Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոետ, թարգմանիչ եւ քաղաքացի. ՄԱՐԴ` մեծատառով

Դեկտեմբեր 09,2014 12:00

Կտրուկ, իր տողի նման անսպասելի, առանց զգուշացման, առանց հրաժեշտի թողեց ու անմահների գիրկը համբառնեց Սամվել Մկրտչյանը: Ազնվաբարո մի մարդ, ով իր վրա էր կրում Արարչի շնորհը, Արարչի մատների Սուրբ դրոշմը: Մեզ մտերմացնող կամուրջը կազմել են կենդանի եւ երկնաբնակ գրչակից մեր այն եղբայրները, ովքեր իրենց գրիչը աճուրդի չեն դրել: Նույնն էին մեր անհանգստություններն ու մտորումները` առ մեր երկիր, եւ մեր սերը` առ համաշխարհային գրականություն, որի գոհարներից այդպես նվիրական ոսկեղենիկ հայերենի էր վերածում գրի խոնարհ ու համեստ մշակ Սամվել Մկրտչյանը` լուսավորելով 21-րդ դարասկզբին դեպի խավարը գահավիժող մեր ներկան, արյամբ ու գաղափարո՛վ իմ եղբայրը, որին փաստորեն չբարձրաձայնեցի այս խոսքերը, բայց վստահ եմ, որ հիմա նա լսում է ինձ` որպես հավերժի ճանապարհի վկա ու գալիք լուսապայծառ օրերի երաշխավոր, որպես բարեխոս երկնքում` մեր բազում մեղքերի թողության համար…

Կորուստը ծանր է, ափսոսանքը` մեծ, բայց եւ մխիթարանքն է շատ. վկան` նրա թողած գրական ժառանգությունը, վկան` նրա քաղաքացիական պահվածքը, նրա ողնաշարի ասպետական կեցությունը, որ կոտրատվող ու ճկվող, անողնաշար շքերթի մեջ շռնդալից նշանակետ ու բարի եւ անկաշառ օրինակ պետք է լինի` մշակույթի դուռը թակող այսօրվա ու վաղվա սերունդների համար…

Գրչեղբայրդ`
ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Հ.Գ. Հետո ինձ զանգեց Համո Մաթեւոսյանը՝ Ահնիձորից, եւ ձայներանգի թախիծը պահ տալով Մոտկորի անտառների թանձր մշուշներին` տագնապալից հարցրեց, թե ճի՞շտ է, արդյոք, Հրանտ Մաթեւոսյանի կրտսեր գրչեղբոր` Սամվել Մկրտչյանի մասին լուրը…
-Ո՛չ,- ասացի,- Համո՛, լուսարար մարդը երբեք չի մեռնում, հենց դրա համար ենք երախտապարտ մեր ազնվազարմ նախնյաց, որ 301 թվականը մեզ համար դարձրին հավերժության թվական, մեզ էլ` հավերժի ճամփորդներ: Այսքանը: Իսկ պոետ, թարգմանիչ եւ մեծատառով ՄԱՐԴ Սամվել Մկրտչյանը գնաց` համալրելու մեզ ու մեր երկիրը պահպանող հրեշտակների բանակը:

«Առավոտ» օրաթերթ
9.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031