Օրեր առաջ խոսելով ԵՏՄ անդամակցության մասին՝ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն ահա թե ինչ էր ասել. «Առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատեւել, դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք, ո՞նց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի՝ պարսիկը, թուրքը, ռուսը… Լա՞վ չի ռուսի իշխանության տակ լինենք։ Մենք որ իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են… 91-ից հետո ի՞նչ կատարվեց, Ղարաբաղը հաղթեցինք, բայց ո՞վ պահեց, եթե ռուսը չլիներ, ոնց էինք Ղարաբաղ պահում։ Մեր բանակը ռուսի օգնությամբ պահեց։ Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու»։
Իհարկե, երեկ արդեն նա ներողություն էր խնդրել իր այս խոսքերի համար։
Բայց պարզվում է՝ մարդկանց մի խումբ կա, որոնք լուրջ դեմքով ասում են, թե լրագրողներն այս կատեգորիայի պաշտոնյաներից կամ պատգամավորներից չպետք է մեկնաբանություններ վերցնեն, որպեսզի նրանք իրենց հասկացածի կամ նույն է թե՝ չհասկացածի չափով չարտահայտվեն։ Ու քանի որ Հայաստանի այդ վայ պաշտոնյաների կամ ազգընտիրների «մտքի գոհարները» ադրբեջանական կայքերի ամենասիրած թեմաներն են, եւ նրանց կողմից լայնորեն տարածվում են, քիչ է մնում՝ լրագրողներին «պետական դավաճանության» մեջ մեղադրեն։
…Իրականում վերը բերված մտածողության եւ նման կարծիքների առկայությունը Հայաստանի հասարակությունում առկա «հիվանդության» ապացուցն է։ Նորմալ երկրում, եթե որեւէ պաշտոնյա իրեն թույլ տար այն, ինչ անում են ՀՀ պաշտոնյաների մեծ մասը կամ պատգամավորները, ապա տվյալ անձինք մեկ օր անգամ չէին մնա իրենց պաշտոններին։ Դա նրանից չէ, որ նման երկրների իշխանությունները հրեշտակի թեւեր ունեն, պարզապես նրանք գիտեն, որ եթե նման պաշտոնյաները շարունակեն պաշտոնավարել, ապա հասարակությունն իր պարտքը կհամարի նրանց իշխանությունից զրկելը, եւ որքան ուշացնեն այդ «հեռացնելու» ընթացքը, այնքան ծանր կլինի հենց իշխանությունների համար։ Հայաստանում պաշտոնյայի շուրթերից հիմարությունը կամ ցինիկ արտահայտությունը լսելուց հետո մարդիկ ոչ թե սկսում են պայքարել, որպեսզի տվյալ անձն իշխանությունից հեռացվի, այլ բողոքում են, թե իբր չգիտեիք, որ տվյալ անձը տգետ է, էլ ինչու էիք նրանից մեկնաբանություն ուզում։
Կարդացեք նաև
Ընդհակառակը՝ լրագրողները պարտավոր են ոչ միայն այդ մի քանի հայտնի «ծաղիկներին», այլեւ մնացած բոլորի հետ զրուցել, այդ թվում նաեւ՝ ոչ իշխանական «առյուծասեր եւ իմաստուն» առաջնորդ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Հարկավոր է ԱԺ -ն մի լավ մաղել, ոչ թե լրագրողներին մեղադրել պատգամավորների անգրագիտության համար:
Ընտրությունների ժամանակ այդ նույն լրագրողներին հալածում են, կեղծում ընտրությունները, անգրագետ, թերուսներին դարձնում ԱԺ խայտառակ պատգամավորներ , հետո էլ զարմանում: Իսկ կեղծված ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո էլ մենք ենք շատ զարմանում թե այս ում սարքեցին պատգամավոր, ժողովրդի ԱԺ -ում, ով չի էլ հասկանում թե ինչ է անելու իր համար:
Դարերի փշոտ ու արյունահեծ ճանապարհներով անցանք ու դեգերեցինք որ ի՞նչ անենք՝ Մեծ եւ Փոքր Մհերներից գանք ու ապավինենք Քոնձռո՞տ Մհերին:
Հուսանք որ էն աշխարհում «կապ չունի դրախտ թէ դժողք» ինտեռնետ չկա: Թէ չէ այս խոսքերը լսելուց հետո ՀՀԿ-ի գաղափարական առաջնորդը հոլի պես տեղում կպտտվի: