Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնն այսօր ամփոփեց արդյունքները: Սեպտեմբերի 1-ից մեկնարկած երգի փառատոնի շրջանակներում Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվեցին ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրեր, ռուսական երգի լավագույն կատարման և ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթներ:
«Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի արդյունքներն ամփոփվեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ գալա համերգով և փառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությամբ։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլնիկինը:
«Այս փառատոնի մասնակիցները հազարավոր աշակերտներ են: Նրանց հետ միասին մասնակցել են նաև իրենց ուսուցիչներն ու ծնողները: Ինչ-որ տեղ մենք բոլորս առնչվում ենք Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը բոլոր առումներով մեր գործընկերներից մեկն է, և այնտեղ ապրում են մեծ թվով հայեր»,- իր խոսքում նշեց Արա Աբրահամյանը:
Կարդացեք նաև
«Այս փառատոնը ցույց տվեց, թե Հայաստանում որքան հրաշալի և տաղանդավոր երեխաներ կան: Նրանք այս ընթացքում երգեցին, շարադրություններ գրեցին, մասնակցեցին տարաբնույթ մրցույթների, խաղերի՝ հետաքրքրություն ցուցաբերելով Ռուսաստանի և ռուսաց լեզվի նկատմամբ: Այս փառատոնն ինքնին մեծ իրադարձություն է և նշանակալից երկկողմ հարաբերությունների առումով»,- ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը՝ հույս հայտնելով, որ փառատոնը շարունակական բնույթ կկրի:
Արա Աբրահամյանը, Իվան Վոլինկինը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մրցանակներ հանձնեցին երգի և շարադրությունների մրցույթի դափնեկիրներին: Այնուհետև մասնակիցները հանդես եկան իրենց կատարումներով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում կայացած հանրապետական փուլի ամփոփիչ համերգի 90 մասնակիցներից փառատոնի դափնեկիրների կոչմանն արժանացել էին 19-ը, որոնք էլ իրավունք էին ստացել մասնակցելու գալա-համերգին: Եվս տասը մասնակիցներ խրախուսական մրցանակներ էին ստացել:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ