Ժողովրդական շարժմանը միացածների, մասնավորապես, ազատամարտիկների, «Ժառանգության» բարձրաձայնած դժգոհությունները լիբերալների ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը չի կիսում։ 2008 թվականի համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած եւ ՀԱԿ նախկին դաշինքի անդամ Հովհաննիսյանը, ավելին՝ վստահեցնում է, որ միայն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հավատով է միացել շարժմանը, եւ եթե նա չլիներ, չէր միանա։
– Պարոն Հովհաննիսյան, Ձեր քաղաքական հարուստ կենսափորձն ի՞նչ է հուշում, այս շարժումը հաջողություն ունենալո՞ւ է, եւ կոնկրետ ինչո՞ւ միացաք Գագիկ Ծառուկյանին։
– Առաջին տարին չէ, որ ես քաղաքականության մեջ եմ, գոնե վերջին 10-12 տարիները իմ ընդդիմադիր գործունեությունը՝ քաղաքական, բոլորն են տեսել, եւ ես, իսկապես բավական խորը անալիզ անելով, եկա եզրակացության, որ
իսկապես այս նոր ձեւավորվող համաժողովրդական շարժումն իրականում երկրում կարող է հանգեցնել լուրջ համակարգային փոփոխությունների, եւ այդ համոզմունքով միացա համաժողովրդական շարժմանը։ Ես բավական երկար եմ ճանաչում եւ Գագիկ Ծառուկյանին, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Եվ կարծում եմ, որ այն գործընթացները, որոնք երկրում տեղի են ունենում, բոլորին պիտի ստիպեն, բոլորը պետք է հասկանան, որ այսպես շարունակել հնարավոր չէ։
Կարդացեք նաև
Իսկ դրա համար պետք է համաժողովրդական շարժումն իսկապես զարգանա, թափ հավաքի, քաղաքական էլիտան պետք է փոխվի, այս քաղաքական էլիտայից արդեն հոգնել են, որովհետեւ նրանք ցույց տվեցին, որ սնանկ են եւ երկրում ոչ մի լուրջ փոփոխություններ անելու ունակ չեն. նրանք կորցրել են իրենց իմունիտետը։
– Պարոն Հովհաննիսյան, փաստը, որ շարժման լոկոմոտիվը ԲՀԿ-ն է, որը համարվում է իշխանության հենասյուներից մեկը, Ձեզ մոտ թերահավատություն չի՞ առաջացնում շարժման ակնկալիքների առումով։
– Ես այդ շարժմանը միացել եմ նրա համար, որ ամենամեծ վստահությունն ունեմ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Եթե Գագիկ Ծառուկյանը չլիներ, ես շարժման մեջ չէի մտնի։ Հավատացեք՝ ես շատ մեծ վստահություն եւ հավատ ունենալով, որովհետեւ խնդիրները, որոնք Գագիկ Ծառուկյանն իր առաջ դրել է, լուծվող խնդիրներ են, իսկ նա էլ մինչեւ վերջ գնալու է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում