Մոտ 10 օր է անցել Եղվարդի մանկապարտեզում տեղի ունեցած համատարած թունավորման դեպքից, սակայն մինչ օրս ո՛չ սննդի անվտանգության պետական ծառայությունը, ո՛չ իրավապահ մարմինները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել, թե մանկապարտեզի սաներն ինչի հետեւանքով են վարակվել դիզենտերիայով ու հայտնվել հիվանդանոցում:
Առողջապահության նախարարի հայտնած տվյալների համաձայն՝ թունավորման հետեւանքով հոսպիտալացվածների թիվը հասել է մոտ 100-ի՝ ներառյալ մանկապարտեզի աշխատակիցները: Ասել է թե՝ կատարվել է հանցագործություն, որը բարեբախտաբար մահվան դեպքով չի ավարտվել։ Ըստ բժիշկների՝ երեխաներից շատերը հիվանդանոց են պառկել ծայրահեղ ծանր վիճակում, եւ նրանց կյանքը հրաշքով են փրկել: Ու չնայած դրան, մինչ օրս չի էլ պարզվել հիվանդության աղբյուրը:
Սննդի անվտանգության պետական ծառայությունը, հայտարարելով, թե մանկապարտեզից նմուշառած սննդի մնացորդներից ոչ մեկում հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել, ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել: Եվ դա այն դեպքում, երբ կառույցի աշխատակիցները նմուշառում են կատարել օրվա սննդակարգում ներառված ոչ բոլոր սննդատեսակներից:
Մանկապարտեզում այդ օրը, բացի նմուշառված կարագից, պանրից, ձվից, հավի մսից, տավարի մսից, երեխաներին տվել են նաեւ թթվասեր, կաթնաշոռ եւ նրբերշիկ, որոնք սննդի անվտանգության պետական ծառայությունը փորձաքննության չի ենթարկել:
Կարդացեք նաև
Պատճառաբանությունը հետեւյալն է՝ այդ օրը երեխաների կերած կաթնամթերքից ու նրբերշիկից ոչինչ մնացած չի եղել: Այսքանով հարցը փակվում է, իսկ այդ սննդամթերքների արտադրողի, դրանց ձեռքբերման մասին որոշակի տեղեկություն իմանալու հստակ քայլեր այլեւս չեն ձեռնարկվում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է, թե դա քննչական կոմիտեի աշխատանքն է, որ նրանք պետք է հետաքննություն անցկացնեն ու պարզեն, թե երեխաների սեղանին որտեղի՞ց է հայտնվել կաթնամթերքն ու արգելված նրբերշիկը, թե արդյոք այդ մթերքները կարո՞ղ էին դիզենտերիայի պատճառ դառնալ: Մինչդեռ հետաքննությունը վարող մարմինները մինչ օրս որեւէ գործնական քայլի մասին հայտարարություն չեն արել:
… Փաստորեն բոլոր իրավասու մարմիններն ամեն ինչ անում են մեղքը ուրիշի վրա գցելու համար, փոխանակ համապատասխան քայլեր ձեռնարկեն համաճարակի իրական պատճառերը պարզելու եւ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով: Այս ամենից ծածկադմփոցի հոտ է գալիս: Արդեն իսկ դեպքից 10 օր հետո Եղվարդի մանկապարտեզի շուրջ համատարած լռությունն ու հիվանդության լղոզված, չհիմնավորված պատճառաբանությունները դրա մասին են վկայում։
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում