Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ կհագնի սպիտակ շորերը

Դեկտեմբեր 09,2014 10:00

1980-ականների վերջին, երբ «վերակառուցումն» ու «անցյալի վերագնահատման» փորձերը արդեն որոշակիորեն մտել էին փակուղի, հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին իր հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք էր արտահայտել. «Անցյալում մենք միայն արմատավորում ենք առկա նախապաշարմունքները: Իսկ ապագան մենք պատկերացնում ենք որպես սրիկաների, տհասների, զոմբիների հրաշալի փոխակերպում պայծառ, սպիտակ շորերով էակների: Բայց որտեղի՞ց են նրանք ի հայտ գալու»:

Խորը միտք է՝ ոչ միայն այն մասին, որ նման հրաշալի փոխակերպումներ հնարավոր չեն, այլեւ ներկայի եւ անցյալի փոխկապակցվածության մասին: Մի կողմից՝ մենք ասում ենք՝ «այն ժամանակ այդպես էր պետք՝ ուրիշ ճար չկար»՝ լինի դա Անաստաս Միկոյանի գործունեությունը, 1990-ականների ընթացքում Հայաստանում եւ Ղարաբաղում կատարված բազմաթիվ աղմկահարույց եւ «չբացահայտված» սպանությունները, թե «նախա-ԵՏՄ-ի» պայմանագիրը: Այդպիսի ժամանակներ էին՝ ասում ենք, եւ պետական բարձր շահերը այդպիսի դաժան գործողություններ էին պահանջում: Գուցե 10 տարի անց «մարտի 1-ին» է՞լ այդպիսի գնահատական տրվի: Առայժմ մենք խոսում ենք «հոկտեմբերի 27»-ի եւ «մարտի 1-ի» մասին, բայց արդեն չենք հիշում Համբարձում Ղանդիլյանի, Արթուր Մկրտչյանի կամ Վահրամ Խոռխոռունու սպանությունները: Ուրեմն կարելի է այդ բոլոր հանցագործությունները վերագրել «դաժան ժամանակների» անխուսափելի երեւույթներին:
Մյուս կողմից էլ՝ հենց որ մեր կյանքում ինչ-որ մի այլանդակ երեւույթի ենք հանդիպում, ասում ենք՝ «այդ հոգեբանությունը դեռ Սովետից է գալիս», կամ՝ «դե, ինչ եք ուզում՝ դարերով պետականություն չունեցող ազգ ենք»: Հենց որ մեկը գալիս է իշխանության, սկսում է «լաց լինել»՝ «ա՛խ, ինչ ծանր ժառանգություն եմ ես ստացել»: Այսպիսով՝ մենք արդարացնում ենք թե՛ մեր նախորդ սխալները («այդպես էր պետք») եւ թե՛ այսօր սխալներ գործելու իրավունքը («անիծյալ անցյալի բծերը»): Այդպիսի բեռով մենք պատրաստվում ենք կերտել մեր «պայծառ ապագան»՝ սպիտակ շորերով, պայծառ էակներով:

Ասելով «մենք»՝ ուզում եմ շեշտել բոլորիս պատասխանատվությունը: Երբ մարդիկ այդ դերանունը փոխարինում եմ երրորդ դեմքի` «նրանք» դերանունով, ստացվում է այն իրավիճակը, որը կա. «նրանք» սրիկայություններ են գործել կամ գործում են, իսկ «մենք» ինչ արել ենք կամ անում ենք, գործել եւ գործում ենք բացառապես պետական շահերից ելնելով, չնայած, իհարկե, ստիպված ենք լինում դաժան լինել եւ օրենքը շրջանցել: Դա սխալ մոտեցում է՝ դատիր ինքդ քեզ նույն սկզբունքներով, որոնցով դու դատում ես եղբորդ:

…Մի եղբոր պատմություն: Ալբերտ Գյորինգը՝ նացիստների պարագլուխներից մեկի՝ Հերման Գյորինգի հարազատ եղբայրը, ֆաշիզմի տարիներին, օգտագործելով իր կապերը, համակենտրոնացման ճամբարներից փրկել է հարյուրավոր մարդկանց՝ հակադրվում էր «բարձր պետական շահերին»: Պատերազմից հետո երկու տարով ազատազրկվել էր: Այնուհետեւ ապրել էր աղքատության մեջ, արհամարհված, հասարակության կողմից մերժված՝ որպես հանցագործի եղբայր: Սպիտակ շորեր չէր հագել, բայց մեղքի տակ էլ չէր ընկել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Որպես ինքնաքննադատություն և սեփական մեղքերի թողության խնդրանք՝ կընդունվի, բայց հասաարակական առաջընթացի համար՝ պիտանի չի։

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Ասելով «մենք»՝ ուզում եմ շեշտել բոլորիս պատասխանատվությունը: ==
    Առաջին հայացքից թվում է, մեծահոգի, հումանիստական և դեպի ապագան միտված միտք է, և հենց այս մտքի տիրաժավորումից պետք է, որ կախված լիներ մեր բոլորիս լուսավոր և պայծառ ապագան: Իրականում սա փակուղի, ավելի ճիշտ՝ փակ շրջան տանող մոտեցում է: Փորձենք տրամաբանել. Եթե որևէ մեկը հանցագործություն է կատարում, իսկ պատասխանատուն բոլորս ենք, ուրեմն բոլորս էլ մեղավոր ենք: Եթե բոլորն են նույն բանն անում, ուրեմն ձևն է էդպես, որից հետևում է, որ ոչ մեկն էլ մեղավոր չէ, ընդ որում՝ ի սկզբանե մեղավոր չէ: Վերադառնանք նյութական կյանք. Երբ Մհեր Սեդրակյանը սպառնում է լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը ՛՛պոկել՛՛, իսկույն հայտնվում են մի խումբ ՀՀԿ-ական ՛՛հումանիստներ՛՛, որոնք հանրայնորեն ներողություն են խնդրում, և հորդորում լրագրողին՝ իրավիճակը ՛՛չբարդացնել՛՛: Իսկ երբ Սերժ Սարգսյանն է Սյունիքի մարզպետ է վերանշանակել տալիս Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ ՀՀԿ-ական ՛՛հումանիստները՛՛ չեն կարողանում ՛՛ծպտուն՛՛ հանել, / բացի մի քանի անկապ մտքից /, սակայն առաջ է գալիս Արամ Աբրահամյանը և ներողություն խնդրում հանրությունից, որ չի կարողացել խոչընդոտել այդ վերանշանակմանը: Հնարավոր է, որ շատ ընթեցողներ այդ պահին թաշկինակները տարել են իրենց կարմրած աչքերը, սակայն պիտի խաստովանեմ, որ այն ինձ մոտ բացի դառը քմծիծաղից ոչինչ չառաջացրեց:
    1995 և 1996 թվականների ընտրությունների շրջանում ահավոր վրդովված էի ՀՀՇ-ի և հատկապես Տեր-Պետրոսյանի դեմ, սակայն գտնում եմ, որ վերջին հանրահավաքում նրա արտասանած հետևյալ միտքը.՛՛Եթե գող են` ասելու ենք գող, եթե կաշառակեր են` ասելու ենք կաշառակեր, եթե մարդասպան են` ասելու ենք մարդասպան, եթե տգետ են` ասելու ենք տգետ, եթե ամբարտավան են` ասելու ենք ամբարտավան, եթե ստախոս են` ասելու ենք ստախոս եւ այլն՛՛ կարող է մաքրել հասարակությունը տասնամյակների կեղտից, իսկ մնացյալը երեսպաշտություն է…

  3. david says:

    Ալբերտ Գերինգը ֆաշիզմից փրկում էր ազգակիցներին:Հայկական գնդակահարությունների հեղինակները հայերն էին:Նույնիսկ ֆաշիստներն իրար չեն գնդակահարել:
    Համակենտրոնացման ճամբար այցելելը և հարգանքի ձև մատուցելը չի խոսում ֆաշիստական խունտայի պարագլուխ չլինելու մասին:Խավարի մեջ խարխափողին ինչ է տալու Լույսի`Գերինգի փիլիսոփայությունը:Ոչ ֆաշիզմին և արագ:Ահա հարցերի հարցը:

  4. Կարո Մելիքյան says:

    Նախ, սկսած 1998 թվականից հետո, մեզ մոտ «դեֆակտո» իշխանափոխություն տեղի չի ունեցել, որպեսզի հոկտեմբերի 27-ի հետ կապված,որեւե նոր վարկածներ ի հայտ գային,որին ավելացավ նաեւ մարտի 1-ը,նույների հովանավորությամբ։ Իսկ մինչ 1998 թ սպանությունների մասով. քանի,որ իշխանական դերակատարները փոխվեցին,բայց ոչ «սպիտակ շորերով էակներ» եւ առանց «լուսապսակների», գտան մեկին՝ ի դեմս Վ.Սիրադեղյանի,որին դարձրին քավության նոխազ։
    Այս տրագիկոմեդիան, հավակնում է վերածվել սերիալների՝իր բոլոր տխուր եւ ծիծաղելի սցենարներով,եթե իշխանափոխություն կոչվածը նախագծված է վերեւներում, իսկ ինչ մնում է, մեղքը՝մեկը մյուսի վրա բարձելուն,դա պարզապես «ռեժիսյորը» անտեսել է,թողնելով դերակատարների ինքնագործունեությանը,մտքի պայծառափայլությանը եւ լեզվի ճարտարությանը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031