Դրամի փոխարժեքի հետ կատարվողը դուրս է եկել տրամաբանության եւ ՀՀ օրենսդրության շրջանակներից։ Այս պայմաններում հնարավոր չէ հաշվարկել, թե դրամի «հավասարակշռված փոխարժեքը» ավելի բա՞րձր է երեկ հաստատվածից, թե՞ ավելի ցածր։
Ամենեւին չի կարելի բացառել, որ եթե ՀՀ կենտրոնական բանկը վերջին շաբաթներին գործեր իրեն տրված լիազորությունների եւ տրամաբանության սահմաններում, այսօր դրամի փոխարժեքը կլիներ շատ ավելի ցածր, քան կա։
Ուսումնասիրելով ԿԲ-ի պահվածքը վերջին շաբաթներին՝ կարելի է պնդել, որ այդ կառույցը արեց ամեն ինչ, որպեսզի դրամը արժեզրկվի։ Նախ՝ նոյեմբերի սկզբին ԿԲ-ն որոշել էր, որ դրամը չպետք է արժեզրկվի ու չպետք է հատի մեկ դոլարը – 415 դրամ փոխարժեքը։ Ու այդ նպատակին հասնելու համար սկսեց տասնյակ միլիոններով արտարժութային ինտերվենցիաներ անել։ Չօգնեց։ Դրամը շարունակում էր արժեզրկվել։ Անիմաստ նպատակադրումները եւ դրամի շարունակական արժեզրկումը անվստահություն առաջացրեցին ԿԲ-ի նկատմամբ, ֆինանսական շուկայի մասնակիցները զգացին, որ իրավիճակը դուրս է գալիս ԿԲ-ի վերահսկողությունից եւ դա աժիոտաժային պահանջարկ առաջացրեց դոլարի նկատմամբ, ինչը է՛լ ավելի խթանեց դրամի արժեզրկումը։ Նոյեմբերի վերջից ԿԲ-ն անցավ այլ «նոր մոտեցման» կամ իսկական տեռորի՝ բանկերին արգելեց դոլար վաճառել, խիստ սահմանափակեց դոլարային գործարքները, կտրուկ դադարեցրեց ինտերվենցիաները, եւ սա աժիոտաժի նոր ալիք բարձրացրեց ու էլ ավելի արժեզրկեց դրամը։
Հիմա ԿԲ-ն «նոր մոտեցում է» որդեգրել՝ աճուրդով դոլար է վաճառում։ Ո՞ւմ է վաճառում, որտե՞ղ, ովքե՞ր են մասնակցում այդ աճուրդներին, ինչպե՞ս է որոշվում, թե տվյալ օրը որքան դոլար պետք է հանվի աճուրդի… Այս հարցերի պատասխաններն անհայտ են։ Խնդիրն այն է, որ Հայաստանում արդեն կա այն հարթակը, որտեղ աճուրդով դոլար են վաճառում եւ դա կոչվում է ֆոնդային բորսա՝ «Նասդաք ՕԷՄԷՔԱ Արմենիա»։ Ինչո՞ւ է ԿԲ-ն հրաժարվել այդ հարթակից եւ մի անհայտ վայրում անհայտ մասնակիցների շրջանում աճուրդներ է անցկացնում։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում