«Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս, Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը չի լավացել, վերջին երկու-երեք տարիներին Հայաստանը աննշան առաջընթաց է գրանցել»,-այսօր «Ուրբաթ» ակումբում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ասուլիսին այս տվյալները ներկայացրեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
«Կոռուպցիայի հետ կապված իրավիճակը ողջ աշխարհում էական փոփոխություն չի կրել։ Երկրների մեծ մասում կոռուպցիան հանրային ոլորտում շատ լուրջ հիմնախնդիր է։ Հայաստանը դեռեւս այս երկրների շարքում է»,-նշեց բանախոսը։
Ըստ Վարուժան Հոկտանյանի ներկայացրած տվյալների՝ եթե անցյալ տարի Հայաստանը 117 երկրների շարքում կոռուպցիայի մակարդակով 94-101- րդ տեղում էր, ապա այս տարի 175 երկրների շարքում կիսում է 94-99-րդ տեղերը։
Ասուլիսին պրն Հոկտանյանը ներկայացրեց Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013 թվականի հուլիսին հրապարակած տվյալները, որտեղ ներկայացված էր Հայաստանում առանձին ոլորտներում կոռուպցիայի մակարդակը։ Ըստ այդ տվյալների՝ առավել կոռումպացված ոլորտները Հայաստանում երեքն են՝ պետական ծառայությունը, դատական համակարգը եւ առողջապահությունը, որտեղ կոռուպցիայի ընկալման համաթիվը 1-ից 5 բալանի սանդղակի վրա կազմում է 4։ Ոստիկանությունը զիջում է՝ 3,9, կրթությունը՝ 3,7։
Կարդացեք նաև
Ըստ պրն Հոկտանյանի՝ Հայաստանում կոռուպցիայի խորքային եւ արմատական պատճառները բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումն է, նաեւ տնտեսության մոնոպոլիզացիան, որը իր հետ ակնհայտորեն բերում է քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի։ Դատական համակարգի ոչ անկախ լինելը եւ կոռուպցիայի նկատմամբ բարձր հանդուրժողականության մակարդակը նույնպես կոռուպցիայի հիմք են հանդիսանում։
Պրն Հոկտանյանը վստահ է, որ պետական ծառայության ոլորտում կոռուպցիան կմնա այնքան ժամանակ, մինչեւ անպատժելիությունը չվերանա եւ ամեն ինչ կատարվի կիրառվող օրենքների համաձայն։
ԵՏՄ անդամակցությունից հետո, ըստ բանախոսի, կոռուպցիայի վերացման համար լավատեսական հիմքեր չկան, «քանի որ Հայաստանն այդ միության մեջ հզոր տնտեսություն եւ քաղաքական կշիռ չունի։ Ես վտանգ եմ տեսնում, որ կոռուպցիան ավելի կսրվի»։
Կոռուպցիայի հաղթահարման համար բանախոսն առաջարկում է քայլեր ձեռնարկել քաղաքականության եւ բիզնեսի սերտաճման, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում մենաշնորհների վերացման համար եւ անկախ դատական համակարգի կայացման եւ պետական համակարգերի նկատմամբ վստահության վերականգնման համար. «Լավատեսական հիմքեր կան, վերջին տնտեսական դրությունը, դրամի փոխարժեքի տատանումները ցույց են տալիս, որ այս համակարգը, որը միտված էր հարստության մսխմանը, իր դարն ապրել է եւ իրավիճակն այնպիսին է, որ կբերի ռադիկալ բարեփոխումների»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ