Ուշադրություն է գրավում հատկապես այն, թե ինչպիսի հետեւողականությամբ է Րաֆֆի Հովհաննիսյանը որպես քաղբանտարկյալ հիշատակում սիրված դերասան Վարդան Պետրոսյանին: Մարդու հետ կոնկրետ դժբախտություն է կատարվել: Ավտովթար է տեղի ունեցել: Դեռահասներ են մահացել դրա հետեւանքով, կան ծանր վնասվածք ստացած մարդիկ: Հասկանալի է, որ ոչ ոք նման բան չէր ցանկանա, որ այստեղ միտում չկա:
Հիմա ի՞նչ պետք է արվեր: Վարդան Պետրոսյանն ինքը, որ նույնպես ծանր վնասվածքներ էր ստացել, մի՞թե համաձայն կլիներ, որ դատ տեղի չունենա ընդհանրապես: Այո, ասվում է, որ նա կարող էր ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության ընթացքում կալանավորված չլինել: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ու էլի մարդիկ, նշում են, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ իր քարոզարշավին մասնակցել է: Վիճելի տեսակետ է, ամեն դեպքում, քանզի նախքան ողբերգական պատահարը որեւէ մեկը որեւէ տեղ որեւէ բան չի ասել, թե Վարդան Պետրոսյանին «նեղել» են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին մասնակցելու համար:
Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին, ապա նրա դեպքն էլ յուրովի առանձնահատուկ է:
Մարդը քաղաքական գործունեությամբ է զբաղվել, ունի որոշակի գաղափարներ, հայացքներ, մոտեցումներ, որ ակնհայտորեն շատ քիչ թվով մարդկանց են գրավում: Բայց էականը, այս դեպքում, ոչ թե Շանթ Հարությունյանի համակիրների քանակությունը կամ բուն քաղաքական հայացքներն են, այլ այն, որ նա ակնհայտորեն բռնության դիմելու հայտարարություններ անելուց բացի, անկարգությունների պատճառ դարձավ՝ ինքնաշեն «գըմփիկներով», ծուխումխով, ոստիկանների հետ մահակակռվով:
Հիմա այդ ամենը որոշակի շրջանակների կողմից ներկայացվում է որպես ոստիկանության սադրանք, որ Շանթ Հարությունյանն ընդամենը ինքնապաշտպանվում էր, եւ այլն, եւ այլն: Բայց, քավ լիցի, շատերը հենց անցած տարվա նոյեմբերի 5-ին տեսան, բացի դրանից՝ բազմաթիվ տեսագրություններ կան, որոնցում պարզ արձանագրված է, թե ինչ է կատարվում, ով է ինչ սադրում կամ նախահարձակ լինում:
Թերեւս այո, ոստիկանները «սադրեցին», «սադրեցին» նրանով, որ պարզապես ներկա էին այնտեղ: Այ, որ ոչ մի ոստիկան այնտեղ չլիներ, իսկ Շանթ Հարությունյանն էլ, ինչպես հայտարարել էր, գնար նախագահական նստավայրի մոտ ու այնտեղ «հանգիստ» պայթեցներ իր ինքնաշեն «բրոնզ-մարգանցովկաները», երեւի Րաֆֆի Հովհաննիսյանը շատ երջանիկ կզգար իրեն:
Հետաքրքիր է, օրինակ, ինչո՞ւ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետի հետ գնաց աղոթելու, այլ ոչ թե, ասենք, վերցրեց մի քարի կտոր ու հարվածեց նրա գլխին: Չէ՞ որ, եթե Շանթ Հարությունյանը քաղաքական բանտարկյալ է, ապա այդ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի արածն էլ կլիներ քաղաքական պայքարի դրսեւորում:
Տ. ՄԻՐԶՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում