Իսկ գիտե՞ք, թե ովքեր են մեզանում ամենաանձեռնմխելի անձինք. բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահներն ու վարորդները։
Սա մի յուրահատուկ խավ է, որն այս տարիներին ձեւավորվել է մեզանում՝ իր շահերով, իր շրջապատով, ազդեցության իր դաշտով ու օրենքներով։ Հաճախ սրանց ազդեցությունը գրեթե չի զիջում «շեֆերի» ազդեցությանը։ Լավատեղյակները, օրինակ, պատմում են, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Վովայի Արշակի» առաջ դուռ է բացում։
Իսկ Հովիկ Արգամիչի Գոքորի դռանը մարզի բնակչությունն ուղղակի հերթ է կանգնում՝ խնդրելով լուծել այս կամ այն հարցը։ Սրանք տարիներ շարունակ ոչ միայն տարբեր հարցեր են լուծել, այլեւ մեծ փողերի հետ խաղացել, գողական ռազբորկաներ կարգավորել, ընտրական գործընթացներ կառավարել, մարդիկ նշանակել ու ազատել։ Բնականաբար՝ «շեֆերի» հովանու տակ եւ նրանց հավանությամբ։
Ինչո՞ւ պետք է Վովա Գասպարյանի թիկնազորի պետը ավտոմոյկա ու բիլիարդանոց ունենա, Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ հյուրանոցային համալիր ու ռեստորան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի տեղակալը Երեւանի «ամենապրեստիժնի» ու թանկ ակումբի տերը լինի, Գագիկ Ծառուկյանի թիկնապահի աղջիկը թիկնապահներով ման գա։
Կարդացեք նաև
Եվ վայն էկել տարել է այն լրատվամիջոցին, որը կհամարձակվի Հովիկի Գոքորի, Վովայի Արշակի, Գագոյի Էդոյի կամ Սերժի Վաչոյի մասին հոդված գրել։ Սրանց «շեֆերի» մասին անգամ գրել դեռ էլի քչից-շատից կարելի է, բայց նրանց համհարզների մասին՝ ոչ, քանզի սրանք այն կրիմինալն են, որոնք կարող են օրը ցերեկով տեռորի ենթարկել ցանկացած խմբագրի ու լրագրողի։ Կարող են կին լրագրողների մասին սեռական հայհոյանքներով քոմենթներ պատվիրել հոդվածների տակ, «դուրս գալ» նրանց հարազատների վրա, վարկաբեկիչ տեքստեր ու նկարներ տեղադրել համացանցում, սպառնալ, որ «պատի տակ կխփեն» եւ այլն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում