Շենգավիթի քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի և նույն բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով բողոքներ էին բերել փաստաբաններ Երեմ Սարգսյանն ու Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաեւ տուժող կողմը:
Պատճառներից մեկն այն էր, որ մեկ այլ գործով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը դատախազին էր ուղարկվել օրենքով սահմանված ժամկետից ուշ:
Սամվել Մկրտչյանի փաստաբան Երեմ Սարգսյանը վերջերս անդրադարձավ քրեական գործերի նախաքննության ժամկետների երկարացմանը վերաբերող օրենսդրական խնդիրներին: Ըստ նրա՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ»:
Եռօրյա ժամկետի մասով դատախազության կողմից վերոհիշյալ քրեական գործերից մեկով վերջերս կայացված որոշման մեջ նշվել է. «Քննության ժամկետը երկարացնելու մասին որոշումը քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ դատախազին ներկայացնելու քննիչի դատավարական պարտականությունն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու դատախազի համար հնարավորություն՝ պարզելու նախաքննության ժամկետի հետագա երկարացման անհրաժեշտությունը, դրա պատճառաբանվածությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա»: Նշված նորմում նախատեսված «կարող է երկարացնել դատախազը» ձևակերպման մեկնաբանության արդյունքում որոշ իրավաբաններ, այդ թվում` դատախազներ, գտնում են, որ դա նշանակում է, որ դատախազը կարող է նաև չերկարացնել նախաքննության ժամկետը, սակայն կարծում եմ, որ նշված նորմում «կարող է երկարացնել դատախազը» ձևակերպումն օգտագործելով օրենսդիրը կարգավորել է միայն այն հարցը, թե դատավարության, որ սուբյեկտը և ինչի հիման վրա կարող է երկարացնել նախաքննության ժամկետը, որ այդ ժամկետը բացի դատախազից, դատավարության որևէ այլ սուբյեկտ, օրինակ` քննիչը կամ քննչական բաժնի պետը, չի կարող երկարացնել: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»: Նշվածի հիման վրա, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, կարծում եմ, որ «կարող է երկարացնել դատախազը» ձևակերպումը չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ դատախազը կարող է նաև չերկարացնել նախաքննության ժամկետը, հատկապես, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում անհնար է գտնել որևէ նորմ, որով դատախազին իրավունք վերապահված կլինի ինչ-որ հանգամանքի ուժով չերկարացնել նախաքննության ժամկետը:
Երեմ Սարգսյանը նաեւ նշել էր, որ դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու դեպքում, հատկապես եթե դատախազն այդ որոշումը կայացրել է նախաքննության ժամկետի ավարտի վերջին օրը, միակ հետևանքը կարող է լինել այն, որ քրեական գործի քննությունը կհայտնվի փակուղում, քանի որ դրանից հետո կատարված դատավարական գործողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կհամարվեն անվավեր, ինչն անընդունելի է, քանի որ հասկանալի է, որ օրենսդիրը չի կարող նախատեսել այնպիսի իրավական կարգավորում, որի պատահական կամ կանխամտածված խախտման հետևանքով անհնար լինի շարունակել քրեական գործի քննությունը և բացառվի արդարադատության իրականացումը:
Aravot.am-ի տեղեկություններով դատախազը կարճել է սույն գործը: