Այսօր՝ բոլոր ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունների հիշատակման միջազգային օրը, եզդիների ազգային միավորման մի քանի անդամներ ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրեցին Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա:
Միավորման նախագահ Բորիս Մուրազի խոսով, Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն է սկսվել:
ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներին եզդիներն այսօր նամակով փոխանցեցին իրենց առաջարկությունը՝ եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտելու մասին:
Կարդացեք նաև
«Ուզում էինք հիշեցնել, որ չնայած ապրում ենք 21-րդ դարում, բայց եզդիների նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունենում, որին Հայաստանի Ազգային ժողովը չի արձագանքել հայտարարությամբ կամ օրենքի տեսքով: Առաջարկում ենք նման քայլ իրականացնել ի պաշտպանություն եզդիների: Կարեւորը, որ Ազգային ժողովը ֆիքսի տեղի ունեցող դեպքերն ու դատապարտի»,- Aravot.am-ին ասաց Բորիս Մուրազը:
Ըստ նրա, Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման, ճանաչման հարցում, որովհետեւ Հայաստանի իշխանությունները պետք է հիշեն՝ ինչի միջով են անցել հայերը: Բորիս Մուրազը նաեւ պատմեց, որ իրենց առաջարկության վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպման ժամանակ ասել է, որ հաջորդ տարի հնարավոր է՝ Ազգային ժողովը քննարկի եզդիների ցեղասպանությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնության հարցը:
ԱԺ-ի դիմաց հավաքված 4-5 եզդիներն իրենց նամակները ԱԺ-ում թողնելուց հետո հեռացան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ