դեռ աճի տեմպեր կան, չնայած բարձր չեն, բայց աճ կա: ՌԴ-ում իրավիճակն ավելի լավ է, քան ԵՄ-ում, նայեք, թե վերջին ժամանակներում ինչ է այնտեղ՝ անկում է միայն: ՌԴ-ն ունի մեծ ռեսուրսներ: Ո՞վ է մտել ԵՏՄ՝ ԱՊՀ-ի ամենահաջող պետությունները»,-ՌԴ պետդումայի խորհրդական Միխայիլ Կրոտովն այսօր հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ այսպես պատասխանեց լրագրողների հարցին՝ կապված ՌԴ տնտեսության ճգնաժամային իրավիճակի հետ, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանին էլ հետն է տանում անդունդը: Նա հրապարակեց ԵՏՄ-ին անդամակցող Բելառուսի, Ղազախստանի ՀՆԱ-ի ցուցանիշներն ու Մոլդովայի, Ուկրաինայի ցուցանիշները. «Համեմատեք եւ տեսեք թե ով որտեղ է գնում: Ես որեւէ կասկած չունեմ, որ ՌԴ-ն կադապտացվի նոր իրադարձություններին»:
Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի խոսքերով՝ «Չկա չարիք՝ առանց բարիք: Մեզ մոտ իսկապես ֆինանսական ճգնաժամ կա: Բացասական ազդեցություն կլինի, բայց կլինի անկախ նրանից՝ կմտնի՞ Հայաստանը ԵՏՄ, թե՞ չէ»:
Հարցին՝ Բելառուսը մտադիր է մաքսակետ դնել ՌԴ-ի հետ սահմանի վրա, քանի որ դուք թույլ չեք տվել իրենց ապրանքների ներմուծումը ՌԴ՝ պատճառաբանելով, որ դրանք այն երկրներից են, որոնք պատժամիջոցներ են կիրառել ՌԴ-ի հանդեպ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա եւ Ղազախստան-Բելառուս տարաձայնությունները հնարավո՞ր է թույլ չտան, որ ԵՏՄ-ն գոյատեւի, շարունակի գործել՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկը պատասխանեց, որ Բելառուսի գործելակերպը սխալ էր եւ մենք դա ասել ենք նաեւ Բելառուսի խորհրդարանում: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, նրա խոսքերով՝ «Նույնիսկ ընտանիքներում է միշտ լինում կոնֆլիկտներ, տարաձայնություններ, ուր մնաց երկրների միջեւ փոխհարաբերություններում չլինի: Դա թեթեւ թյուրիմացություն է, որը կկարգավորվի: ԵՏՄ-ի հետ ոչ մի խնդիր չի լինի»:
Կարդացեք նաև
ՌԴ պատվիրակներն ասացին, որ հայկական գյուղմթերքները մեծ համբավ ունեն ՌԴ-ում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ Հայաստանը կարող է արտահանել ՌԴ ձուկ, մասնավորապես՝ «ստերլեց», միրգ, բանջարեղեն: Ռուս գործընկերներն ասացին, որ դրանց պահանջարկն իսկապես կա: Թե ինչ քանակի մասին է խոսքը՝ նրանք կոնկրետ թիվ չհրապարակեցին:
ՊԴ ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդևը պատմեց, թե ինչպես է փողոցում իրեն մոտեցել մի հայ քաղաքացի եւ խնդրել, որ հանկարծ ռուսները չլքեն մեզ՝ «Նա ասաց՝ մենք՝ հայերս, ձեզ հավատում ենք, մի՛ լքեք մեզ: Ես էլ ասեցի՝ ոչ միայն չենք լքի, այլ մենք միշտ ձեզ հետ կլինենք: Այդ մարդն ասաց՝ դա ամենակարեւորն է ու արագ հեռացավ»: Անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորմանը՝ նա ասաց, որ հենց միայն այդ հարցի լուծման համար կարեւորվում է Հայաստանի համար ԵՏՄ անդամակցումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսնես ո՞վ է եղել այդ խաբված մոլորյալը։ Գոնե խնդրեր, որ ռուսը մեր թշնամուն մինչև ատամները չզիներ։
Հա՛ է, մի հայ փողոցում ֆռֆռում ու իրեն էր սպասում, որ մոտենա, ներկայացնի ՀՀ քաղաքացու անձնագիրը /թե՝ ինչ-որ վկայական/ ու խնդրի, որ հանկարծ ռուսները չլքեն մեզ, ու որ ինքն էլ ասի՝ ոչ միայն չեն լքի, այլ մենք միշտ ձեզ հետ կլինենք /գրկախեղդած վիճակում/:
Բա տեսագրությունն ինչու՞ չի ներկայացնում:
Իսկ խոստովանությունը, որ ԼՂՀ հարցի լուծման համար է կարեւորվում Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին՝ արդեն սարսուռ է առաջացնում. Արցախն է դառնալու այն խայծն ու գինը, որ մեր ՛՛ստրատեգիական՛՛ ՛՛եղբայրը՛՛ վճարելու է ազերներին այդ նույն ԵՏՄ մտնելու դիմաց:
Իսկ ինչ էր անում պ-ն Լեբեդևը փողոցում: Ինչքան գիտեմ նրանք մի երկու ժամ լինում են ԱԺ-ում, իսկ մնացած ժամանակը «այդ նույն հայ մարդու մուծած հարկերի հաշվին» տրամադրում են քյաբաբ, չալաղաջ, օղի’ վայելելու սուրբ երրորդությանը: