Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. «Մարդիկ լոյալ են կոռուպցիայի նկատմամբ»

Դեկտեմբեր 09,2014 16:15

«Կոտրենք կոռուպցիոն շղթան». այսօր ողջ աշխարհն այս կարգախոսի ներքո նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս առիթով ՀՀ-ում ևս միջոցառումներ են կազմակերպվել, մրցանակ է հանձնվել այն քաղաքացուն, որը պայքարել ու դատական կարգով վերականգնել է իր իրավունքները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում արդեն երկու ռազմավարություն իրականացվել է, այժմ էլ նոր ռազմավարություն է մշակվում, որտեղ ռիսկային են համարվել կրթության, առողջապահության, ֆինանսների ոլորտում հարկահավաքության և ոստիկանության ոլորտի ծառայությունների մատուցման բնագավառները: Նա նշեց. «Շեշտը դրվելու է բարեխիղճ հանրային ծառայությունների մատուցման համակարգի մատուցման վրա»:

Պարոն Քրմոյանը մտահոգություն հայտնեց, թե քաղաքացիներից շատերը լոյալ են այս կոռուպցիոն երևույթների նկատմամբ. «Մարդիկ իրենց խնդիրները գերադասում են լուծել ապօրինի գումար տալով, հաճախ պետական մարմինները ևս չեն գիտակցում կոռուպցիոն երևույթների ազդեցությունն այդ համակարգերի վրա»:

Հարցին՝ իսկ դատաիրավական ոլորտը ինչո՞ւ ներգրավված չէ ռազմավարության մեջ՝ որպես ռիսկային, ինչի մասին մասնագետները բազմիցս ահազանգում են, պարոն Քրմոյանը պատասխանեց. «Դատաիրավական ոլորտի հետ կապված ռիսկեր ունենք, բայց ներառված չէ գործող ռազմավարության մեջ, քանի որ ունենք առանձին փաստաթուղթ, որում ներառված է այդ հարցը, այդ ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է»:

Այն մտահոգություններին, թե ԵՏՄ-ին միանալուց հետո հնարավո՞ր է կոռուպցիոն երևույթները ավելանան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ երկրների հետ ենք միության մեջ մտնում, պարոն Քրմոյանը պատասխանեց. «Մենք այլ իրավիճակ կունենանք հունվարի 1-ից, ուստի համապատասխանաբար հաջորդ տարի կիրականացվի ռիսկերի վերլուծություն և ռազմավարության մեջ լրացուցիչ միջոցառումներ կներառենք»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է կատարվել ստվերի դեմ պայքարի ոլորտում, որի մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել, պարոն Քրմոյանը պատասխանեց. «Մենք փորձաքննություն իրականացնող մարմին ենք և համապատասխան մասնակցություն ենք ունենում այդ գործընթացներում»: Պարոն Քրմոյանը նշեց, թե աշխատանքներ են իրականացվել փոքր և միջին ձեռնարկությունների համար ավելի բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու առումով՝ ասենք կոշիկների վերանորոգմամբ և փոքր խաղերի կազմակերպմամբ զբաղվող կազմակերպությունների համար: Սուրեն Քրմոյանը նաև հավաստիացրեց, որ ՀՀ-ն վերջին տարիներին երեք նիշով բարելավել է իր ցուցանիշները՝ նաև շնորհիվ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031