«Արմենտել» ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ պատրաստվում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը պաշտպանելու նպատակով մի քանի լրատվամիջոցների դեմ հայց ներկայացնել, որոնք ըստ նրա՝ ձգտում են վարկաբեկել անձամբ իրեն եւ 2009-2013 թթ ընկած ժամանակահատվածում «Արմենտել» ընկերությունում աշխատած մի քանի ռուս աշխատակիցների: Նա համարում է, որ այդ ամենը նպատակ ունի բացասական հասարակական կարծիք ձեւավորել եւ ստեղծել «գողերի եւ թալանչիների» կերպար:
Հիշեցնենք՝ «Արմենտելի» նախկին տնօրենը կասկածվում է մի քանի միլիարդ դրամ ֆինանսական չարաշահումների մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Aravot.am-ը այս առնչությամբ զրուցեց Իգոր Կլիմկոյի գործը լուսաբանած լրատվամիջոցների լրագրողների հետ: «Ժողովուրդ» թերթի լրագրող Քնար Մանուկյանը մեզ հայտնեց, որ խմբագրությունը նորմալ է գնահատում Իգոր Կլիմկոյի այս հայտարարությունը: Նա հավելեց, որ ողջունելի քայլ է, որ ցույց է տալիս, որ Կլիմկոն այդ գործում նույնպես շահագրգռված է. «Մամուլը համարում է, որ յուրացումներ են եղել «Արմենտել»-ում, եթե մամուլը շահագրգռված է դրա բացահայտմամբ, շատ նորմալ է: Նրա վերաբերմունքն էլ է նորմալ, որովհետեւ այս դեպքում մեղադրվող կողմն է: Կարծում ենք՝ դատի տալը կնպաստի այդ ամենի վրա լույս սփռելուն: Եթե իրականում ինքն անմեղ է եւ այդ յուրացումները չեն եղել, ուրեմն՝ շատ նորմալ է»:
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ Իգոր Կլիմկոյի հայտարարության մեջ ոչ մի կոնկրետություն չկա, թե որ լրատվամիջոցների աշխատանքը ի նկատի ունի: Այնուամենայնիվ, նա համարում է, որ Իգոր Կլիմկոն որեւէ լրատվամիջոցի դեմ դատական հայց չի կներկայացնի. «Որքան ինձ է հայտնի, դա շատ մութ պատմություն է, որի մեջ Կլիմկոյի դերն ու նշանակությունը չափազանց փոքր է: Այդ գործում ներգրավված են ՀՀ իշխանության ներկայացուցիչներ նաեւ իրավապահ մարմիններից, եւ այդ պատճառով համոզված եմ, որ այդ գործը գոնե առաջիկայում ամբողջությամբ չի բացահայտվելու: Չեմ կարծում, որ այս գործի շրջանակներում որեւէ լրատվամիջոցի դեմ դատական հայց կներկայացվի, որովհետեւ այս գործի շուրջ աղմուկը ձեռնտու չէ ոչ ոքի: Բայց ոչինչ բացառել չեմ կարող: Շատ քիչ հավանական է, բայց չի կարելի բացառել նաեւ, որ մի օր Կլիմկոն պատմի գործի բոլոր մանրամասները: Ահա այդ ժամանակ պարզ կդառնա այս գործի հետ կապված հրապարակումները որքանով էին համապատասխանում իրականության, որքանով` ոչ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ