ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ17
ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի
6-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում: 700 խմ ծավալով ժայռաբեկորները
երկկողմանի փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը:
Դեպքից անմիջապես հետո վթարված հատվածում էին Կապանի ճանապարհաշինական
ընկերության աշխատակիցները: Տեղի ունեցածի մասին նրանք տեղեկացրել են
համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: Նման ծավալի փլուզում այս
ճանապարհին առաջին անգամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ փլուզված
ճանապարհահատված էին այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, արագ և օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով:
Տեղում ուսումնասիրություններ էին կատարում նաև ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Հաշվի առնելով
ժայռաբեկորների ծավալները, մասնագետների համատեղ քննարկման արդյունքում
որոշվեց ժայռաբեկորները մանրացնել պայթեցման միջոցով: Այդ աշխատանքներն
իրականացնելու համար ժայռաբեկորների վրա նախ անհրաժեշտ է անցքեր բացել՝
դրանցում պայթուցիկներ տեղադրելու համար: Աշխատանքների կատարման արագ
ընթացքին խոչընդոտում է նաև ճանապարհամերձ ժայռից կախված հսկա քարաբեկորը,
որը նույնպես ամեն րոպե կարող է ընկնել:
Չնայած Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածում երթևեկության ինտենսիվությունն
այնքան էլ մեծ չէ, սակայն ճանապարհի փակ լինելը մի քանի օր է բազմաթիվ
դժվարություններ է առաջացրել գյուղացիների համար:
Մասնագետների հավաստմամբ, եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն,
պայթեցման աշխատանքներ կատարելու համար կպահանջվի 2-3 օր, որից հետո Կապանի
ճանշինի աշխատակիցները համապատասխան տեխնիկայի միջոցով սեղմ ժամկետներում
ճանապարհը կմաքրեն ժայռաբեկորներից և այն կդարձնեն ամբողջությամբ երթևեկելի
տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Աշխատանքների բարեհաջող ընթացքի դեպքում ճանապարհն ամբողջությամբ
երթևեկելի կլինի 4-5 օրվա ընթացքում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն