Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ Ջավախքից. օտարերկրյա անձնագրերի համար հայությունը չի կարող ապրել այնտեղ

Դեկտեմբեր 09,2014 11:22
javaxq

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն վարչապետ

Իրազեկ լինելով, որ առաջիկայում նախատեսվում է Ձեր գլխավորած պատվիրակության այցը Վրաստան, կարևոր համարեցինք Ձեզ ուղղել սույն բաց նամակը:

Մեծարգո պարոն վարչապետ

Ջավախքի հայությանը հուզող հարցերը բազմաթիվ են (ջավախքահայություն – ՀՀ մշակութային շփումների՝ Վրաստանի իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներ, ՀՀ-ից Ջավախք գիրք-գրականության, անգամ եթե այդպիսիք գեղարվեստական բնույթի մի քանի գրքեր են, անցկացման խստիվ արգելք, Վրաստանի համապատասխան օղակների կողմից հայոց մշակութային կյանքին անհարկի և բացասական միջամտություններ, թուրք-ադրբեջանական բազմաոլորտ ներկայությամբ պայմանավորված հայատյաց միջավայրի առկայություն և այլն): Այդուհանդերձ, կա մի լրջագույն հիմնահարց, որի չկարգավորումը նշանակում է ջավախքահայության մի ստվար հատվածի զանգվածային տեղահանություն իր հարազատ բնօրրանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է ս/թ սեպտեմբերի մեկից կիրառվող Վրաստանի միգրացիոն նոր օրենսդրությամը և «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենքին, ըստ որի՝ օտարերկրացիները, այդ թվում նաև հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու պատրվակով տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված և ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող ջավախահայերի մի մեծ հատված (անուղղակի հաշվումներով վերջիններիս թիվը հասնում է տասնյակ հազարների) վեցամսյա ժամկետում 90 օրից ավելի իրավունք չունի գտնվելու Վրաստանի տարածքում:

 

Մեծարգո պարոն վարչապետ

 

Ցավալին այն է, որ Վրաստանի իշխանությունները Ձեր կառավարությանը և միջազգային հանրությանը հավատացնում են, թե այդ ամենի մեջ արտառոց ոչինչ չկա, և այդ կարգավիճակով բազմահազար մարդիկ կարող են հեշտությամբ ստանալ կացության իրավունքի վկայական և մնալ իրենց ընտանիքների մոտ: Իրականությունը բոլորովին այլ է. բազմահազար ջավախահայեր ամեն օր ստանում են կացության իրավունքի թույլտվության  մասին դիմումների մերժումներ, որոնք, նորից կրկնելով այդ քայլը, արդեն ծախսել են միլիոնավոր լարիներ: Ավելին, Վրաստանի Արդարադատության նախարարությունը մերժել է անգամ Երևան – Ջավախքի մի շարք շրջաններ ուղևորափոխադրումներ կատարող ՀՀ քաղաքացի վարորդներին, և օրեր առաջ վերջիններս ստիպված էին հետ վերադառնալ Երևան, շատերն էլ օրենքը խախտելու և մի քանի ժամ Վրաստանի տարածքում ավել մնալու համար տուգանվել են 180 լարի չափով:

Մեծարգո պարոն վարչապետ

ՀՀ Պառլամենտի նախագահ Գ. Սահակյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում բարձրացվեցին այս և մի շարք այլ հարցեր։ Ցավոք, այցի ընթացքում խորհրդավոր և գաղտնի պայմաններում միայն վերացվեցին որոշ պատգամավորների՝ Վրաստան  մուտքի արգելքները.  ոչ մի այլ շոշափելի դրական շարժ տեղի չունեցավ: Հատկապես այն հույժ կարևոր հարցը, որը վերաբերում է ջավախքահայության մի ստվար հատվածի՝ հայրենիքում մնալ-չմնալուն, այդպես էլ մնաց օդում կախված: Մեզ համար, իհարկե, ուրախալի է, որ մեր հայրենակից-պատգամավորներն այժմ կարող են մտնել իրենց պապենական շեներ,ցավալի է սակայն այն, որ երկուստեք առաջնահերթ համարվեց և նեղ անձնական (ոչ համակարգային) կերպով կարգավորվեց հենց այդ հարցը, իսկ իրական հիմնահարցը մնաց իր նույն տեսքով:

 

Մեծարգո պարոն վարչապետ

 

Օրեցօր աճում է այն ջավախքահայերի թվաքանակը, որոնք գործի բերումով գալով ՀՀ, հետ վերադարձին պարզել են, որ իրենց եռամսյա ժամկետն արդեն լրացել է և իրենք Ջավախք մուտքի իրավունք չունեն: Վերջիններիցս շատերն անգամ կեցության վայր ու միջոցներ չունեն, այնինչ պարտավոր են առնվազն երեք ամիս մնալ ՀՀ-ում: ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունն այցելուներին տեղեկացնում է ինչ-որ կայքի հասցե, որտեղ լրացնելով կարող են վիզա ստանալ և մտնել Վրաստան: Սա ևս հարցի լուծում չէ, քանի որ այնտեղ պահանջվող դրույթները անհաղթահարելի են (5.000 լարի հաշվեհամարային տեղեկանք,Ջավախքում հաշվառման վայրի սեփականության վկայական, որը Ջավախքի գյուղական վայրերում պարզապես գոյություն չունի, և մեծ բարդություններ են ստեղծված այն ձեռք բերելու համար, տան անդամների համաձայնագրեր, որոնք լինում են արտերկրում և այլն): Միաժամանակ՝ վիզան պարզապեսապահովում է այս քաղաքացիների մուտքը Վրաստան, այն էլ առավելագույնը երեք ամսով, սակայն դրան պետք է հետևի կրկին կացության վկայականի ստացումը, որտեղ էլ կրկին երևում են Վրաստանի անվտանգության մարմինների գայլի ականջները և քաղաքացիները կրկին բախվում են մերժման պատին:Լայն իմաստով այդ վիզան ավելորդ գլխացավանք է, եթե քաղաքացին չի ստանալու կացության իրավունք: Ավելին, եթե Վրաստանը վիզայի միջոցով թույլատրելու է այդ քաղաքացիների մուտքը երկիր և դրա հենքի վրա տալու է կացության իրավունք, ապա ինչու՞ է ամիսներ շարունակ, երբ վերջիններս դեռ դերասաներումՎրաստանում գտնվելու իրավունք ունեին, մերժել այդ մարդկանց տալու կացության իրավունքի վկայականներ: Ահա հարցերի մի շարան, որտեղ բացակայում է տարրական տրամաբանությունը:

Մեծարգո պարոն վարչապետ

Գ. Սահակյանի այցի ընթացքում Վրաստանի քաղաքացիություն չունեցող ջավախահայերին կացության իրավունքի տրամադրման չկարգավորված հարցը գնալով խորացավ, հասավ այնտեղ, որ արդեն մարդիկ զանգվածորեն լքելու են իրենց հարազատ ընտանիքները: Եթե Ձեր առաջիկա այցի ընթացքում ևս չկարգավորվի այն և այդ մարդիկ չստանան կացության իրավունքի վկայականներ, ապա հետագան անկանխատեսելի կդառնա բոլորիս, այդ թվում ՀՀ պետության համար: Այս վիճակը ուղղակիորեն հարվածում է բոլորի ընտանիքներին, և արդեն մարդիկ գյուղերով մեկնում են Ջավախքի շրջկենտրոններ՝ ի նշան բողոքի:

 

Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքի հայության առաջացրած վակուումը արագորեն լցվելու է թուրք-ադրբեջանցիներով, որի հետևանքները բոլորիս համար պարզ են:

 

Ջավախքի մի խումբ մտավորականներ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031