Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի առնչությամբ. Գալուստ Սահակյան

Դեկտեմբեր 09,2014 14:08

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում
Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական
առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի
նպաստ հայ-չինական բարեկամության: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու
երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները եւ
երկկողմ հանդիպումները: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը
երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը խթանելու գործում, իր
պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-չինական միջխորհրդարանական
կապերի աշխուժացմանը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների
միջեւ գիտակրթական, մշակութային, տնտեսական բնագավառներում իրականացված
համատեղ ծրագրերը եւ ողջունել Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի
հիմնումը, որը կնպաստի գիտակրթական եւ մշակութային ոլորտներում հայ-չինական
համագործակցության խորացմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ
Հայաստանը հավատարիմ է խնդրի կարգավորման բանակցային սկզբունքին եւ բարձր է
գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի
առնչությամբ: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ մեր ժողովրդի
դեմ կատարված հանցագործությանն արժանի գնահատական տալու մասին՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ չինական կողմն իր մասնակցությունը կունենա 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներին:

Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ իր համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է
լինել Չինաստանի դեսպանը Հայաստանում եւ ներկայացնել իր պետությունը մի
երկրում, որի հետ պատմական, մշակութային, առեւտրատնտեսական կապերը եւ
շփումներն ունեն դարերի պատմություն: Պարոն Էրլունը բարձր է գնահատել բարեկամ
երկրների խորհրդարանների համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ
փոխայցելությունները, որոնք բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւոր
մասն են կազմում: Դեսպանի խոսքով՝ Չինաստանը մեծ տեղ է տալիս Հայաստանի հետ
ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանը, նույնիսկ Պեկինի
համալսարանում հայոց լեզու է դասավանդվում: Թիան Էրլունը նշել է, որ
դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շփումները զարգանում են
բավականին դինամիկ: Նա կարեւորել է համագործակցությունը մշակութային,
առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու
երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը: Դեսպանը հույս է հայտնել, որ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031