Դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ «100-ամյակը առանց ռեժիմի» հերթական ավտոերթը, որը կրում էր «Թույլ չենք տա ահաբել ՀՀ քաղաքացուն» խորագիրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրկիզվել էին Շարժման 6 մասնակիցների մեքենաները, ինչպես նաև մահափորձ էր կատարվել Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Ի պատասխան հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմին՝ ավտոերթին մասնակցել են բոլոր հրկիզված մեքենաները: Ավտոերթին միացել էր նաև Գևորգ Սաֆարյանը:
«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մահափորձ անելով՝ ռեժիմը սխալվել է։ Եվ սխալվել է ոչ այն պատճառով, որ Գևորգը մյուսներից առանձնանում է կամ ավելի լավն է, այլ այն պատճառով, որ հիմա կա մի նոր սերունդ, ում հնարավոր չէ՛ ահաբեկելով կամ վախեցնելով հեռացնել պայքարից։ Ահա այսօր էլ Գևորգը կանգնած է մեր կողքին»,- իր խոսքում նշեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
Հաջորդ ավտոերթն իր նշանակությամբ բացառիկ է լինելու: Ավտոշարասյունը դեկտեմբերի 20-ին ուղևորվելու է Արցախ:
Նախախորհրդարան